«ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵՐԻՑ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին: Նա նշեց, թե լայնամասշտաբ պատերազմ չի լինի, սակայն ընդգծեց, թե տարբեր տեսակի պայմանագրեր են առաջարկվում, որոնք հայկական կողմը հրաժարվում է ստորագրել:

 

-Սահմանի այս լարվածությունը պատերազմի վերսկսում է ենթադրում: Գեղարքունիքի Վերին Շորժայի հատվածում զոհեր ու վիրավորներ ենք ունեցել: Սա ի՞նչ է նշանակում: Նոր պատերա՞զմ է սա նշանակում:

-Ոչ, սա սադրանք է, որ ուզում են ներքաշեն նոր պատերազմի մեջ, որը իրենց չի հաջողվի: Սյունիքն էր, հետո տեղափոխվեց Երախս, հետո՝ Կութ: Իրենք պետք է տարբեր տեղերից կրակեին, որ լիներ մարդկային զոհեր եւ այլն: Հրադադարի առաջին համաձայնագիրը, երբ նոյեմբերի 9-ին Ռուսաստանը մեզ պարտադրեց, որ ստորագրենք, Ռուսաստանը լրիվ կետերին չհետեւեց, որ բոլորը կատարվեն, այսինքն՝ գերիների վերադարձը մնաց: Ու մեզ տարբեր տեսակի պայմանագրեր են դեմ անում, որ ստորագրենք, չենք ստորագրում, որովհետեւ նոյեմբերի 9-ի՝ հրադադարի  պայմանագիրը պետք է լիովին արվի, գերիները վերադառնան Հայաստան, նոր մենք մյուս գործողությունները կատարենք: Իրենք այդ կետերը չեն արել, գերիներին չեն վերադարձրել: Դա Ռուսաստանի պարտականությունն ու պարտավորությունն է, որ ինքը պետք է մինչեւ վերջին գերին վերադարձնել տա Հայաստան:  Իրենք այն կետը, որ դրել ենք գերիները՝ գերիների դիմաց, իրենք չեն կատարել այդ պարտավորությունը: Իրենք պարտավոր են կատարելու դա, նոր մնացած կետերին պետք է անդրադառնանք: Այն ժամանակ իրենք ասում էին, երբ Արցախում պատերազմ էր, իրենք ասում էին՝ մենք իրավունք չունենք Արցախի գործերին խառնվենք: Դա Հայաստան չէ, հիմա էլ արդեն Հայաստան է, ու Հայաստանի սահմաններից են ներս մտնում: Հիմա էլ չեն անում ոչինչ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, բայց ոչ մի բան չարեց, Ռուսաստանը չի անում, ասում է՝ եկեք թղթերը ստորագրեք, է՛լ մենք ստորագրելու բան չունենք:

-Պարո՛ն Մելքոնյան, ի՞նչ փաստաթուղթ է դրված սեղանին: Տեղեկություն ունե՞ք, թե ինչ փաստաթուղթ պետք է ստորագրվի:

-Ինչու Դուք տեղյակ չե՞ք, որ սահմանազատման եւ սահմանագծման մասին է խոսքը:

-Նաեւ անկլավների վերադարձի՞ մասին է խոսքը:

-Այո նաեւ, բայց խոսքը սահմանների գծելու մասին է: Եթե մենք սահման ենք գծում, ուրեմն Արցախը պետք է ճանաչվի որպես Ադրբեջանի մաս:

-Ըստ Ձեզ՝ այս սադրանքներ շարունակական բնույթ կկրե՞ն: Եթե մենք չենք ստորագրում որեւէ պայմանավորվախություն, ապա այս վիճակը պե՞տք է շարունակվի:

-Այո, շարունակվելու է: Տարբեր տեղերից իրենք դիմելու են նման գործողությունների: Երեկ սկսեցին Վարդենիսից, վաղը կարող է սկսեն Սիսիանի տարածքից, տարբեր տեղերից փորձելու են նման բաներ անել:

-Այս դեպքում ի՞նչ պետք է անի իշխանությունը: Ի՞նչ եք պատրաստվում իրականացնել, ի՞նչ ելք կա:

-Մենք պետք է մեր երկիրը պաշտպանենք: Բոլոր ազատամարտիկներին կոչ ենք արել միավորվելու, տեղերում կազմել ջոկատներ եւ սպասել հրամանի:  Պետք է մեր սահմանները պաշտպանենք: Ուրիշ անելիք չունենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՍԱՀՄԱՆԻՑ

«Պատերազմական իրավիճակ էր, ինտենսիվությունը սկսեց դադարել միայն առավոտյան»,- նշել է «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ ողջ գիշեր այնտեղ է եղել եւ ներկայացնում է իրավիճակն ականատեսի աչքերով: «Հասկացա, որ ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչեւ առավոտյան հաջողվել է հետ վերցնել: Մեր զոհերը հենց այդ հատվածում են եղել: Դիրքային կորուստ այլեւս չունենք: Մենք հիմա գտնվում ենք հրադադարի ռեժիմում, առավոտյան 9.30-10.00-ի սահմաններում սկսեցին արդեն դադարել: Մենք չգիտենք, թե ինչ պայմաններով է այս հրադադարը, ինչքան ժամանակով է հրադադարը: Հրադադարի ռեժիմը ինչքան ժամանակով կպահպանվի, ինչ ենք խոստացել դրա դիմաց, կամ ինչ են նրանք պահանջել, գուցե նրանք էլ ինչ-որ բան են խոստացել, որեւէ մանրամասն մեզ հայտնի չէ: Հուսամ՝ կառավարությունը պարզաբանում կտա, թե ինչ հանգամանքներում է այս ամենը տեղի ունեցել, առավել եւս, որ սրանք նախորդեցին ՌԴ-ում սպասվող բանակցություններին»,-ասել է նա: Թագուհի Թովմասյանը հավելել է. «Մենք գտնվում ենք այն բանակային կորպուսի հովանավորության տակ, որը 44 օրվա ընթացքում 1 սմ նահանջ չի ունեցել: Այսինքն՝ հաղթանակած բանակի հովանավորության տակ ենք: Մենք Քարվաճառում ընդհանրապես նահանջ չենք ունեցել, նույնիսկ ունեցել ենք որոշ դիրքային առավելություններ»,- նշել է նա:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանական ֆրակցիան պատրաստվում է հին կազմով եւս մեկ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների` խորհրդարանի իշխանական խմբակցությունը դեռեւս օր է որոշում նիստի համար. հնարավոր է՝ այն կայանա հուլիսի 30-ին: Լավատեղյակ մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանական ֆրակցիան պատրաստվում է քննարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության այն առաջարկությունը, ըստ որի՝ պետք է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցիչներին եւ կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։ Բայց արդյոք իշխանական ֆրակցիային կհաջողվի ապահովել քվորում ու նիստ հրավիրել, այս պահին դժվար է ասել: Նշենք, որ դեռեւս մարտի 24-ին էլ խորհրդարանը 76 կողմ, 39 դեմ ձայներով 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել էր Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը։ Սիմոնյանը վիրավորանքի համար առաջարկում էր գործող 1 միլիոնի փոխարեն մինչեւ 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչեւ 6 միլիոն։

 

 

ԴԱՏԱԽԱԶԻ ՀՈՐԸ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ

Ինչպես է դատական համակարգը մերժում դատախազի հորը եւ ամեն ինչ անում հանուն արադադատության նախարարի: Գրել էինք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, Գլխավոր դատախազության ավագ դատախազ Ազատ Մարգարյանի հայրը՝ Վահան Մարգարյանը, դատի է տվել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

 

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի փետրվարի 28-ին ՀՀ արդարադատության նախարարը Վահան Մարգարյանին ազատել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից: Արդյունքում, մեկ տարի անց՝ 2021 թվականի մայիսի 4-ին, Վահան Մարգարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ վարչական դատարանը 28.02.2020թ. թիվ 76-Ա հրամանն անվավեր ճանաչի, իրեն ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում վերականգնի եւ չվճարված աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի գումարը բռնագանձի: ՀՀ վարչական դատարանը մերժել էր գործը վարույթ ընդունել, իսկ ահա Մարգարյանը չէր հանձնվել եւ դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Արդյունքում, ՀՀ վերաքննիչ դատարանը եւս մերժեց Մարգարյանի հայցը վարույթ ընդունել:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականին բերդի պետի դատախազ որդու մասին ուշագրավ մանրամասներ էր հրապարակել: Մասնավորապես, նա 2013 թվականից աշխատել է Երեւան քաղաքի դատախազ, 2013-ի վերջին կամ 2014-ին սկզբին արձակուրդ մեկնելու պատրվակով ստացել է ԱՄՆ մեկնելու թույլտվության վիզա եւ առանց աշխատանքից ազատվելու մեկնել է ԱՄՆ եւ շուրջ 4,5 տարի՝ մինչեւ 2018-ի սեպտեմբերը, մնացել է ԱՄն-ում: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱՄՆ-ում անհասկանալի ճանապարհով բանկային քարտերով հափշտակել է շուրջ 500.000 ԱՄՆ դոլար եւ վերադարձել Հայաստան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձել էր պարզել հենց ՀՀ գլխավոր դատախազությունից. «Ազատ Մարգարյանը ԱՄՆ է մեկնել օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելու, անձնական դիմումի եւ 14.04.2014թ. գլխավոր դատախազի հրամանի հիման վրա: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերի վրա արված հղումներով Ա. Մարգարյանի կողմից ԱՄՆ-ում ինչ-որ խարդախությունների, հափշտակությունների մասին տեղեկություններին, ապա ՀՀ դատախազությունը դրանց վերաբերյալ տվյալներ չունի»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս