Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիան աշխատանքից ազատել է այս մարզաձևի ազգային հավաքականի մարզչական անձնակազմին՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում անհաջող ելույթ ունենալու պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը:
Ֆեդերացիան կայացրել է որոշում, ըստ որի՝ աշխատանքից ազատվել են ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուսլան Մաշուրենկոն, ինչպես նաև նրա օգնականներ Էլխան Մամեդովը, Նազիմ Հուսեյնովը և Մեհման Ազիզովը:
«Ձյուդոյի ազգային հավաքականի անհաջող ելույթների պատճառով ամբողջ մարզչական անձնակազմն ազատվել է աշխատանքից: Ավագ մարզիչ, ուկրաինացի Ռուսլան Մաշուրենկոն և նրա բոլոր օգնականներն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից», – ասվում է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Բացի այդ, ֆեդերացիայի որոշմամբ, բարձր աշխատավարձով ձյուդոյիստների աշխատավարձերը կվճարվեն համապատասխան արդյունքների համաձայն, որոնք նրանք ցուցադրել են միջազգային հեղինակավոր մրցումներում վերջին երկու տարվա ընթացքում: