Արդեն տեւական ժամանակ է ինչ երգչուհի Լայաննա էկրաններին չի երեւում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհու հետ՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված նրա տեւական լռությունը:
«Այնպիսի օրեր ենք 2020 թվականին ապրել, որ մտածում էինք միայն վաղվա օրվա մասին, թե սրանից վատ վաղն ինչ կարող է մեզ հետ լինել, մեր երկրի հետ պատահել, եւ չէինք կարողանում ապագայի հետ կապված պլաններ գծել: Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ մենք այս անորոշ իրավիճակից դուրս ենք եկել, եւ ես՝ որպես ստեղծագործող մարդ, ինձ համար որոշել եմ, որ տեսահոլովակներ այլեւս չեմ նկարահանելու, քանի որ այսօր՝ այս ժամանակահատվածում, իմաստ չեմ տեսնում: Ինձ այսօր Հայաստանում, թող անհամեստ չհնչի, 98 տոկոսը ճանաչում է, այդ երկու տոկոսն էլ միգուցե հեռուստացույց չեն նայել կամ չեն լսել: Այսօր շատ երգիչ-երգչուհիներ կան, որոնց ես չեմ ճանաչում, որովհետեւ առօրյաս շատ հագեցած է անցնում»,-նշում է երգչուհին:
Լայաննայի խոսքով՝ որպես արտիստ նա իրեն բավարարված է զգում եւ կարիք չի զգում մենահամերգների եւ տեսահոլովակների:
««Գոհար» երգչախմբի հետ ապրելն ինձ համար մի ամբողջ կյանք էր: Ես 17 տարեկանից երգում եմ «Գոհար»-ում, այս երկու տարին է, ինչ նախագիծը փակվել է, բայց մինչ այդ մենք երգել ենք աշխարհի լավագույն բեմահարթակներին, թողել ենք հարուստ կենսագրություն, եւ արդեն հիմա կարծես ինքս ինձ բավարարված եմ զգում: Այս պահին երգում եմ տարբեր բենդերի հետ տարբեր միջոցառումների ժամանակ, հրավերների պակաս չունեմ»,-ասում է նա:
Երգչուհու կարծիքով՝ տեսահոլովակ հատկապես նկարահանում են սկսնակ երգիչ-երգչուհիները, ովքեր ունեն ճանաչվելու խնդիր. «Շատ երգիչ-երգչուհիներ կան մեր շուկայում, ովքեր դեռ նկարահանում են տեսահոլովակներ, եւ որոնք շատ արագ դառնում են հիթ եւ սիրվում են մարդկանց կողմից, բայց նրանք հաշված մարդիկ են: Բացի դա նաեւ մեծ կապ ունի ֆինանսական հնարավորությունները, այն, ինչ մենք անում էինք մի քանի տարի առաջ, հիմա նույնն արվում է շատ ավելի թնակ եւ շատերին ոչ հասանելի պայմաններով: Այս թեմայի հետ կապված ես ունեմ բոլորովին այլ կարծիք, եւ շատերը կարող են չհամաձայնել ինձ հետ: Հիմա ես ունեմ ընտանիք, երկու երեխա, եւ եթե պետք է կլորիկ գումար ծախսել տեսահոլովակ նկարահանելու վրա, ապա ավելի լավ է գնեմ մի այնպիսի բան, որը կծառայի իմ ընտանիքին: Ես ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ: Ունեմ բարձրագույն կրթական հաստատությունների դիպլոմններ եւ կարող եմ վստահ կենդանի նվագակցությամբ բարձրախոսը վերցնել ձեռքս եւ երգել»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ
Իսպանացի թենիսիստուհի Պաուլա Բադոսան ջերմային հարվածի պատճառով չի կարողացել ավարտին հասցնել հանդիպումը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչում: Առաջին սեթում իսպանուհին 3:6 հաշվով պարտվել է չեխ Մարկետա Վոնդրոուշովային, ինչից հետո չի կարողացել շարունակել մրցախաղը: Կիսաեզրափակիչում Վոնդրոուշովայի մրցակիցը կլինի ուկրաինացի Էլինա Սվիտոլինան: Հիշեցնենք, որ վերջին օրերին Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով ջերմային հարվածի կասկածանքով հոսպիտալացվել են բազմաթիվ մարդիկ, կան նաեւ զոհեր:
ՄԵԿՆԵՑ ԼԵՀԱՍՏԱՆ
Երեւանի «Արարատի» պատվիրակությունը հուլիսի 28-ի առավոտյան ուղիղ չվերթով մեկնել է լեհական Վրոցլավ քաղաք, որտեղ հուլիսի 29-ին՝ Երեւանի ժամանակով 22։00-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կմրցի «Շլյոնսկի» հետ. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատի» կազմում մրցավայր են մեկնել հետեւյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Վսեւոլոդ Երմակով, Արման Սիմոնյան։
Պաշտպաններ. Հրայր Մկոյան, Խուան Բրավո, Մարկո Պրլեւիչ, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Նազարյան, Ռոբերտ Հակոբյան։
Կիսապաշտպաններ. Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Դիմիտրիյե Պոբուլիչ,, Ալիկ Առաքելյան, Իգոր Ստանոեւիչ, Էրիկ Վարդանյան, Ալիյու Իսահ, Գոռ Մալաքյան։
Հարձակվողներ. Մորի Կոնե, Ռազմիկ Հակոբյան, Սերժ Դեբլե, Յակուբա Սիլուե։
Հիշեցնենց, որ հուլիսի 22-ին Գյումրիում կայացած առաջին խաղում Հայաստանի գավաթակիրը պարտվել է 2:4 հաշվով։
ՀԱՂԹԱՆԱԿ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի երկրորդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը 120:66 հաշվով (28:12, 32:18, 22:13, 38:23) վստահ հաղթանակ է տարել Իրանի թիմի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկյան «Պորտլենդի» առաջատար Դամիան Լիլարդը, որը ԱՄՆ-ի հավաքականի կազմում վաստակել է 21 միավոր: Սա Dream team-ի առաջին հաղթանակն էր Տոկիո-2020-ում: Առաջին տուրում ամերիկացի բասկետբոլիստները 76:83 հաշվով անակնկալ պարտություն էին կրել Ֆրանսիայի հավաքականից: Խմբային փուլի վերջին տուրում ԱՄՆ-ի հավաքականն ուժերը կչափի չեխերի հետ:
ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԱՍՏՂԵՐԻ ՑԱՆԿԸ
Ըստ Forbes-ի՝ 2020 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Նուրմագոմեդովը վաստակել է 12 մլն դոլար, իսկ նրա մասին ԶԼՄ-ներում հիշատակվել է 103 389 անգամ։ Բացի այդ, մարզիկը YouTube-ում եւ Instagram-ում ունի մեծ թվով հետեւորդներ։ Նրան անմիջապես հաջորդում է ռեփեր Ալիշեր Մորգենշթերնը՝ 7,4 մլն դոլար եկամուտով։
Երրորդ հորիզոնականում հայտնվել է հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան, որը հիշյալ ժամանակահատվածում վաստակել է 3,3 մլն դոլար։
Առաջին տասնյակում են ռեփեր Տիմատին, երաժիշտ Սերգեյ Շնուրովը, հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ռեփեր Բաստան, ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբան եւ երգչուհի Պոլինա Գագարինան:
Վարկանիշը ձեւավորվում է մի քանի ցուցանիշներից ելնելով, այդ թվում՝ տարեկան եկամտի գումարը, YouTube-ում եւ Instagram-ում հետեւորդների թիվը, Google-ում հարցումները, ԶԼՄ-ներում հիշատակումները, ինչպես նաեւ սոցցանցերում հիշատակումների հաճախականությունը:
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԵԼՈՒՅԹԸ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը: 100 մետր ազատ ոճում 18-ամյա մարզուհին գրանցեց 59.18 վայրկյան արդյունք եւ չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Երկրորդ լողահերթում նա 6-րդն էր: Ընդհանուր հաշվարկում նա 45-րդ տեղը գրավեց 51 մասնակիցների մեջ: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-16-րդ տեղ գրաված լողորդները: Որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցեց ավստրալուհի Էմա Մքկեոնը, որը սահմանեց օլիմպիական ռեկորդ (52.13):
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Վարսենիկ Մանուչարյանը եւ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) Հայաստանի դրոշակակիրներն էին:
Տոկիո-2020-ի լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին 38-րդ տեղն էր գրավել 100 մետր ազատ ոճում՝ գրանցելով 49.78 վայրկյան արդյունք: Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաեւ 50 մետր ազատ ոճում: