ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, եւ նրա հետ է նաեւ իր շունը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը տեւական ժամանակ բանակցություններ են  վարել այդ տղամարդու հետ, որպեսզի նա իրենց հետ մեկնի «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, սակայն վերջինս չի ենթարկվել։

Ի վերջո, ոստիկանները հատուկ միջոց են կիրառել եւ տղամարդուն ձեռնաշղթայված մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը: Ուզում եի իմանալ, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար:

Հեղինե Կիրակոսյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ամուսինների միջեւ առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում։ Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ,  ամուսնության վկայական, ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,  ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով, ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում։

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ։

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որ ուսանողներին է կրթաթոշակ տրվում:

Գայանե Գասպարյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին: Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`

1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին.

2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում).

3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.

4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ: Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:




Լրահոս