ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

Երեկ Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն, Զովաշեն գյուղեր տանող ճանապարհին հավաքվել էին Արարատի մարզի մի քանի բնակիչներ, որոնք պահանջում էին, որպեսզի պատկան մարմինները վերջապես հստակ պատասխանեն, թե երբ են կատարելու իրենց խոստումը։  Նրանք պահանջում էին լուծել իրենց ճանապարհի հարցը, որն ամբողջությամբ քարուքանդ վիճակում է գտնվում:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ՍՈՑԻԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ովքեր ունեն պետական նպաստի իրավունք:

Սիրանույշ Գալստյան (52 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին: Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ` բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:

Կարինե Մելքոնյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը` լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ), 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական):

Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ. զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին. արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր՝ միջազգային եւ հանրապետական մրցույթների դիպլոմները, ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաեւ փաստաթղթերն ընդունելու եւ ձեւակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը:

 

 




Լրահոս