Նոր տուն՝ նոր հույսերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից համատեղ իրականացվող` 2021թ. բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է: Թեև աշխատանքի ծավալները մեծ են, սակայն արդյունքի հասնելու ձգտումը նպաստում է համակարգված գործելուն: Հայաստանի բոլոր մարզերում շինարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում կամավորների ակտիվ ներգրավվածություն առայժմ չկա: Հիմնականում աշխատում են ընտանիքները, քանի որ համավարակը թելադրում է զգուշավորության իր պայմանները: Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը, սակայն, էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակվող Ներսիսյանները, իրենց՝ նոր կառուցվող տանն ընդունել են գործընկերներին: Տարիներ առաջ, ընտանիքը ստիպված է եղել վաճառել իր բնակարանը՝ թոռնիկի և հարսի կյանքը փրկելու համար: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է ավարտվել: Նոր սկզբի հույսով, ընտանիքը հող է գնել, վագոն-տնակ տեղադրել և սկսել է տան շինարարությունը: Շուտով, սակայն, ֆինանսական միջոցները սպառվել են: Իսկ սկսված պատերազմն էլ ամբողջովին փոխել է ծրագրերը. երկու երեխաների հայր Գրիշան մեկնել է ռամաճակատ, որտեղ վիրավորվել է ու վերադարձել գլխի և ողնաշարի հատվածներում ստացած վնասվածքներով:

«Երեք որդիների հայր եմ: Երկու տղաներս դրսում են: Բոլորի համար դժվար ժամանակներ են, սակայն մենք պատրաստ ենք տանել ամեն ինչ, միայն թե խաղաղություն և առողջությու լինի: Նորից տուն կկառուցենք, նորից կստեղծենք: Հուսահատվելը մեզ համար չէ»,- ասել է ընտանիք հայրը՝ Վահանը:

Ներսիսյանները շինարարական աշխատանքներին են լծվել ամբողջ եռանդով: Ընտանիքի մայրը՝ Փառանձեմը, պատմում է, թե ինչպես էր օգնում ամուսնուն՝ հատակների հարթեցնող շերտն անելիս, ինչից ձեռքերը կոպտացել են, սակայն ինքը դրա համար միայն ուրախ է: Հարազատները հավաքվել են, և յուրաքանչյուրը փորձում է օգնել մի բանով:

«Տարիներ շարունակ, այս ծրագրի թիրախում եղել է սոցիալապես անապահով խումբը: Այս տարի, հանգամանքները փոխել են մեր մոտեցումը. ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև պատերազմի հետևանքով անօթևան մնացած ընտանիքները: Նրանց մեջ կան այնպիսիք, որոնք ստիպված են զրոյից սկսել արդեն երրորդ անգամ: Պիտի խոստովանեմ՝ այդ մարդկանց լավատեսություն փոխանցելը երբեմն բարդ է լինում հոգեբանորեն: Երբեմն էլ հանդիպում ենք ընտանքիների, որոնք իրենց կամքով ցույց են տալիս, թե ինպես կարելի է հաղթահարել դժվարությունները: Նրանք դրսևորում են աշխատելու, պայքարելու և անպայման հաջողելու վճռականություն: Այդպիսին պետք է լինենք մենք՝ բոլորս` չկոտրվենք, համախմբվենք և ամենօրյա աշխատանքով, ստեղծելով ու կառուցելով շենացնենք մեր երկիրը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շինարարական աշխատանքները շարունակվում են բոլոր մարզերում: Մի տեղ արագ, մյուս տեղերում՝ համեմատաբար դանդաղ, սակայն` կայուն առաջընթացով: Միշտ հաճելի է տեսնել ընտանիքների ոգևորությունը՝ երբ տուն են կառուցում: Դա նաև շրջապատին է ուժ տալիս: Ծանր փորձություններ են բաժին ընկել այս ընտանիքին, սակայն, տեսնում ենք, որ նրանց կամքը անկոտրում է», – ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:




Լրահոս