Տխուր են, բայց հույսեր ունեն. Քաշունիում 10 ընտաիք կա և 1 երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը իր նոր շարքով կներկայացնի, թե ինչ խնդիրներ ունեն ՀՀ գյուղերն ու բնակավայրերը: Այս անգամ զրուցել ենք Սյունիքի մարզի Քաշունի բնակավայրի վարչական ներկայացուցիչ Սասուն Սիմոնյանի հետ: Նշենք, որ 2016 թվականին Քաշունին խոշորացվել եւ միացվել է Տաթեւ համայնքին:

-Պարո՛ն Սիմոնյան, քանի՞ բնակիչ ունի այս պահին Քաշունին:

-Հիմա մի 10 տուն ապրում են, 10 ընտանիք…

– Քանի՞ երիտասարդ ընտանիք կա:

-Երիտասարդ մենակ ես եմ այստեղ, մյուսները տարիքով են, ծեր են, երկու չամուսնացած երիտասարդ տղա կա:

-Ինչո՞ւ չեն ամուսնանում:

-Այ մարդ էդ ինչ հարց ես տալիս (ծիծաղում է-Ս.Հ.)…

-Գյուղեր կան, որտեղ երիտասարդները չեն ամուսնանում, քանի որ աշխատանք չունեն…

-Այս մարդիկ էլ չունեն աշխատանք, անասուն են պահում…Այստեղ մարդիկ գյուղատնտեսությամբ են զբաղվում ու ապրում են: Բոստան են անում, անասուն են պահում:

-Պարո՛ն Սիմոնյան, դպրոց չունե՞ք:

-Դպրոց էլ չունենք, մանկապարտեզ էլ չկա, նման բաներ չկան:

-Երեխա՞ էլ չկա:

-Երեք երեխա գյուղում կա, իմոնք են, որից երկուսին ուղարկել եմ Երեւան՝ դպրոց: Մինչեւ պատերազմը Աղվանի էին գնում, հիմա տեղափոխել եմ Երեւան՝ երկուսին էլ:

-Ձեզանից հեռու դպրոց են գնալու…

-Հա, հարազատի տանն են ապրում, բայց պուճուրը մոտս է: Դպրոցն ավարտեն, պետք է ինստիտուտ դիմեն:

-Քաշունիում վերջին երեխան ե՞րբ է ծնվել:

-Մի տարի առաջ, այն էլ իմն է՝ 2 տարեկան չկա, այս ամիս կդառնա: Ծերացող գյուղ է, ձմռանն այստեղ մարդ չի մնում, իմ ընտանիքն է ու մի տատի, պապի: Հիմա ամառ է, եկել են: Պետք է վերաբնակեցնեն այս գյուղը, այլ ելք չկա. պայմանները կան, մենք ոնց ենք ապրում: Ես չեմ էլ ուզում Քաշունիից գնամ, ֆերմա ունեմ, գյուղատնտեսությամբ եմ զբաղվում: Տխուր է, բայց հույսեր ունենք:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս