ՆԱԽԱԳԻԾԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԲՈՒՀԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննարկվել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը: Հայաստանում դոկտորական կրթության զարգացման համար հայեցակարգային ուղղությունների եւ լուծումների առաջադրման նպատակով ստեղծվել են հինգ աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքները բաժանվել են հետեւյալ ուղղություններով՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ընդունելություն, կրթության եւ հետազոտության կազմակերպում, աստիճանաշնորհում, բուհ/գիտահետազոտական կազմակերպություն-արդյունաբերություն կապ:

 

Նախագծում ներգրավված բոլոր հաստատությունների առավելագույն մասնակցությունը եւ մասնակցային բարեփոխումներն ապահովելու համար վերոնշյալ աշխատանքային խմբերում ներգրավվել են ծրագրի անդամ բուհերի եւ գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական եւ վարչական անձնակազմերից, ինչպես նաեւ ԿԳՄՍ ներկայացուցիչներ: Որպես առանցքային խնդիր՝ քննարկվել է PHD-ի հետկանչման մեխանիզմը: ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի ներկայացմամբ՝ ուղիղ մեխանիզմ դեռեւս չկա, բայց կա իրավական տեսանկյունից այդ ամենն անելու փորձ: Նա առաջարկել է ՌԴ-ում ներդրած մեխանիզմն ուսումնասիրել եւ հասկանալ հետագա անելիքը: Ըստ կողմերի եզրակացության՝ պետք է հայեցակարգում ամրագրել PHD-ի հետկանչման մեխանիզմի անհրաժեշտությունը՝ ապագայում մոտեցումներն ու քայլերը հստակեցնելու հեռանկարով: Կարեն Թռչունյանն անդրադարձել է նաեւ կրթական երրորդ մակարդակում հետազոտողի դիպլոմի անհրաժեշտությանը. «PHD-ն՝ որպես կրթական երրորդ մակարդակ, ամփոփվում է գիտական աստիճանի շնորհմամբ. արդյոք անհրաժեշտություն չկա՞ ասպիրանտական կրթական համակարգն ավարտողին տալ հետազոտողի դիպլոմ, թե՞ պետք է սահմանափակվել գիտական աստիճանով»,-նշել է նա:  Ըստ մասնակիցների՝ նշյալ փատաթուղթը կարող է փոխարինվել նաեւ վկայականով կամ տեղեկանքով:

Աշխատանքային խմբերի ներկայացուցիչների խոսքով՝ հայեցակարգում ներառել են մշտադիտարկման մեխանիզմների անհրաժեշտությունը, որը ենթադրում է՝ բուհը պետք է հաշվետու լինի: Մեկ այլ կարեւոր հարց, որը եւս բարձրացվել է, դոկտորական կրթության համար «Doctor school» կամ ֆակուլտետ ունենալու անհրաժեշտության քննարկումն էր: Որպես տարբերակ՝ քննարկվել է որեւէ բուհի կամ բուհերի պատվիրակել, որպեսզի իրականացնեն դոկտորական կրթություն. բուհերին տալ որոշակի դասակարգում, եթե բավարարում են այսինչ պահանջներին, տրվի PHD ընդունելու իրավունք: Ըստ աշխատանքային խմբի՝ հայեցակարգում ավելացվել է սյունակ՝ հայտերում գիտական ղեկավարի մասին տեղեկատվության վերաբերյալ: Առաջարկվում է նաեւ վերանայել մասնագիտական քննության ձեւաչափը: Քննարկվել են նաեւ գիտական հետազոտության ֆինանսավորման մեխանիզմները, այս կրթական ծրագրին լծորդված Պն-ի տարկետման խնդիրը, որը կարող է խոչընդոտել գործընթացը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են, որ հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի բուհերին՝ կարծիք հայտնելու համար:

 

 

ՏԱՐԿԵՏՈՒՄ՝ 7 ՀՈԳՈՒ

Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչեւ 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց մշակույթի եւ արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 7 քաղաքացիների: Այդ անձինք են Միսակ Սամվելի Հարթենյանը, Արմեն Լեւոնի Պուչինյանը, Դանիել Հրանտի Մելքոնյանը, Հայկ Արամի Գուրգենյանը, Միքայել Նարեկի Աղաջանյանը, Անդրանիկ Արմենի Աղաջանյանը: Իսկ Գագիկ Աշոտի Վարդանյանին տարկետում է տրվել մինչեւ 2022 թվականի ամառային զորակոչը: «Մշակույթի եւ արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի եւ արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաեւ հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում»,- նշված է կառավարության որոշման մեջ:

 

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ տուրի պատասխան խաղում լավ արդյունք գրանցելը կապում է լավ պաշտպանության հետ: «Առաջին խաղից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել։ Հաշիվը հուշում է, որ պաշտպանությունում պետք է գրագետ խաղանք եւ բացառենք առաջին խաղում թույլ տված տարրական սխալները։ Պարզ է, որ գոլ բաց թողնելու իրավունք չունենք, լավ պաշտպանություն եւ որակյալ հարձակում. սա է մեր ծրագիրը։ Ֆուտբոլում մեծ դեր ունեն երկրպագուները։ Նրանց համար ենք խաղում։ Գիտենք, որ «Շլյոնսկը» ունենալու է երկրպագուների մեծ աջակցություն, բայց մենք էլ ունենք մեր երկրպագուները, որոնք հեռվից, բայց երկրպագելու են մեզ։ Եթե ցանկություն ունենք լավ խաղալու, ապա պետք է հաղթահարենք այդ ճնշումը»,-նշել է Բիչախչյանը:

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցում է Վրոցլավը ներկայացնող «Շլյոնսկի» հետ։ Թիմերի առաջին խաղը կայացավ Գյումրիում հուլիսի 22-ին եւ ավարտվեց լեհական թիմի 4։2 հաշվով հաղթանակով։

 

 

ԲԱՐԴ ՀԱՂԹԱՆԱԿ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանի համար Օլիմպիական խաղերում առաջին հաղթանակը բարդ էր: Դարչինյանի խոսքով՝ առաջին մրցակցի` Սլովակիայից Անդրեյ Շեմեզի հետ մենամարտի առաջին ռաունդը բարդ էր: «Սա նրա երկրորդ մենամարտն էր Օլիմպիական խաղերում: Նա բարդ մրցակից էր, մենամարտն էլ դժվարին ստացվեց: Երկրորդ ռաունդից հետո հասկացա, որ հոգնել է, եւ մեծացրեցի ճնշումը»,-ասել է նա:  Դարչինյանի խոսքով` հաջորդ մրցակիցը քառորդ եզրափակիչում իրեն ծանոթ է, սակայն ամեն ինչ կերեւա ռինգում: Անդրադառնալով համավարակի պայմաններում անցկացվող Օլիմպիական խաղերին՝ նա շեշտել է, որ մարզիկներն օլիմպիական ավանում ազատ են, սակայն վերահսկողության ներքո, բայց դա չի խանգարում մարզումներին: Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում նա պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը չափեց Անդրեյ Շեմեզի (Սլովակիա) հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթել է 5:0 հաշվով:Հայ մարզիկի հաջորդ մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին:

 

 

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՄԱՀԱՑԵԼ Է

88 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհի Մերի Շահբազյանը։ Թատրոնի կայքի հաղորդմամբ՝ առաջին դերը, որ մեծ հաջողություն բերեց թատերական ինստիտուտից ուղղակի թատրոն եկած դերասանուհուն, Մայան էր «Ծղնեթցի Մայան» օպերետում: Մերի Շահբազյանի մարմնավորած կենտրոնական դերերից են Ժոզեֆինա («Երազիկ»), Սաթենիկ («Երեւանյան վարդերը»), Օլգա («Հրաշալի օր»), Սոնա եւ Կեկել («Հին Թիֆլիսում»), Լաուրա («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»):

 

 

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

ՊՍԺ-ի խաղացողներ, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը PSG Magazine-ի տասնամյակի կապակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Paris United-ին պատմել են թե ինչ երազանքներ ունեն։ «Իմ ամենամեծ երազանքը ՊՍԺ-ի կազմում Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է։ Դա կլիներ մեծագույն իրադարձություն։ Վատ չէր լինի նաեւ երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն դառնալ ազգային թիմի հետ»,- ասել է Մբապեն։

Նեյմարը պատասխանել է, որ ՊՍԺ-ի հարցում համամիտ է ակումբակցի հետ, սակայն աշխարհի հաջորդ առաջնությունում հաղթելու է Բրազիլիան։ «Իմ ամենամեծ երազանքը եւս Չեմպիոնների լիգայի գավաթն է ՊՍԺ-ի հետ, իսկ Բրազիլիայի հետ՝ հաջորդ աշխարհի գավաթը»,- ասել է Նեյմարը։

 

 

 




Լրահոս