ԽՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ՈՒ ԵԼՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանն ահազանգեց Ազգային ժողովում սպասվող փոփոխությունների մասին, որն առաջին հերթին նպատակ ունի խոչընդոտել լրագրողների աշխատանքը:

 

Թովմասյանը մասնավորապես գրել է. «Լրագրողի ազատությունը անհրաժեշտություն է եւ ոչ երբեք՝ գլխացավանք:

Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, ինձ տեղեկություն հասավ այն մասին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։ Խիստ անընդունելի եմ համարում լրագրողների նկատմամբ նման գործելաոճը:

Հատկապես երկրի օրենսդիր մարմնում, հանրային գործունեությամբ զբաղվող պատգամավորների հետ աշխատանքը զգալի դերակատարություն ունի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաների հաշվետվողականության, պատգամավորական գործունեության հրապարակայնացման գործում։

Եվ պետք է արձանագրենք, որ այդքան կարեւոր լրագրող-պատգամավոր ազատ, անսահմանափակ կապի խաթարումը խիստ բացասական հետեւանքներ է ունենալու խորհրդարանական երկրի համար, որի օրենսդիր մարմնում լրագրողները ավանդաբար ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք եւ կարողացել օգտագործել այդ հնարավորությունը հանրային շահերի պաշտպանության կարեւոր գործում։

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ արդեն դիմել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ խնդրելով տեղեկատվություն ստորեւ նշված հարցերի վերաբերյալ.

  1. Արդյոք խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում կայացվե՞լ է եւ ի՞նչ հիմնավորմամբ։
  2. Ինչո՞ւ են լրագրողները գտնվելու հատուկ սենյակում, եւ ինչո՞ւ է սահմանափակվելու նրանց տեղաշարժը Ազգային ժողովում։
  3. Ինչո՞ւ է սահմանափակվում լրագրող-պատգամավոր կապը։ Այդ կապն ավանդաբար եղել է ազատ, լրագրողները խորհրդարանում ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք, իսկ հիմա այդ կարեւորագույն կապը խաթարվում է, եւ լրագրողների տեղաշարժը՝ սահմանափակվում։
  4. Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում։

Հուսամ՝ պատասխանը շուտ կստանամ, եւ կպարզենք՝ ինչու են լրագրողերի նկատմամբ սահմանափակումներ կիրառվում՝ խախտելով խորհրդարանի ձեւավորման օրվանից գործող ավանդույթները»:

Հավելենք, որ սահմանափակումներն իրոք բազմաթիվ են լինելու. առաջին հերթին նպատակ է առկա, որ լրագրողները հնարավորություն չունենան շրջել միջանցքներում եւ իրենց ցանկացած պահի մոտենալ պատգամավորներին: Նրանք լինելու են առաջին հարկում հատուկ հատկացված տարածքում, այնտեղից հետեւեն նիստերի աշխատանքներին եւ անհրաժեշտության պարագայում, հենց պատգամավորները կջնեն նրանց մոտ, ինչը անտրամաբանական է եւ վստահություն չներշնչող:

Դեռեւս հուլիսի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հայրենի իշխանությունը նպատակ է դրել խստացնել խորհրդարանում մուտքն ու ելքը, ինչպես նաեւ պատգամավորների անվտանգությունը: Տեղեկացրել էինք նաեւ, որ իշխանությունները որոշել են Պետական պահպանության ծառայության միջոցով վերահսկել բոլոր այն անձանց մուտքը, որոնք իրավունք կունենան խորհրդարան մտնել:

Այնտեղ տեղադրվել են այն անվտանգության սարքերը, որոնք կստուգի նորընտիր պատգամավորներին, որից հետո նրանց թույլ կտա մտնել խորհրդարանի նիստերի դահլիճ: Խորհրդարանի նիստերի դահլիճը չորս մուտք ունի, ու այդ մուտքերի մոտ արդեն տեղադրված են ռենտգեն սարքերը, սեղան, որտեղ պետք է պատգամավորները դնեն իրենց իրերը, անցնեն սարքի միջով ու նոր անցնեն դահլիճ:

Հավելենք նաեւ, որ խորհրդարանում այս օրերին փոփոխվում էր հին մասնաշենքի ջեռուցման համակարգը, այստեղ պատերի վրա մեծ փոսեր են բացված, դեռեւս քանդված, կարճ ասած՝ վերանորոգման փուլում է խորհրդարանը: Օգոստոսի 2-ին կայանալիք 8-րդ գումարման առաջին նիստին դժվար թե հնարավոր լինի այդ «ռեմոնտային» իրավիճակը կարգի բերել, սենյակներում այդ անհուսալի վիճակը կարգավորել: Նորընտիր պատգամավորները, կարծես թե, ստիպված կլինեն հանդուրժել այն քանդված վիճակը, որն առկա է Ազգային ժողովում:

Ն.Հ.

 

ԲՈՂՈՔ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

ArmLur.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի պաշտպանը հայտնեց, որ վերջինիս խափանման միջոցը կալանավորում ընտրելու մասով ՀՀ վերաքննիչ դատարան բողոք են ներկայացնելու: Իսկ որտե՞ղ է մարզպետի որդին, եւ ո՞ւմ ցուցմունքի հիման վրա են նրա նկատմամբ կալանավորման որոշում կայացրել: 2 շաբաթ է, ինչ իրավապահները փնտրում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն, սակայն նա չկա ու չկա։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետի տուն են մտել եւ խուզարկել որդուն գտնելու նպատակով:

Խուզարկության պատճառը հուլիսի 15-ին հնչած կրակոցներն էին Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել: Կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, սակայն անցել է երկու շաբաթ, եւ իրավապահները դեռեւս որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել, փոխարենն ակտիվ կերպով կալանքի են տանում Սյունիքի տարբեր համայնքի ղեկավարներին կամ հաշվեհարդար տեսնում նախկին մարզպետի հարազատների հետ:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ

2021 թվականի խորհրդարանական ընտրություների արդյունքում հայտնաբերված խախտումների մասով դեռեւս շարունակվում է իրավապահների կողմից մեղադրանք առաջադրելու գործընթացը: Մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում Վանաձոր քաղաքի թիվ 23/29 ընտրատեղամասում իրեն պատկանող ՀՀ քաղաքացու անձնագրով ժամը 12:08-ին քվեարկել է, ապա նույն օրը՝ ժամը 19:53-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին փորձել է նույն անձնագրով գրանցվել քվեարկության համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել ընտրողների գրանցման սարքավորման կողմից կրկնակի գրանցման փորձն արձանագրելու պատճառով:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի աշխատակազմում կտրուկ փոփոխություններ են կատարվում: Մենք տեղեկացանք, որ ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը կազատվի աշխատանքից: Երբ Արարատ Միրզոյանը նշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, Հովհաննիսյանը աշխատանքի կանցնի հենց այնտեղ: Արդեն հայտնի է նաեւ, թե ով է փոխարինելու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանին: Որոշում է կայացվել այն վստահել Վահան Նարիբեկյանին, որը ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի մանկության ընկերն է: Արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում է գրել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը:

 

 

ԿԱՐԳԸ ԿԽՍՏԱՑՎԻ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նորընտիր ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ գլխավոր թեման եղել է նոր խմբակցության կանոնադրությունը, թե այսքանից հետո ինչպես պետք է իրենց խորհրդարանում պահեն նորընտիր պատգամավորները: Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկումը շատ թեժ է եղել, եւ երկու ժամվա մեջ քիչ հարցեր են կարողացել քննարկել: Այսպիսով, ակտիվ են եղել պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Մարիա Կարապետյանը եւ ասել են, որ հատուկ էթիկա է պետք մշակել եւ դրանով շարժվել: Ըստ այդ պատգամավորների՝ պետք է խիստ լինել այն պատգամավորների նկատմամբ, ովքեր կբացակայեն, քվեարկություններին չեն ներկայանա կամ չեն մասնակցի նախագծերի քննարկումներին, միգուցե անգամ նրանք տուգանվեն: Նաեւ ամբողջ խմբակցությունն այն տեսակետն է արտահայտել, որ  Ալեն Սիմոնյանը եթե դառնա ԱԺ նախագահ, պետք է ներկա լինի խմբակցության բոլոր նիստերին, այլ ոչ թե իրեն պահի Արարատ Միրզոյանի պես. նա հազվադեպ է մասնակցել նիստերին: Խմբակցության նիստի ժամանակ առաջարկներ են եղել, սակայն վերջնական որոշում չի կայացվել, եւ առաջիկայում կրկին նիստ կլինի:

 

 

ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿԵԼ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին:




Լրահոս