Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասով միջազգային հանրությունը կրկին ակտիվացել է եւ հանդես է գալիս տարատեսակ հայտարարություններով:
Մասնավորապես, երեկ ԵԱՀԿ գործող նախագահը, Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարություններով, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն է հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հետ:
Համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունները:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ևս հանդես է եկել հայտարարությամբ: Թվիթերում նա գրել է. «Հայ – ադրբեջանական սահմանին բազմաթիվ միջադեպերի մասին հաղորդումները լուրջ մտահոգություն են հարուցում: Կողմերին կոչ ենք զարգացնել հումանիտար քայլերը և ամբողջովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որպեսզի բոլոր չլուծված հարցերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել իր կայքում, որում լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում միջադեպի կապակցությամբ: Նրանք հերթական անգամ շեշտել են, թե պատրաստ են շարունակել տրամադրել բոլոր անհրաժեշտ օժանդակությունները ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակը կարգավորելու համար և հերթական անգամ առաջարկում են հնարավորինս արագ անցնել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին:
Ն. Հ.