Սալորը շատ համեղ միրգ է, որն ունի քաղցրաթթու համ և օգտագործվում է տարբեր եղանակներով: Այս պտուղն օգտագործվում է ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում, ջեմի, հյութի, մուրաբայի տեսքով և այլն: Այն շատ օգտակար է և միևնույն ժամանակ ունի շատ ցածր կալորիականություն: Ձեզ ենք ներկայացնում սալորների օգտակար հատկություններից մի քանիսը:
Սալորները հարուստ են վիտամիններով (A, B1,B2, P, C և այլն), ինչպես նաև օգտակար միկրոտարրերով (ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, մանգան, քրոմ և այլն):
Սալորի կալորիականությունը շատ ցածր է: Այն գրեթե չի պարունակում ճարպեր, սակայն հարուստ է մանրաթելերով ու օրգանական թթուներով, որոնք նպաստում են նյութափոխանակության արագացմանը: Սակայն չի կարելի չարաշահել սալորը, քանի որ այն, ինչպես և շատ այլ մրգեր, պարունակում է մեծ քանակությամբ շաքար:
Սալորում պարունակվող երկաթը կարող է օգնել երկաթդեֆիցիտային անեմիայով տառապող մարդկանց: Բացի այդ, այս միրգը նաև շատ օգտակար է սրտի, երիկամների և լյարդի հիվանդությունների դեպքում, քանի որ բարելավում է օրգանիզմի նյութափոխանակությունն ու օժտված է լեղամուղ հատկություններով:
Սալորները պարունակում են կումարին՝ նյութ, որը կանխում է թրոմբների առաջացումն ու բարելավում արյունատար համակարգի աշխատանքը:
Այս հրաշալի միրգն օգտագործվում է նաև կոսմետոլոգիայի ոլորտում՝ որպես մաշկի ու մազերի խնամքի բնական միջոց:
Հարկ է նաև հիշել, որ սալորներն առավել օգտակար են թարմ վիճակում, այլ ոչ թե խոհարարական ուտեստներում: