Թավշյա վիտամին. ինչու՞ պետք է դեղձն ավելացնել ամառային սննդակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեղձն ամառվա ամենաօգտակար մրգերից է, որի սեզոնը սկսվում է հուլիսի կեսերին և տևում է մինչև սեպտեմբերի վերջ։ Թավշյա միրգն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, սակայն այն նաև ունի հակացուցումներ։

Եվ այսպես ներկայացնում ենք դեղձի օգտակար և վնասակար հատկությունները։

Օգտակար հատկություններ

Դեղձի օգտակար հատկություններից է նրա բույրը։ Այո–այո, ապացուցված է, որ այն ներգործում է որպես հակադեպրեսանտ։ Դեղձը պարունակում է ֆոսֆոր և կալիում, ինչի արդյունքում նպաստում է տրամադրության բարձրացմանը, ուղեղի աշխատանքին, դրական է ազդում հիշողության վրա, օգնում է կենտրոնանալ։

Դեղձի միջուկը պարունակում է օրգանական թթուներ, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ, պեկտինային նյութեր, կարոտին, հանքանյութեր` կալիում, ֆոսֆոր, երկաթ, մանգան, պղինձ, սելեն, մագնիում, ցինկ։ Վիտամինների նման պաշարի շնորհիվ դեղձը խորհուրդ են տալիս օգտագործել մրսածության և ավիտամինոզի (վիտամինային անբավարարություն) կանխարգելման նպատակով։

Դեղձն ամրապնդում է օրգանիզմը, այն խորհուրդ են տալիս երկարատև հիվանդության հետևանքով հյուծված մարդկանց։ Ի դեպ, դեղձի հյութն օգտակար է ստամոքսի հիվանդությունների, ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում։ Դեղձը նաև արդյունավետ միզամուղ է, այն նպաստում է երիկամներից ավազի դուրս բերմանը։

Դեղձը խորհուրդ է տրվում օգտագործել նաև սրտային հիվանդությունների դեպքում, քանի որ այն պարունակում է կալիումի աղեր, որոնք նպաստում են սրտի ամրապնդմանը։ Դեղձը նաև օգտակար է ցածր հեմոգլոբինի դեպքում, այդ պատճառով այն հատկապես խորհուրդ է տրվում օգտագործել հղիներին և երեխաներին։

Դեղձի կանոնավոր օգտագործումը դրական է ազդում մաշկի վիճակի վրա, այն պահպանում է խոնավությունը բջիջներում և կանխարգելում է կնճիռների առաջացումը։

Հակացուցումներ

Դեղձը խորհուրդ չի տրվում անհատական անտանելիության կամ ալերգիայի, շաքարային դիաբետի և ճարպակալման դեպքում, քանի որ պարունակում է մեծ քանակի ածխաջրեր և շաքար։

Դեղձը խորհուրդ չի տրվում նաև այն մարդկանց, ովքեր ունեն գաստրիտ`բարձր թթվայնությամբ, խոցեր, ստամոքսի խանգարում, փորլուծություն, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի ցանկացած հիվանդություն, որոնց դեպքում անհրաժեշտ է սահմանափակել թարմ մրգերի օգտագործումը։




Լրահոս