ArmLur.am-ը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի Գեղարքունիքի մարզում երկու օր ընթացող մարտերի հետ կապված: Մեր զրուցակիցն ասաց, որ Արցախը վահան էր, որը պահում էր սահմանները, ու հիմա ադրբեջանական կողմը այն ջարդուխուրդ է արել ու նպատակներ դրել իր առաջ: Բաբայանը ներկայացրել է իր տեսլականը, որով կարող ենք արդյունքի հասնել:
-Արդեն 2-րդ օրն է՝ Գեղարքունիքի մարզի հատվածում ադրբեջանական կողմը սադրանք է հրահրում, կրակոցներ են, ունենք զոհեր ու վիրավորներ: Նախօրեի գիշերն էլ շարունակվել է փոխհրաձգությունը: Սա ինչի՞ հետեւանք է՝ ըստ Ձեզ: Ի՞նչ պետք է սպասել: Ի՞նչ է ուզում Ադրբեջանն արդեն հայկական սահմաններից:
-Դա օբյեկտիվ իրականություն է ու շարունակականությունն է իրենց քաղաքականության: Արցախի թուլացումը վահանի կոտրումն է, չեմ ասում, որ վահանը ոչնչացված է, բայց վահանը ջարդուխուրդ լինելուց հետո. ասենք, որ Արցախը որպես վահան ջարդված է, բնական է՝ շարունակությունն այս է, հակառակորդն իր ծավալապաշտական նկրտումները ուղղում է Հայաստանի դեմ, ինչը բնական է: Նրանք երբեք չեն թաքցրել դա: Մենք բազմիցս ասում էինք, որ այսպես է, սա այլ խնդիր է, նույնիսկ տերմինաբանությամբ իրենք երբեք չէին օգտագործում ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը, ինչպես մենք էինք օգտագործում: Նրանք օգտագործում էին հայ-ադրբեջանական հակամարտությունը: Այսինքն՝ նրանք պայքարը դրել են երկու ժողովուրդների մեջ՝ Արցախից հետ չեն կանգնելու: Բնական է, որ նրանք ունեն ծավալաաշտական ծրագրեր: Ստեղծել են արեւելյան Զանգեզուր տնտեսական շրջանը, հետո հայտարարել են արեւմտյան Զանգեզուրի մասին, ինչը մենք կանխատեսել էինք: Եվ այդ ծավալապաշտական նկրտումները շարունակվում են, նրանք նպատակն է կլանել Հայաստանի ներկայիս տարածքներից այն, ինչը մնացել է:
-Ո՞րն է մեր անելիքն այս պարագայում: Միջազգային կառույցները չեն արձագանքում, միայն միջամտում է ռուսական կողմը: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի ադրբեջանական ագրեսիան կանխվի:
-Իրավիճակն իսկապես բարդ է, բայց այնպես չէ, որ որեւէ բան հնարավոր չէ անել: Ամեն ինչ էլ կարող ենք անել ճիշտ աշխատանքի պարագայում: Եթե մենք հույսներս դնենք միջազգային հանրության վրա, որեւէ բան չի ստացվելու, որովհետեւ միջազգային հանրությունն ինքնին խայտաբղետ հասկացողություն է: Միջազգային հանրության անդամ է Պակիստանը, Թուրքիան, որոնք հիմա Շուշիում են այս պահի դրությամբ: Կան երկրներ, որոնք բացահայտ կերպով պաշտպանում են Ադրբեջանին, կան երկրներ, որոնք առհասարակ անտարբեր են, կան երկրներ, որոնք ի վիճակի չեն ինչ-որ ձեւով օգնել, եթե նույնիսկ ուզում են: Դրա համար ի՞նչ պետք է անել. այո, միջագզային իրավունքից չհրաժարվել, աշխատել, բայց հիմնական շեշտը դնել երկկողմ հարաբերություններ վրա: Մեր եղբայրական երկրների հարաբերությունների զարգացման վրա պետք է շեշտը դնել: Միայն դրանով մենք կարող ենք կանգնեցնել այս սարսափելի ոտնձգությունները: Դա խաղ ու պար չէ, նոր ճակատ են բացել Հայաստանի դեմ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՔՊ ՆԻՍՏԸ` ԿԱՆԱՆՑ ՄԵՆԱՄԱՐՏ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավորների նիստը խմբակցության կին պատգամավորները վերածել են մենամարտի: Բանն այն է, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խմբակցությանը հանձնարարել է իրենց մեջից ընտրել բոլոր հանձնաժողովների նախագահներին ու դրա մասին իրեն զեկուցել: Բայց, արի ու տես, խմբակցության կին պատգամավորները՝ Մարիա Կարապետյանի գլխավորությամբ, որոշել են բոլոր հանձնաժողովները վերցնել իրենց հսկողութան տակ ու առաջադրել իրենց «թայֆայից» տարբեր անձանց: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվա նիստն այնքան թեժ է անցել, որ խմբակցությունը կարողացել է ընդամենը երկու հանձնաժողովի նախագահ ընտրել:
Ըստ մեր տեղեկությունների` շատ թեժ իրավիճակ է ստեղծվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ, երբ իմքայլական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը եւս իր թեկնածությունն է առաջադրել ու Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Լենա Նազարյանը հայտարարել են, որ հենց Տիգրանյանին է պետք ընտրել այդ պաշտոնում: Պարզվել է` այդ խումբը տեւական ժամանակ է` ձեւաչափեր է փնտրել խմբակցության ապացուցելու համար, թե Հերիքնազ Տիգրանյանը միակն է, որ կարող է այդ պաշտոնը զբաղեցնել:
Հանձնաժողովի նախագահի մյուս թեկնածուն եղել է հանձնաժողովի ներկայիս նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որին կանայք դեմ են եղել ու սկսել են նիստի ժամանակ քննադատել ու վատաբանել նրա աշխատանքը: Իրավիճակն այնքան է թեժացել, որ կանանց «բազառին» խառնվել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ու փորձել է իրավիճակը հանդարտեցնել: Սիմոնյանին հաջողվել է խմբակցության նիստը շուկայի վերածած կանանց «տեղը դնել»:
Պարզվում է՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Սուրեն Գրիգորյանը այդ կանանց «ռուլիտ» են անում ու ամեն ինչ անում են, որ հանձնաժողովը իրենց համար ցանկալի անձ ընտրի: Վերը նշված կանանց խումբը նպատակ ունի տարբեր հանձնաժողովներում առաջադրվել ու ամեն քայլի դիմել հանձնաժողովները կառավարելու համար:
Ու այսքան երկար պայքարից հետո ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցը դրվել է գաղտնի քվեարկության. ու արդյունքում Հերիքնազ Տիգրանյանը պարտվել է. խմբակցությունը ընտրել է Վլադիմիր Վարդանյանին:
Այնուհետեւ քննարկել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցը, ու արդյունքում ընտրել են Անդրանիկ Քոչարյանին:
Առաջիկայում նիստը պետք է շարունակեն, որպեսզի մյուսներին եւս ընտրեն: Թեժ իրավիճակ է սպասվում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, քանի որ այստեղ եւս կանանց թեւն ուզում է առաջադրել Հերիքնազ Տիգրանյանին, որտեղ կառաջադրվի Արսեն Թորոսյանը եւ Նարեկ Զելնալյանը, որին էլ ցանկանում են կրկին տեսնել հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Բայց թե վերջում ինչ կլինի, դժվար է ասել:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԱԿԱՆՋ ԾԱՄՈՂԸ՝» Tik-Tok-ՈՒՄ
Հայաստանում պետական պաշտոնյաները պարապ են, կարեւոր գործերը մի կողմ դրած՝ իրենց ժամանակն անցկացնում են Tik-Tok սոցիալական ցանցում: Արդեն մի քանի օր է, ինչ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանն է քննարկվում, որը Tik-Tok-ում տեսանյութեր է հրապարակում մուլտիֆիլմերի հերոսների ձայներով: Իր մասին հիշեցրեց հայտնի ականջ ծամողը՝ Նուարդ Վարդանյանը, որն, ի դեպ զբաղեցնում է Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նա Tik-Tok-ում տեսանյութ է հրապարակել՝ նկարահանված հենց ավագանու նիստից, որտեղ ցուցադրել է քաղաքապետ Հայկ Մարությանին, ապա սարկազմով նշել որ քաղաքապետը եկել է: Խոսքը Նուարդ Վարդանյանի մասին է, նույն ինքը՝ «բոլորի ականջները հատ-հատ ծամող» Նուարդ Վարդանյանը: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը դեռեւս 2019թ. իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ- հատ ծամել բոլորի ականջները»։ Այս աղջնակը տեղը չի բերում, թե որտեղ է գտնվում, ինչ նպատակով է այնտեղ եւ ինչ գործառույթներ ունի անելու: Ու այս «ականջ ծամող» երիտասարդին նշանակել են այնպիսի կարեւոր ոլորտի պատասխանատու, ինչպիսին Քաղաքաշինության ու հողօգտագործման հանձնաժողովն է: Մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգը, որն ուսումնասիրել է նաեւ իտալական մշակույթը (համենայնդեպս այդպես նշված է իր կենսագրության մեջ), պետք է կարեւոր դերակատարում ունենա մայրաքաղաքի քաղաքաշինական հարցերում: Ի դեպ, հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նուարդ Վարդանյանն էլ հենց այս ընթացքում պայքար է մղում Հայկ Մարությանի դեմ, բայց Աստծուն փառք տանք, որ Նուարդը Tik-Tok-ում է եղել, ոչ թե ականջ ծամելով է զբաղվել:
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
«Կրկին հայտարարում ենք, որ 2020թ. սեպտեմբերին Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի արդյունքում ԱՀ տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը անթույլատրելի են։ Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի»,- հայտնել է Արցախի ԱԳՆ-ն: «Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք: Հակամարտության համապարփակ կարգավորման եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը»,- ասված է հաղորդագրության մեջ։