Հայաստանում հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229370 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1322177, վերջին մեկ օրում` 6932 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4278 պացիենտ. մեկ օրում ավելացել է 181-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 219379 անձ, վերջին մեկ օրում՝ 99 անձ: Նախորդ օրը կորոնավիրուսի հետեւանքով մահ չի գրանցվել: Մահացածների թիվը 4597 է:
700-ԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՀԱՌՈՒ
Ետպատերազմյան շրջանում հոգեբանական աջակցության պետական ծրագրի շահառուների թիվն արդեն անցել է 700-ից: «Առաջին փորձն է մեր իրականության մեջ: Պետությունը, ելնելով ժողովրդի ստացած հոգեբանական ազդեցություններից, անկումային տրամադրություններից, նպատակահարմար գտավ կազմակերպել ժողովրդի լայն զանգվածների հոգեբանական առողջության խնդիրը»,-ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը: ԱԻՆ հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար Արտակ Գրիգորյանի խոսքով՝ ծրագրի համապատասխան թիրախային խմբեր են հանդիսանում անհետ կորածների եւ ռազմագերիների ընտանիքի անդամները, պատերազմի ընթացքում գերեվարված զինծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները, պատերազմին մասնակցած զինծառայողները եւ կամավորականները, տեղահանվածները: Հոգեբանական աջակցության ընթացքում այդ անձինք ծառայություններ են ստանում մի շարք ուղղություններով՝ անհատական իրականացվող հոգեթերապիա, հոգեբանական աջակցություն, խմբային հոգեբանական աջակցություն, մատուցվում են նաեւ հոգեբանների շարժական խմբերի ծառայություններ: Բացի այդ, իրականացվում են նաեւ առցանց, հեռախոսային հոգեբանական ծառայություններ:
ԵՊԲՀ֊-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ հավելել է, որ ոչ միայն Հայաստանում, նաեւ եվրոպական շատ զարգացած երկրներում կա այդ խնդիրը, երբ մարդիկ հապաղում են դիմել հոգեբանի: 20-25 տոկոս դեպքերում առանց մասնագիտական միջամտության խնդիրները բարդանում են եւ աստիճանաբար կարող են խանգարել ոչ միայն անձին, այլեւ նրա շրջապատի մարդկանց եւ հասարակությանը: Հիմնադրամի սոցիալական աշխատողը զանգահարում է շահառուներին եւ տեղեկացնում, որ ստեղծվել է այդպիսի ծառայություն, կարող են դիմել:
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ՝ ՊՆ-ՈՒՄ
Պաշտպանության նախարարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Պաշտպանության նախարարությունը առաջարկում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` 1) ռազմական ունակությունների կատարելագործման,
2) մասնագիտական վերապատրաստման,
3) մասնագիտական պատրաստման,
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր մինչեւ 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Առաջարկվում է սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչեւ 98 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2021թ. սեպտեմբերի 20-29-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2021թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021թ. հոկտեմբերի 18- 27-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2021թ. նոյեմբերի 1-10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021թ. դեկտեմբերի 1-10-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2021թ. դեկտեմբերի 6-15-ը ներառյալ,
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչեւ 400 պահեստազորային, որոնցից` 24 պահեստազորային` 2021 թվականի հոկտեմբերի 14-23-ը ներառյալ, 201 պահեստա֊զորային` 2021թ. հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 5-ը ներառյալ, 175 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 3-12-ը ներառյալ,
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչեւ 13 պահեստազորային, որոնցից 5 պահեստազորային` 2021թ. նոյեմբերի 1-10-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2021. նոյեմբերի 8-14-ը ներառյալ,
4) կապի մասնագիտություններով մինչեւ 75 պահեստազորային, որոնցից 71 պահեստազորային` 2021թ. նոյեմբերի 8-17-ը ներառյալ, 4 պահեստազորային` 2021թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ,
5) հետախուզական մասնագիտություններով մինչեւ 149 պահեստազորային, որոնցից 129 պահեստազորային` 2021թ. սեպտեմբերի 15-24-ը ներառյալ, 20 պահեստազորային` 2021թ. սեպտեմբերի 20-29-ը ներառյալ,
6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչեւ 14 պահեստազորային` 2021թ. հոկտեմբերի 25 – 31-ը ներառյալ,
7) ինժեներական մասնագիտություններով մինչեւ 24 պահեստազորային` 2021թ. սեպտեմբերի 15 – 21-ը ներառյալ,
8) տեխնիկական մասնագիտություններով մինչեւ 67 պահեստազորային, որոնցից 27 պահեստազորային` 2021թ. հոկտեմբերի 25-31-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2021 թվականի նոյեմբերի 8 – 14 ներառյալ,
9) թիկունքային մասնագիտություններով մինչեւ 22 պահեստազորային` 2021թ. նոյեմբերի 8 – 14-ը ներառյալ,
10) տեղագրական մասնագիտություններով մինչեւ 7 պահեստազորային` 2021թ. նոյեմբերի 15 – 24-ը ներառյալ: