ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին: Նրա հետ զրույցում անդրադարձել ենք վերջին ներքաղաքական իրադարձություններին եւ սահմանային հարցերին: Վերջինս հայտնեց, թե երկու խորհրդարանական ընդդիմադիր դաշինքները՝ «Հայաստանը» եւ «Պատիվ ունեմ»-ը, առաջադրելու են ԱԺ փոխնախագահի մեկ թեկնածու, այսինքն՝ միասնական որոշման են եկել: Ինչպես հայտնի է, ընդդիմադիր խորհրդարանում ունենում են ԱԺ փոխնախագահի հաստիք՝ ընտրությամբ, եւ, ահա, երկու ուժերը որոշում են կայացրել:
-«Հայաստան» դաշինքն առանց որեւէ միջոցառման մասնակցելու վերցրել է մանդատներն ու որոշել՝ պետք է գնա խորհրդարան: Նախ շատ քննադատվեց այն հարցը, թե ինչու է «Հայաստան» դաշինքը վերցնում պատգամավորական մանդատը, պետք է բոյկոտեր ու չընդուներ: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը: Ինչո՞ւ մեծ միջոցառում չկազմակերպեց, ու որոշեցիք այս ձեւաչաձով մանդատները վերցնել:
-Սկզբնական շրջանում մենք քննարկում էինք չվերցնելու հնարավորությունը, բայց եկել ենք այն եզրակացության, որ մեզ քվեարկել է շուրջ 270 հազար քաղաքացի, մեզանից ունեն ակնկալիքներ ու պահանջներ, եւ մենք այդ մանդատները դիտարկում ենք մեր պայքարին նոր ուժ եւ թափ տալու հնարավորություն: Եվ այդ հնարավորությունը ծառայելու է մեր հայտարարած նպատակին: Մեր քաղաքացիները մեր կատարած գործունեությամբ դա կտեսնեն: Ինչ վերաբերում է հատուկ պաշտոնական արարաղությամբ մանդատները վերցնելուն, կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում լավագույն ձեւը սա էր: Նման արարողության կարիք չկար:
-Ինչպե՞ս եք խորհրդարանում պայքարելու: Ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքն այս իշխանության հետ, քանի որ փողոցում ու ամենուր պայքարեցիք՝ փորձելով հեռացնել այս իշխանություննրին: Հիմա ի՞նչ եք անելու խորհրդարանում, որ այս իշխանությունը չմնա ղեկին:
-Հիմա էլ ենք ասում, մեր գնահատումների մեջ որեւէ բան չի փոխվել: Պայքարը փողոցից տեղափոխվում է նաեւ խորհրդարան: Օգտվելով խորհրդարանի ընձեռած ամբողջ գործիքակազմից՝ ամբողջ ուժերով եւ թափով պայքարելու ենք: Այնուհետեւ օգտվելու ենք այն բոլոր հնարավորություններից, որն ունի խորհրդարանական ընդդիմությունը՝ սկսած քննիչ հանձնաժողովներ ստեղծելուց, հարցապնդումներ անելուց, մի խոսքով, ինչ գործիքակազմ կա, օգտագործելու ենք: Դուք խորհրդարանում տեսնելու եք նոր որակի ընդդիմություն:
-Դուք ձեր օրակարգում մտցնելո՞ւ եք իշխանափոխության հարց: Այսինքն՝ շարունակելո՞ւ եք պնդել, որ այս իշխանությունը պետք է հեռանա: Հնարավո՞ր է այլ ձեւաչափեր գտնեք, օրինակ՝ վարչապետի հետ կապված այլ օրակարգ ներկայացնեք:
-Մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանությունը սպառնալիք է մեր պետականության համար: Ես երբ ասում եմ, որ մեր գնահատականների մեջ ոչինչ չի փոխվել, դա նկատի ունեմ: Հետեւաբար մեր քայլերն ու գործողությունները բխելու են նաեւ այդ մեկնակետից:
-Դուք մի անգամ հայտարարեցիք, որ օր ու արեւ չեք տալու այս իշխանությանը: Դուք գնում եք, որ իրենց թույլ չտաք՝ իրենց աշխատանքներն ընթանան: Նշեցիք, որ այլ ընդդիմություն եք լինելու: Օր ու արեւն ինչի՞ն է վերաբերում:
-Նախ ժամանակն ամեն մեկին իր տեղը կդնի: Մենք այդ ժամանակը մոտեցնում ենք: Ամեն մեկն իր ասածների համար պետք է պատասխան տա՝ թե՛ քաղաքական, թե՛ անձնական: Իսկ ինչ վերաբերում է օր ու արեւ չտալուն, հույս ունեմ, որ շատերը ուղիղ իմաստով չեն հասկացել: Մենք ասել ենք, որ խորհրդարանում լինելու է պայքարող, աննահանջ, արմատական ընդդիմություն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԼՀԿ-Ի ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդեն վերջնական որոշում է կայացվել, եւ խորհրդարանում «Պատիվ ունեմ» դաշինքին բաժին կհասնի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների աշխատասենյակները: Դրանք գտնվում են առաջին հարկում: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ աշխատակազմը ընդդիմադիր երկրորդ ուժին՝ «Հայաստան» դաշինքին տրամադրելու է խորհրդարանի այն հատվածը, որը երկար տարիներ եղել է ԲՀԿ-ինը, եւ այժմ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում կլինի Սեյրան Օհանյանը: Եվ քանի որ նրանք ունեն 29 մանդատ, կհասկանան՝ այդքանը բավարար է, թե ոչ, եւ հետո միայն կհասկանան, թե ով որ աշխատասենյակում պետք է նստի:
ԱՆԿՈՒՄ Է ԳՐԱՆՑԵԼ
Հայաստանի վիճակագրական կոմիտեն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում լուրջ անկում է գրանցել: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա հունիսին, մայիսի հետ համեմատ, 8.2 տոկոսով նվազել են: Ըստ մասնագետների՝ տնտեսական աճը, ներդրումները, արդյունաբերության զարգացումը չի կարող ուղղորդվել էլեկտրաէներգիայի սպառման անկումով: Ի դեպ, նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալները պակասել են 0.9 տոկոսով:
ԿՈՉ՝ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում ամերիկացիներին վերանայել Հայաստան եւ Արցախ մեկնելու իրենց ծրագրերը։ Պատճառը COVID-19 լայն տարածումն է Հայաստանում։ Ինչպես նշված է Պետքարտուղարության կայքում, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը բարձրացրել է Հայաստանում վարակվելու ռիսկի աստիճանը։ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաեւ խորհուրդ չի տալիս ամերիկացիներին այցելել Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում հնչող պարբերաբար կրակոցները մարդկանց զոհվելու եւ վիրավորվելու պատճառ են դառնում։ «Խուսափե՛ք շփման գծի եւ հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտով անցնող ճանապարհներից», – նշված է հաղորդագրության մեջ։
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Օգոստոսի 2-ին նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, կքննարկվի Կառավարության կողմից ներկայացված Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը:
Օրակարգին կից նախագիծը դեռեւս ԱԺ կայքում տեղադրված չէ։ Այդ օրը խորհրդարանում պետք է ընտրեն հաշվիչ հանձնաժողով, ԱԺ նախագահ, փոխնախագահներ եւ հանձնաժողովների նախագահներ: Եվ չնայած կառավարության կառուցվածքի մասին նախագիծը դեռ ԱԺ կայքում առկա չէ, սակայն հնարավոր փոփոխությունների մասին արդեն տեղեկություններ են հայտնի: Օրինակ e-draft հավելվածում կա մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որը կունենա նաեւ նախաքննություն իրականացնելու իրավունք։
Ըստ նախագծի՝ Ներքին գործերի նախարարության ենթակա մարմիններն են լինելու ոստիկանությունը, ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաեւ ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ Ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման եւ իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։ Նախագծով առաջարկվում է ճանապարհատրանսպորտային հանցագործություններով նախաքննության իրականացնելու լիազորությունը հանձնել Քննչական դեպարտամենտին։ Նշենք, որ նախագիծը դեռեւս պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը, եւ ArmLur.am-ը գրել էր, որ ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում կնշանակվի Հակոբ Սիմիդյանը: Բացի այդ, մյուս փոփոխությունը վերաբերելու է արդեն փոխվարչապետի ենթակայության տակ գտնվող ոլորտներին: Բանն այն է, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ, եւ այդ պարագայում նախարարությանը ենթակա գրեթե բոլոր ոլորտները հանվելու են նախարարության կառուցվածքից եւ տեղափոխվելու են հենց փոխվարչապետի ենթակայության տակ։ Նրան կենթարկվեն անգամ մարզպետները եւ մյուս կառույցները: