ԹԵ ՈՐ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԻՄԻ ՀԱՊԿ-ԻՆ ԵՎ ՄԱԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։ «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային եւ պատմական պահանջների առաջադրմամբ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը», – ասված էր հայտարարությունում։

 

Եվ այս հայտարարությունից հետո մինչ այս պահը քննարկվում է հարցը, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը չի դիմում ՄԱԿ-ին:

Երեկ Ազգային ժողովի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մարմին է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով: Այնտեղ գործընթացներ ծավավելը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի «տնային աշխատանք» է կատարված։ Որոշակի գործողություններ պիտի կատարվեն մինչ այդ։ Սակայն նա հայտնում է, որ այս  պահի դրությամբ իրենք միջազգային հանրությանը եւ մեր գործընկերներին տեղեկացնում են տեղի ունեցածի վերաբերյալ ու ակնկալում են համապատասխան արձագանք:

Իսկ ի՞նչ է ասում ՄԱԿ կանոնադրությունը. ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ եւ կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որեւէ այլ ձեւով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:

Հոդված 49-ի համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպության անդամները պետք է միավորվեն փոխադարձ օգնություն ցուցաբերելու համար Անվտանգության խորհրդում որոշված միջոցառումներն իրականացնելու համար:

Իսկ 50-րդ հոդվածում նշվում է, որ եթե Անվտանգության խորհուրդը կանխարգելիչ կամ հարկադրաՍկան միջոցներ է ձեռնարկում որեւէ պետության դեմ, ցանկացած այլ պետություն, լինի Միավորված ազգերի կազմակերպության անդամ, թե ոչ, որի համար վերոհիշյալ միջոցների կիրարկման հետեւանքով հատուկ տնտեսական խնդիրներ են առաջանում, իրավունք ունի դրանց լուծման վերաբերյալ խորհրդակցել Անվտանգության խորհրդի հետ:

Իսկ ի՞նչ է ենթադրում ՀԱՊԿ կանոնադրությունը.

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից: 1993 թ. սեպտեմբերին պայմանագրին միացան Ադրբեջանը, Բելառուսը եւ Վրաստանը: Սակայն հետագայում Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվեցին անդամակցությունը երկարաձգելուց: Կազմակերպությունից հեռացավ նաեւ Ուզբեկստանը: Ներկայում կազմակերպության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:

ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրներից որեւէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում եւ զարգացնում:

4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին 2-րդ հոդվածով:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի մասին» կանոնակարգի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առկայության դեպքում այն կանխելու (կարգավորելու) համար համաձայնեցված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ցանկացած անդամ-պետության առաջարկով, անմիջապես՝ ոչ ուշ, քան Խորհրդի նախագահին դիմելուց հետո երեք օրվա ընթացքում, գործի է դրվում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը:

Ն.Հ.

 

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՍԱՀՄԱՆ ՈՒՆԻ

Որպես ՎՊ նախկին աշխատակից՝ արդեն քանի տարի լուռ հետեւում եմ ՎՊ նախկին աշխատակից Արամ Մամիկոնյանի դատապարտելի (կարելի է ասել, բավարար պնդաճակատ) սագային։ Ու զարմանում: Այս ե՞րբ այս անբարո իրավիճակներն այսպես ստատուս քվոյի վերածվեցին։ Ես հո գիտեմ, որ Արամի նմաններին պալատը փորձում էր կայացնել, «առաջնագիծ» բերել, ինչը իր ֆենոմենի դեպքում չստացվեց հազար ու մի պատճառով։ Նրա կրեդոն է սայլը ձիուց առաջ կապել՝ մարդկային, աշխատանքային հարաբերություններում բարոյական բոլոր կարգի նորմերի ոտնահարմամբ….

Հիմա էլ՝ ով էշ, նա փալան, փորձում է խցկվել այնտեղ, որտեղ իր չբավարարված, արդեն քանի տարի նույն ձախավեր քայլերով արշավներ է իրականացնում վասն յուր. բան է՝ բախտը բերեց, պաշտոն պոկեց վերջապես էս աշխարհից:  Սեփական տապանին լացելու փոխարեն նա դեռ նետվում ու նետվում է՝ մի բան պոկելու. նախ բոլորն են հիշում նրա հետ կապված 4 հազար դոլարի կաշառքի պատմությունը ԱԺ-ում՝ պատգամավորներից մեկի բարձրաձայնմամբ, երբ պարոն իրավաբանը հայտնվել էր ասելիքի դիֆիցիտի մեջ՝ նույնքան ակտիվ բզբզալու փոխարեն։ Սեփական սխալներից դասեր քաղելու փոխարեն «աբիժնիկ»  իրավաբանը, «խիարը թարս առած», քաղաքական վերջին շրջադարձերի ժամանակ պաշտոն մուրալու-պոկելու մարշ-բրասոկ է սահմանել. ամբիցիաների թանձրույթը ճակատին՝ փորձում է ամեն գնով հասնել իր նպատակին, համախոհներ գտնել՝ իր պստիկ ամբիցիաները բավարարել այս կամ այն կերպ՝ չկանգնելով ոչ մի բանի առաջ, ուզում է հաղթել այնտեղ, որտեղ ոչ միայն հաղթանանկ չկա, ալեւ հպարտ ծածանվում է ցանել-հնձելու բարդ դիլման: Ցավալիորեն չնկատվելով «հարկավորների»  կողմից՝ նա ստիպված է կյանքը մաշել  է՛լ ավելի ցածր արժեհամակարգային սանդղակների վրա՝ կորցնելով մարդկային նկարագրի վերջին փշուրները: Ի դեպ, այս գործում նա ունի նաեւ հավատարմատարների ու նույնիսկ մեկենաս. ինչպես հավաստում էր ԱԺ-ում մեզ հետ, ՎՊ հետ աշխատած պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը առ ժամանակ առաջ, սույն իրավաբան Մամիկոնյան Արամը Վերաքննիչում իր իսկ հորից ժառանգած քավոր-սանիկ դատավորներից մեկը, որը սնում,  ամեն անգամ իրավաբանական ջրերում փորձում է մկրտել սույն անհաջողակ իրավաբանին, մի բանի հասցնել, չոր դուրս բերել այս ցավոտ, մարդկային արժեքները չափաբանող փիասկոյից, սակայն պաշտոնի, տակ քանդելու ոգին,  ՀՊ նոր բարեխոսի տեսքով չի իջնում նրա մկրտյալի սանիկի թաց ուսերին…

Սանիկը մնում է պաշտոնի կարոտ:

Խորը հիասթափություն եւ նոր դեպրեսիա անհաջողակ իրավաբանի համար, որի միակ զբաղմունքը այս կյանքում դարձել է  դատարանների դռները մաշել-մաժմժելը:

Ի դեպ, այս ընթացքում նա փորձում էր տեղավորվել նաեւ քաղաքական խաղերի մեջ՝ կարծելով՝ այս իշխանությունները կհեռանան, ոտատեղ կբացվի… Հիմա, երբ լոտերը այլ բան են ապացուցել, նա կրկին ելման դիրքերի է վերադառնում:

Ասել է՝ որոշել է ամեն գնով  իր սկսած «գերհզոր ու բարոյականության» որեւէ նորմում չտեղավորվող պարտիան շարունակել` մոռանալով, որ դեռ ապրելու է այս հայրենիքում, երկրում, ու ոտատեղը այդքան մխտռել չի կարելի:

Անբարոյությունն էլ սահմաններ ունի:

Ավա~ղ:

Կարմեն Դավթյան

 

 

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. «ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տվյալների` կան մարդկային կորուստներ։ Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային եւ պատմական պահանջների առաջադրմամբ։ դրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան՝ ՀՀ-ն գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը»:

 

 

ԴԻՄԵԼ Է ԲԴԽ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին վերաքննիչ քրեական դատարանի շենքից համակարգիչների առգրավման հարցով: «Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Վերաքննիչ քրեական դատարանի շենքից  առգրավել են համակարգիչներ։ Փաստաբանների ահազանգներից պարզ է դառնում, որ Վերաքննիչ քրեական դատարանում գործերի բաշխումը չի կատարվում հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման հիմքում դրված պատահական ընտրության սկզբունքը երաշխավորում է դատավորների անկախությունը, ինչպես նաեւ դատավարության կողմերի՝ արդար դատաքննության իրավունքը»,-ասվում է փաստաբանների պալատի հայտարարության մեջ:

 

 

1616 ԱՃՅՈՒՆՆԵՐ

2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրրջանում: Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1616 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) եւ քաղաքացիական անձանց աճյուններ:

 




Լրահոս