
Լիտվայի սահմանային անցակետերում ներկայում տեղակայված է 2 հազար միգրանտ՝ եկած Բելառուսից: Անօրինական միգրանտներին տեղակայելու համար Վիլնյուսը դիտարկում է ԵՄ անդամ մյուս երկրներին դիմելու հնարավորությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լիտվան հասել է սահմանային անցակետերում միգրանտների տեղաբաշխման հնարավորությունների վերջնակետին: Լիտվայի Պետական սահմանի անվտանգության ծառայության ղեկավար Ռուստամաս Լյուբաևասը նշել է, որ երկրի բոլոր անցակետերը լցված են:
«Բոլոր սահմանային անցակետերը լի են միգրանտներով: Նրանց տեղակայելու հարցում մենք հասել ենք մեր հնարավորությունների առավելագույնին»,- ասել է նա:
Նշվում է, որ օրեցօր միգրանտների թիվն ավելանում է: Միայն օգոստոսի 2-ի առավոտյան սահմանն անօրինական հատել է 109 միգրանտ: 2021 թվականի սկզբից մինչև հիմա լիտվական սահմանը Բելառուսից անօրինական ձևով հատել է արդեն շուրջ 4 հազար միգրանտ: Դա մի քանի անգամ ավելին է, քան 2020 թվականին: Նշվում է նաև, որ Բելառուսի տարածքից լիտվական սահմանն անօրինական հատող քաղաքացիների շրջանում շատ են անձինք Իրաքից, Իրանից և Սիրիայից: