ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ՝ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ հանրային ծառայություները կարգավորող  հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով: Դատախազությունը հետ է վերադարձրել նախաքննական մարմնի որոշումը: Ասել է թե՝ ՀՔԾ-ն նախկին պաշտոնատար անձանց մասով նորմալ քննություն  չի իրականացրել, եւ դատախազը որոշել է  քրեական  գործը կրկին ուղարկել հետ:

 

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում մեղադրյալ է ներգրավված նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ ՀՔԾ-ի՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով՝ առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես՝ առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորահէկ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,6 միլիարդ ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, մինչդեռ դրա շուկայական գինը կազմել է 4.6 միլիարդ դրամ: Արդյունքում այն իրացվել է իրական արժեքից պակաս գումարով: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ  Ռոբերտ Նազարյանին, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Վերջինս չէր ընդունում մեղադրանքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում պնդել էր՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ռոբերտ Նազարյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ՀՔԾ-ին հորդորում են «օգտագործել դեռեւս առկա հնարավորությունը եւ առարկայազուրկ գործը չհասցնել դատարան»:

Ի պատասխան՝ ՀՔԾ-ն էլ  որոշել էր չլռել եւ պատասխան էր տվել պաշտպանին. «Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալների անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձեւավորելու անհեռանկար փորձ է, քանի որ Ռոբերտ Նազարյանին առաջադրված մեղադրանքը, որի նկարագրությունը մանրամասն ներկայացված է 10.04.2021 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ, առավել քան հիմնավորված է գործի նախաքննության ընթացքում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված հավաստի, փոխկապակցված, բազմաթիվ ապացույցների համակցությամբ»:

Սակայն դատելով իրավիճակից՝ ՀՔԾ-ի ամպագորգոռ հայտարարություններին բավականին կոշտ պատասխան տվեց դատախազությունը  եւ  ՀՔԾ քննիչի որոշումը, թե քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ  կարող են այն ուղարկել դատարան, մերժեց ու  կրկին այն ուղարկեց ՀՔԾ՝ նոր քննության:

Մեզ հետ զրույցում Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեջլումյանը հաստատեց, որ դատախազը  քրեական գործը ուղարկել է  Հատուկ քննչական  ծառայություն,  եւ իրենք որեւէ այլ  տեղեկություն չունեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐ ՉԵՆ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ

2020թ. թվականի հուլիսի 1-ից Հայաստանում վաճառվող միսը պետք է լիներ   մասնագիտացված սպանդանոցներում անասունների մորթի արդյունքում, սակայն հետո այդ պահանջի իրականացման ժամկետը երկարաձգվել է։ Տավուշի մարզում 2020թ. գործում էր 3 սպանդանոց Բերդ քաղաքում, Նոյեմբերյան քաղաքում եւ Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում, որը  հարակից է Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին։ Տավուշի մարզպետարանից անցյալ տարի հայտնել էին, որ 2020 թվականին Տավուշի մարզում    շահագործման է հանձնվելու եւս 11 սպանդանոց, սակայն մարզում սպանդանոցների գործարկման գործը ձգձգվում է, քանի որ շատ սպանդանոցների գործարկման համար գոյություն ունեն փաստաթղթային խնդիրներ, նաեւ հողհատկացման հետ կապված հարցեր։  Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ ներկայումս մարզում գործում են նախկինում առկա  3 սպանդանոցները, եւս 4-ի շինարարությունն ընթացքի մեջ է։ Դրանք կառուցվում են Իջեւան  քաղաքում,  Գանձաքար  գյուղում եւ Բերդ համայնքի Նավուր գյուղում։ Դիլիջան խոշորացված համայնքում, որն ընդգրկում է Դիլիջան քաղաքը եւ այդ տարածաշրջանի 6 գյուղեր, ոչ մի  սպանդանոց չկա ու չի կառուցվում։ Դիլիջանի տարածաշրջանում կան անասնապահական խոշոր տնտեսություններ, որոնք իրենց տարածքում անասունների մորթ են կատարում։

 

ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻԱԿ ՏՂԱՆ

Հուլիսի 30-ին Բերդ համայնքի Չինչին գյուղում կհուղարկավորեն հունիսի 28-ին Գեղարքունիքի սահմանագծում զոհված Դավիթ Գառնիկի Քոչարյանին։ Նա Չինչինի միջնակարգ դպրոցի 2020 թվականի միակ շրջանավարտն էր։ Չինչինի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանը հայտնեց, որ ինքն է Դավիթ Քոչարյանի մարմինը Մարտունիից տեղափոխել հայրենի գյուղ։ Որդու  հուղարկավորության կապակցությամբ  Մոսկվայից գյուղ են եկել Դավթի ծնողները, ովքեր մի քանի տարի  այնտեղ աշխատում են։ Գյուղում Դավթի ծնողները մինչեւ Մոսկվա մեկնելը Չինչինում զբաղվում էին գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ։ Չինչինի  վարչական ղեկավարն ասաց, որ Դավիթ Քոչարյանը Արցախում 44-օրյա պատերազմի մասնակից էր, մեկ տարվա զինծառայող։ Նա ընտանիքի միակ տղան էր, ուներ քույր։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԱՅՑԵՐ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը եւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, պաշտպանի որոշմամբ, 2021 թվականի հուլիսի 23-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Արագածոտնի եւ Շիրակի մարզերի՝ ազատությունից զրկման վայրեր: ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրվել են Արագածոտնի եւ Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (Աշտարակի, Ապարանի, Մարալիկի, Գյումրու նստավայրեր) ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու համար նախատեսված խցերը, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի, Շիրակի մարզային վարչության Արթիկի եւ Գյումրի քաղաքի Մուշի բաժինների ձերբակալվածների պահման վայրերը, ինչպես նաեւ Կումայրիի բաժնում տեղադրված տեսաձայնագրման համակարգերը:

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, մատյանների եւ բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի եւ սննդամթերքի տրամադրման հարցերը, աշխատակիցների աշխատանքային պայմանները եւ այլն: Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների պատասխանատու աշխատակիցների հետ: Այցերի արդյունքում վեր հանված խնդիրները եւ դրանց լուծման առաջարկները կամփոփվեն վերլուծական տեղեկանքներում, որոնք կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:

 

 

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է

Կառավարությունը դադարեցրել է «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը: Նախագծի անհրաժեշտությունը բխում է «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Գորիսի մասնաճյուղի գործունեության հետագա անհնարինությամբ:

Գորիսում ինստիտուտի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 547-Ն որոշմամբ: Մասնաճյուղը բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցել Թատերական արվեստ մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով /լիցենզիայով նախատեսված է 1-4 կուրսերի համար 9-ական սահմանային տեղ/: Վերջին երկու ուսումնական տարում այստեղ ընդունելություն չի իրականացվել: Ներկայումս մասնաճյուղում  սովորում է  չորս ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են: Դասավանդումն իրականացվում էր հիմնականում Երեւանից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով: Ինստիտուտի ֆինանսական հնարավորություններ բավարար չեն  մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, համապատասխան մասնագետների վարձատրություն: Մասնաճյուղի հիմնական ֆինանսական կայունությունը ապահովվել է պետպատվերի շրջանակում ֆինանսավորման հաշվին /2013-2014 ուս. տարում սովորում էր 20 պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող ուսանող եւ 5 վճարովի սովորող, 2017-2018 ուս. տարում մասնաճյուղն ավարտել է 9 անվճար՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող ուսանող, 2018-2019 ուս.տարում՝ 4 անվճար եւ 5 վճարովի սովորող/:

 

 




Լրահոս