Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով եւ պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար:
Այս հետեւության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝
- ներխուժել են եւ անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում եւ Սյունիքում.
- 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.
- պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ եւ իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի եւ առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին եւ կենդանիներին.
- զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին եւ այլն.
- գյուղերի անմիջական հարեւանությամբ եւ համայնքների միջեւ ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը:
Այս ամենին գումարվում է առավել եւս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիեմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն»:
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից եւ սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել են ինտենսիվ հրաձգություն:
«Բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ: Ըստ բնակիչների` գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ», – հայտնել է Ա. Թաթոյանը՝ հավելելով, որ իր աշխատակազմը վերջին օրերին պարբերաբար է բնակիչներից ստացնում ահազանգեր Վերին Շորժա եւ Կութ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողների կրակոցների մասին, որոնք ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինծառայողների պատասխան կրակոցների շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ նշել է, որ «ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը դեն, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել»: Օմբուդսմենը հայտնում է, որ այս հրատապ հաղորդագրությունը կուղարկի միջազգային մարմիններին` նշելով Հայաստանի գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին:
Ավելի ուշ Թաթոյանը հայտնել է. «Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին՝ 1) հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, 2) ադրբեջանական կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարեւանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ, 3) ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»:
ԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՇԵՆՔ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի հիմնական դպրոցի շուրջ 50 աշակերտները տարիներ շարունակ սովորում են դպրոցի վթարային շենքում: 2019թ. գարնանը Տավուշի մարզպետ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, ով նոր էր ստանձնել մարզի ղեկավարումը, տեսնելով Կիրանցի դպրոցի շենքի վթարային վիճակը, հայտարարեց, որ աշակերտները պետք է դուրս գան այդ կառույցից, չպետք է դասեր անցկացնեն վթարային շենքում, ինչը սակայն տեղի չունեցավ։
Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանխ խոսքով՝ արդեն կայացել է դպրոցի շենքի շինարարության մրցույթը, դրանց մասնակից շինարարական երկու կազմակերպություների մեջ դատական վեճ է եղել, սակայն այժմ, հաղթող կազմակերպության անունը հայտնի է, եւ երկու տարում կառուցվելու է շուրջ 100 աշակերտի համար նախատեսված դպրոցական շենք։ Կիրանց գյուղի բնակիչ ավագ դասարանների աշակերտներն իրենց ուսումնառությունը շարունակում են հարեւան Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցում։ Կ. Շահինյանն ասաց, որ Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոցում կա դասարան, որի 8 աշակերտներից 7-ը Կիրանցի բնակիչ են։ Նա հայտնեց, որ Կիրանցում դպրոցի նոր շենք կառուցելուց հետո իրենց դպրոցը կդառնա միջնակարգ, կունենա 70-100 աշակերտ։ Նա ասաց, որ դպրոցի հին շենքը հովանավորների օգնությամբ հիմնանորոգելուց հետո որպես ժամանակավոր կացարան կտրվի բնակարանի կարիք ունեցող Կիրանցի երիտասարդ ընտանիքներին։ Կիրանց գյուղը մանկապարտեզ չունի, համայնքի ղեկավարը մտադիր է հովնավորներ գտնել եւ մանկապարտեզի շենք կառուցել։ Կիրանց համայնքի բյուջեն փոքր է, Կ. Շահինյանը հույս ունի գործարկվելիք մանկապարտեզի պահպանման ծախսերը հոգալ պետական բյուջեի աջակցությամբ։ Կիրանցը սահմանամերձ այն սակավ համայնքներից է, որտեղից արտագաղթը քիչ է, գյուղի բնակչությունը տարեցտարի աճում է։ Կիրանցում 18-20 երիտասարդ ընտանիքներ կան, որոնք ապրում են ծնողների հարկի տակ, մի քանի ընտանիք՝ համատեղ։ Համայնքի ղեկավարի վկայությամբ՝ նրանցից 3-ը բանկերից վարկ են վերցրել, առանձնատուն կառուցել՝ ծրագրելով, որ տարիների ընթացքում վարկը կփակեն։
44 ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԷՐ
Հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի առաջնագծում զոհվածների թվում է Բերդ համայնքի Չինչին գյուղի բնակիչ Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Բերդի համայնքապետարանից տեղեկացա, որ նա Արցախում 44 օրյա պատերազմի մասնակից է։ Նրա ծնողները այժմ գտնվում են Ռուսաստանում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հկ-ն իր մտահոգությունն է հայտնում Ֆինանսների նախարարության կողմից եկամտային հարկի ետվերադարձի կարգավորումները դադարեցնելու մասին օրենսդրական կարգավորումների նախագծի շրջանառման կապակցությամբ: «Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը ունենալու է այսպիսի տեքստի խմբագրությունը՝
Հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը չի վերադարձվում: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մեր հիմնավոր դիրքորոշումը կայանում է նրանում, որ հիփոթեքային վարկերի տոկոսների գծով պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձման ծրագիրը իր կարեւորությամբ արժանի է ոչ միայն պահպանման, այլեւ անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություն՝ ավելի մեծ քանակությամբ անձանց ներգրավելու ուղղությամբ։ Այս նախագծի կյանքի կոչվելուն զուգահեռ առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը կնվազի, հետեւաբար կնվազի նաեւ կառուցապատումն ու շինարարության ծավալներն այս ոլորտում։ Դա էլ իր հերթին կհանգեցնի շինարարության ծավալների ավելի մեծ անկմանն ու աշխատատեղերի կրճատմանը»,-ասված է հայտարարության մեջ։
ՎԵՐՍԿՍԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել Երեւանին եւ Բաքվին վերսկսել քաղաքական գործընթացները: Ֆրանսիական կողմի հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանների անվտանգության ապահովումն է: «Մենք գիտակցում ենք, որ այս ամենը տեղ է ունենում մի կոնտեքստում, որ հայ-ադրբեջանական սահմանի վատթարացում կա։ Սրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, որովհետեւ ըստ էության սա հրադադարի խախտում է, ինչից հետեւանքով գրանցվում է Հայաստանի սահմանների անվտանգային իրավիճակի վատթարացում: Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական գործընթացների վերսկսման, բայց այդ գործընթացը պետք է լինի արդար եւ չպետք է տեղի ունենա այլ ուժի ազդեցության ներքո: Բնականաբար, ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում կապի մեջ ենք նաեւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ, որպեսզի նախ եւ առաջ իրավիճակի հանգստացման համար մեր ներդումն ունենանք, եւ երբ ժամանակը գա, քաղաքական գործընթացը վերսկսենք: Սակայն այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է: Բնականաբար մեր ուշադրության կենտրոնում են նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս կետերը, որոնց հետ դեռ խնդիրներ կան, մասնավորապես՝ բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը: Նաեւ ճշգրտեմ, որ ինչպես վերջերս հայտարարել էի, Ֆրանսիան պատրաստ է դիտարկել այն դիմումները, որ կուղղվեն ռազմաքաղաքական աջակցություն տրամադրելու համար: Բայց հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ֆրանսիան նույն ռազմաքաղաքական դաշինքի մաս չեն կազմում, մեր նպատակը ոչ թե ապագա պատերազմին պատրաստելն է, այլ խուսափելը: Կարծում ենք՝ տարածաշրջանային խնդիրները չունեն ուժային լուծում»,- նշել է դեսպանը։
Ի՞ՆՉ ԶԳՈՒՇԱՑՐԵՑ
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը կրկին նախորդեց ԱՄՆ հայտարարությունը։ Երեկ ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ էր արել ամերիկացիներին վերանայել Հայաստանի Հանրապետություն մեկնելու իրենց ծրագրերը: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաեւ խորհուրդ չի տվել ամերիկացիներին այցելել Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում հնչող պարբերաբար կրակոցները, մարդկանց զոհվելու եւ վիրավորվելու պատճառ են դառնում։ «Խուսափեք շփման գծի եւ հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտով անցնող ճանապարհներից»,-նշված էր հաղորդագրության մեջ։ Դրանից մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լի Թրեյին այցելել էր հենց Գեղարքունիքի մարզ։ Նկատենք՝ 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ եւս նման զգուշացնող հայտարարություն էր եղել։