ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 եւ 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։ Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների, եւ հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը` ըստ դասարանների։ Համաձայն հրամանի՝ «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին առաջարկվել է իրականացնել անհրաժեշտ օժանդակություն ուսումնական հաստատություններին` օրինակելի ուսումնական պլաններով այդ հաստատությունների գործունեությունն ապահովելու նպատակով:
Սահմանվել է, որ 2021-2022 ուստարվա պարապմունքները սկսվում են 2021 թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2022 թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա եւ մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ, եւ 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ՝ աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:
ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաեւ ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչեւ ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:
Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է Ուսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված եւ նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը եւ սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:
Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում.
12-րդ դասարանի առաջին կիսամյակում ուսումնասիրվող հանրակրթական պետական ծրագրի ուսումնական պլանի նորմատիվային ծավալը սահմանվում է շաբաթական 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը: Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում՝ կիսամյակային գնահատականով եւ ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ):
«Նախնական զինվորական պատրաստություն» եւ սովորողի կողմից երկրորդ կիսամյակում ուսումնասիրության համար ընտրված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում՝ տարեկան գնահատականով եւ (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ): 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձեւավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ, 1 ժամ) առարկայի եւ սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ապահովելով առնվազն 31 դասաժամ:
Նորմատիվային 34 դասաժամի եւ սովորողի ուսումնական պարտադիր բեռնվածության 31 դասաժամի տարբերությունից մնացած 3 դասաժամը տնօրինում է սովորողը: 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը, որը կազմակերպվում է դասարանային եւ արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով: Ուսումնական նյութի կրկնությունն ինքնուրույն աշխատանքի միջոցով կարող է իրականացվել հեռավար կրթության տեխնոլոգիաների կիրառմամբ։
ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿԸ
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ «Ամերիաբանկ»-ը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 5.74 մլրդ դրամի հարկ: Նշված ցուցանիշը, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 83.5%-ով: ՀՀ հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի համաձայն` «Ամերիաբանկ»-ը 12-րդն է: «Ամերիաբանկ»-ը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն եւ խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին եւ ունի հստակ ձեւակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով՝ «Ամերիաբանկ»-ը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:
180 ՆՈՐ ԴԵՊՔ
Հուլիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 090 դեպք, որոնցից 219 280-ը` առողջացած, 4597-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 315 245 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 4889 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 112 առողջացած եւ 7 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1116 է:
ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ
Հայաստանում Արցախի տեղահանված քաղաքացիների բնակության հարցը սկսել է կարգավորվել: Այս մասին նշել է Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը: «Գրեթե բոլոր տեղահանվածները եկել են այն եզրակացության, որ պետք է ապրեն վարձով կամ բարեկամի տանը: Զբաղվածության հետ կապված՝ պետությունը յուրաքանչյուր աշխատող արցախցուն վճարում է 100 հազար դրամ ե՛ւ որպես աշխատավարձ, ե՛ւ որպես ուսուցում գործատուի մոտ: Այսինքն՝ եթե շահառում սկսում է տիրապետել այդ աշխատանքին, հնարավոր է նրան ընդգրկել որպես մշտական աշխատող»,-ասաց նա: Իր հերթին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշել է. «Խնդիրը ոչ թե դրամական աջակցություն ցուցաբերելն է, այլ անձանց բնակարանային խնդրի կարգավորումը, դրա համար Հայաստանի եւ Արցախի կառավարությունը համատեղ միջոցառումներ են իրականացնում բնակարանաշինության ոլորտում: Մեր խնդիրը պետք է լինի տուն կորցրած քաղաքացիներին ապահովել նոր բնակատեղիներով, նոր բնակարաններով»: