Երեկ հանրության համար անակնկալ կերպով պարզ դարձավ, որ Մոսկվայում պետք է բանակցություններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով: Բանն այն է, որ նախորդ օրը գիշերվանից ադրբեջանական կողմը նախահարձակ գործողություններ էր սկսել, որի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ եւ չորս վիրավոր: Եվ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում այսպիսի հատվածի ենք հանդիպում. «Հակառակորդը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: Սակայն հետաքրքիր է, որ մինչեւ այս պահը Մոսկվայում սպասվող որեւէ բանակցության մասին տեղեկություն առկա չէր: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հրադադար է հայտարարվում, սակայն որեւէ տեղեկություն կրկին առկա չէր, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում եւ ինչ խոստման դիմաց: Իշխանության ներկայացուցիչներն ավելի քան լուռ են: Սահմանային լարվածության ֆոնին երեկ որեւէ հայտարարություն չեղավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից այն դեպքում, երբ նա նախկինում որեւէ իրադարձության ժամանակ շտապում էր լայվ մտնել կամ գրառում անել, համախմբման կոչեր անել: Այսօր լուռ էր ոչ միայն նա , այլ նրա կուսակիցները: «Ժողովուրդ» օրաթերթը եւս փորձեց կապ հաստատել նրա խոսնակ Մանե Գեւորգյանի հետ, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան. իշխանությունները որդեգրել են դարձյալ գաղտնիության քողի ներքո քայլեր անելու տարբերակը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականից հետո նրա մտերիմները, շրջապատող մարդիկ փորձել են կապ հաստատել նրա հետ եւ հասկանալ հրաժարականի պատճառները: Բանն այն է, որ իրականում Վաղարշակ Հարությունյանի հրաժարականն անակնկալ է եղել շատերի համար: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանն ասել է, թե անհանգստանալու որեւէ պատճառ առկա չէ, պարզապես փոփոխությունների գործընթաց է սկսվել, որին պետք է նորմալ վերաբերվել: Ըստ էության, նա իր մտերիմ պատոնատար անձ հանդիսացող ընկերներին այդպես է բացատրել իր հեռանալը համակարգից՝ ասելով, թե որեւէ այլ խնդիր առկա չէ: Մինչդեռ լուրեր կան, որ հնարավոր է՝ ՌԴ- ում ՀՀ դեսպան նշանակվի: Հիշեցնենք, որ այժմ Արշակ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, այժմ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եւ ըստ էության նաեւ կատարում է նախարարի պարտականությունները: Բանն այն է, որ նախարարներ կարող են նշանակվել միայն նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո՝ հնգօրյա ժամկետում: Այժմ կառավարության անդամները պաշտոնակատարներ են:
Չնայած լրատվամիջոցների բարձրացրած աղմուկին՝ իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ վնասում եւ խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը: Դեռ բավական չէ, որ ԱԺ որոշմամբ ժամային սահմանափակում կիրառվեց ԶԼՄ-ներով տոտալիզատոի գովազդի համար, այսօր էլ կառավարության նիստում կրկին փոփոխություն է կատարվելու «Գովազդի մասին» օրենքում եւ արդեն ամբողջովին է արգելվելու տոտալիզատորների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով: Ընդ որում, այս որոշումն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից վեց ամիս հետո: Այսինքն՝ եթե անգամ այս նախագիծը քննարկվի միայն սեպտեմբերին, ապա հաջորդ տարի լրատվամիջոցները կանգնելու են լուրջ խնդրի առջեւ, քանի որ գովազդը հանդիսանում է եկամտի աղբյուր: Նկատենք՝ լրագրողների աշխատանքը պարբերաբար դժվարացնող իշխանություններից այժմ ամեն ինչ կարելի է սպասել. սահմանափակում են ԱԺ-ում տեղաշարժը, արգելում գովազդները:
Սահմանում լարվածության եւ երեք զոհերից ու վիրավորներից մեկ օր անց՝ այսօր Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցով հավանության է արժանանալու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այսինքն՝ այս փուլում, այն էլ՝ արտահերթ նիստով քաղաքապետարանը որոշել է բարձրացնել աշխատավարձերն ու հաստիքացուցակում փոփոխություններ կատարել: Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Ըստ նախագծի՝ աշխատավարձերը կբարձրանան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ քաղաքապետը կստանա ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետն է ստանում. նրա աշխատավարձը կաճի գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ։ Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 478 հազարից կդառնա 1 միլիոն 20 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443-ից 952 հազար։ Նույնքան կստանա նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետը։ Մարությանի 8 խորհրդականները, որոնք ներկայումս ամսական 358 հազար դրամ են ստանում, բարձրացումից հետո 578 կստանան, քաղաքապետի օգնականներինը 298 հազարից կդառնա 544։ Քաղաքապետի մամուլի քարտուղարի եւ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը նույն տոկոսային հարաբերակցությամբ կավելանա? աշխատակազմի ղեկավարը 952 հազար դրամ կստանա՝ նախկին 382 հազարի փոխարեն։ 100 եւ ավելի տոկոսով կբարձրանա նաեւ վարչության պետերի, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների վարձատրությունը՝ 400 հազարից՝ 850 հազար, 346-ից՝ 510։