ՔՐԳՈՐԾԵՐ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները: 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նման 1 դեպք էր արձանագրվել: Նման տարբերությունը պայմանավորված է մարզի տարածքում ընտանեկան բռնությունների դեպքերից տուժած քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին դիմելու հարցում ցուցաբերվող ակտիվությամբ:

 

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2021թ. ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է 10 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 118-րդ հոդվածների, մեկ դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի եւ 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Օրինակ՝ մեկ դեպքում Ալավերդի քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ամուսինը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին եւ պատճառել մարմնական վնասվածքներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կինը տվել է հաղորդմանը նույնաբովանդակ բացատրություն՝ հավելելով, որ ամուսինը նախկինում նույնպես իր նկատմամբ գործադրել է բռնություն, սակայն հաշտվել է նրա հետ եւ որեւէ բողոք, պահանջ չի ներկայացնում: Ամուսինն իր բացատրությամբ չի հերքել, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իրենց բնակարանում ծեծի է ենթարկել կնոջը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մարմնական վնասվածքները առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ամուսինը կնոջը ծեծի ենթարկելու համար 2020թ. հունիսի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության աոաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ դատապարտվել է 40000 ՀՀ դրամ տուգանքի: Սակայն հաջորդ իսկ օրը՝ 2020թ. հունիսի 2-ին, վերջինս կրկին ծեծի է ենթարկել կնոջը, որի վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Նյութերում առկա փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում, գնահատելով, որ իր անօգնական վիճակի փաստի ուժով կինը չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը, նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ: Կամ մեկ այլ դեպքում Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղի շենքերից մեկի բնակիչը ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։00֊ի սահմաններում, որդին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում բնակարանում դանակով հարվածներ է հասցրել իր դեմքի եւ գլխի շրջաններում ու պատճառել մարմնական վնասվածքներ։ Որդին իր բացատրությամբ չի հերքել, որ վիճաբանել է հոր հետ եւ դրա ընթացքում սեղանի վրայից վերցրած խոհանոցային դանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է նրա գլխի շրջանին։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքների մի մասը հասցվել են սուր կտրող գործիքի (դանակի) ներգործությունների հետեւանքով, իսկ մի մասը՝ բութ, կոշտ առարկաների հատվածների կամ գործիքների՝ այդ թվում նաեւ կարող էին առաջանալ դանակի բութ հատվածների հետեւանքով։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անձը մինչեւ վերոհիշյալ դեպքը կրկին վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում ձեռքին գտնվող երկաթյա հարթաշուրթով հարվածել է նրա գլխին, որի վերաբերյալ Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

Այսինքն՝ այդ դեպքում եւս ակնհայտ է եղել որդու եւ հոր միջեւ առերեւույթ ընտանեկան բռնությանը բնորոշ փոխհարաբերությունների առկայությունը, վերջինիս՝ անօգնական վիճակի փաստի ուժով իր իրավունքները պաշտպանել չկարողանալու հանգամանքը, ինչից ելնելով՝ նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Ընդհանուր առմամբ, նշված 10 քրեական գործերով ընտանեկան բռնությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 10 անձանց նկատմամբ: Իսկ 2 քրեական գործ՝ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար, որոնցով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

 

 

ՄԱՀԱՑՈՒ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց եւ ստացել մահացու հրազենային վնասվածք: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժել է մեր կողմից Փարամազյանի ներկայացրած բողոքը։ Այս մասին հայտնել են պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը, որոնց ներկայացրած բողոքը երեկ մերժվել է, եւ դրանից հետո պաշտպանները լքել են դատարանի դահլիճը: Երվանդ Վարոսյանը նշել է, որ իրենց՝ դատարանի դահլիճը լքելուց հետո դատավորը շարունակել է նիստը եւ հրապարակել որոշումը: «Եթե մեզ համար սպասելի չլիներ այս որոշումը, մենք դահլիճից դուրս չէինք գա։ Մենք ինքնաբացարկ էինք ներկայացրել, որովհետեւ Արմեն Դանիելյանի պարագայում որեւէ օրինական որոշում ակնկալելը միամտություն կլիներ։ Այն հանգամանքը, թե ինչպես էր մեր բողոքը հայտնվել իր վարույթում, արդեն նշանակում էր, որ արդարատադության հետ մենք գործ ունենալ չենք կարող»,- ասել է Ե. Վարոսյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ 3 ԶԻՆՎՈՐ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ

Անցել է գրեթե 2,5 ամիս է, սակայն իրավապահները դեռեւս փնտրում են մայիսի 18-ին Վարդենիսի զորամասը լքած ժամկետային զինծառայող Նարեկ Մկրտչյանին: Ի դեպ, իրավապահ համակարգում քննվում է այն վարկածը, որ չի բացառվում՝ զինվորը լքած լինի Հայաստանի Հանրապետությունը, քանի որ զինվորը Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է, իսկ Կողբը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը: Իրավապահները վարկած ունեն, որ Կողբի բնակիչները բավականին սահմանին ծանոթ են, ու միգուցե զինվորը այդպես լքած լինի երկիրը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին՝ ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը եւ ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Այս դեպքից հետո հերթական զինվորների անհետացման դեպքը արձանագրվեց: Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում 2 հայ զինվորական էին անհետացել։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին՝ հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պայմաններում ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի եւ վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք դեռեւս արդյունք չեն տվել։

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի եւ Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։ Ըստ էության, շուրջ 1 ամսվա ընթացքում երեք զինվոր է անհետացել է, եւ որեւէ կերպ չեն կարողանում հասկանալ, թե որտեղ են նրանք:

Ք. Մ.

 




Լրահոս