Սյունիքի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների, հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետության և օրինականության վիճակը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մտահոգիչ ծավալներով ավելացել են ապօրինի անտառահատումների դեպքերը, դրանով պայմանավորված՝ նաև հարուցված քրեական գործերը:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների գործունեության արդյունքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 43 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերն ավելացել են 28-ով կամ շուրջ 186%-ով: Դրանցից 20-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (5 քրեական գործ) ավելի են 4 անգամ:
Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հետաքննության և նախաքննության փուլերում գտնվող գործերով առաջնային նշանակություն է տրվում բնությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնմանը: Մասնավորապես, հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 35մլն ՀՀ դրամ: Շուրջ 5մլն ՀՀ դրամի չափով վնասի հատուցմանն ուղղված քրեական գործերը կասեցվել են որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու հիմքով, իսկ մնացած շուրջ 30մլն ՀՀ դրամի չափով վնասի հատուցմանն ուղղված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Թեև ապօրինի անտառահատման դեպքերի և դրանցով քրեական վարույթների քանակական աճը մեծապես պայմանավորված է բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի գրանցման, բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ, սակայն ակնհայտ է, որ անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների կանխարգելման, փայտանյութի տեղափոխման ճանապարհների, անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության առումով առկա են խնդիրներ:
Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2021թ. 1-ին կիսամյակում արձանագրված ապօրինի ծառահատումների դեպքերով պետությանը պատճառված վնասների մի մասը հնարավոր չի դառնում վերականգնել հիմնականում հանցանք կատարած անձանց բացահայտելու անհնարինության պատճառով: Բացի այդ, արձանագրված ապօրինի ծառահատումների կեսից ավելիի դեպքերում հնարավոր չի լինում քրեական գործեր հարուցել և ապօրինի ծառահատումներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել հատումները փոքր ծավալներով կատարելու և պետությանն ու բնությանը պատճառված վնասի՝ քրեական գործերի հարուցման համար անհրաժեշտ նվազագույն չափը չգերազանցելու պատճառով: Ապօրինի ծառահատումների քանակական աճի վրա ազդում են նաև հետպատերազմյան շրջանում պահպանվող անտառային տարածքների նկատմամբ վերահսկողության հարցերում առաջացող օբյեկտիվ բարդությունները:
Հաշվի առնելով մարզի տարածքում ապօրինի անտառահատումների դեպքերի աճի նման մտահոգիչ դինամիկան՝ Սյունիքի մարզի դատախազը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին, ՀՀ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին և ՀՀ Սյունիքի մարզպետին:
Մարզի դատախազը բարձրացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման, ապօրինի ծառահատումները նախականխելու և կանխելու ուղղությամբ գործադրվող միջոցների արդյունավետությունը բարելավելու հրատապ անհրաժեշտությունը:
Հետագայում, դրական ցուցանիշներ արձանագրելու և ապօրինի ծառահատումների դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից խնդիր է դրվել նաև մեծացնել մարզպետարանի, դատախազության, իրավասու մյուս մարմինների մարզային կառույցների միջև համագործակցության մակարդակը: