44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ԶԵՆՔԵՐԻ ԹԱԼԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահները շարունակում են բացահայտումները 44-օրյա պատերազմից հետո սահմանից ապօրինի զենք-զինամթերք Հայաստան տեղափոխելու դեպքերը: Մեզ հայտնի դարձավ, որ Գեւորգ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինի կերպով փոխադրել եւ ապօրինի կերպով պահել է ակոսափող հրազեն եւ ռազմամթերք, որպիսի գործողությունները արտահայտվել են հետեւյալում.

 

Գեւորգ Սարգսյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սանձազերծած զինված ագրեսիային դիմակայելու համար նույն օրը, որպես կամավորական, մեկնելով Արցախ եւ Հադրութի շրջանի ու Ջրականի տեղամասում մասնակցելով մարտական գործողություններին, 2020 թվականի սեպտեմբերի 28֊ին հիշյալ շրջանի դաշտերից զտել եւ իր մոտ ապօրինի պահել է ակոսափող հրազեն հանդիսացող 1986 թվականի գործարանային արտադրության «AK-74» տեսակի «4333108» համարի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ եւ ռազմամթերք հանդիսացող թվով 29 հատ 1976 թվականի գործարանային արտադրության 5.45 մմ /5.45×39/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նույն թվականի հոկտեմբերի 03-ին Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց առաջ թաքցրել է Ստեփանակերտ քաղաքում։

2020 թվականի հոկտեմբերի 07-ից Գեւորգ Սարգսյանը, կրկին գտնվելով Արցախում, վերցրել է իր կողմից թաքցված ինքնաձիգն ու փամփուշտները եւ հոկտեմբերի 10-ին դարձյալ ՀՀ վերադառնալուց դրանք եւ նույն պատերազմի ընթացքում ձեռք բերված ռազմամթերք հանդիսացող 1972 թվականի գործարանային արտադրության նպատակային օգտագործման համար պիտանի թվով երկու հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակները, ռազմամթերք հանդիսացող 1978 թվականի գործարանային արտադրության «Փ-1» տեսակի, Հթ-42 ՀթԺ տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների գործարկման համար նախատեսված, նպատակային օգտագործման համար պիտանի թվով 2 հատ «ձիՀթԾ» տեսակի մարտական պայթուցիկներն իր վարած «Ուազ 31514» մակնիշի 36 QX 928 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ապօրինի փոխադրել է ՀՀ ինքնաձիգն ու փամփուշտները, ապօրինի պահել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի՝ Արարատի մարզի վարչական տարածքում գտնվող ճանապարհի հարակից թաքստոցում, իսկ նռնակներն ու պայթուցիկները՝ իր ավտոմեքենայի առջեւի երկու նստատեղերի արանքում գտնվող պահատուփի մեջ։ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Գեւորգ Սարգսյանն իր կողմից վարած նույն ավտոմեքենայով Արցախի Հանրապետութուն ուղեւորվելու ընթացքում ճանապարհին թաքցված վայրից իր հետ վերցրել է նշված ինքնաձիգն ու փամփուշտները ու ապօրինի պահել ավտոմեքենայում, որոնցից վերջիններս հայտնաբերվել եւ վերցվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից ավտոմեքենայի զննությամբ սրահի ետեւի աջ նստատեղի տեսանելի վայրից, իսկ նռնակներն ու պայթուցիկները՝ կրկին նույն բաժնի աշխատակիցների կողմից Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա հիշյալ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋԸ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի 69-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, զանգահարել է կնոջը եւ տեղեկանալով, որ վերջինս գտնվում է իրենց հարեւանությամբ գտնվող տանը՝ գնացել է այնտեղ եւ տեսնելով, որ կինը ծխում է, վիճաբանել են, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ծոցագրպանից հանել է իր հետ նախապես վերցրած դանակն ու հարվածներ հասցրել կնոջը՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղ վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ՝ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով պաշտոնատար անձ, Առինջ համայնքի ղեկավար, տեղյակ լինելով Առինջ համայնքի բնակիչներ Մարետա Թադեւոսյանի եւ Վոլոդյա Վարդանյանի միջեւ առկա տարածքային վեճի մասին, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին դիտավորությամբ կայացրել է թիվ 727-Ա որոշումն Առինջ համայնքի 6-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինության եւ պարսպի նկատմամբ Մարետա Թադեւոսյանի, Նարեկ Հակոբյանի, Մարիամ Հակոբյանի, Արմենուհի Հակոբյանի համատեղ սեփականության իրավունքները վերականգնելու մասին, ինչի արդյունքում նշված անձանց սեփականության իրավունքի պետական գրանցում է իրականացվել, որով էական վնաս է պատճառել Առինջ համայնքի 6-րդ փողոցի թիվ 18-րդ հասցեի սեփականատեր Վոլոդյա Գվիդոնի Վարդանյանին:

 

ՍՈԹՔԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ԱԱԾ-ՈՒՄ

Երեկ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն: Հավելենք, որ նախորդ գիշեր Գեղարքունիքի սահմանային հատվածում իրավիճակը լարված է եղել, եւ հայկական կողմն ունի երեք զոհ եւ չորս վիրավոր: Այսինքն՝ այս փուլում Հակոբ Ավետյանն իր հարազատ համայնքում չի եղել, թեեւ ավելի ուշ նրան ազատ են արձակել: Հավելենք, որ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ եւս գործընթացները շարունակվում են:

 

 

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

2021թ. հուլիսի 27-ին` ժամը 20:15-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ուղեղի ցնցում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 59-ամյա կին, որը հայտնել է, որ խանութում իրեն ծեծի են ենթարկել: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են  ձեռք բերվել, որ կինը նշված վնասվածքներն ստացել է իր նկատմամբ իրականացված ավազակային հարձակման հետեւանքով: Մասնավորապես, նախնական տվյալներով՝ 2021 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Էջմիածին քաղաքում գտնվող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութ, գումար հափշտակելու նպատակով հարձակվել աշխատակցուհու վրա եւ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ որպես զենք օգտագործված առարկայով հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին` պատճառելով մարմնական վնասվածքներ, եւ հափշտակելով գումարը՝ դիմել փախուստի: Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության  Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Խանութի աշխատակցուհին ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերւեույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ 52 տարեկան: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

 

 

ԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏԸ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով երկու հայ ռազմագերիների դատավարությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվի դատարանը երկու հայ ռազմագերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Հայտնի է, որ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են նոյեմբերի 11-ին Շուշիից ոչ հեռու: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։




Լրահոս