ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաժնետոմսեր և ամառանոց. որքան ունեցվածք ունի նախարարի պաշտոնում վերանշանակված Անահիտ Ավանեսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 7 նոր հրամանագիր է ստորագրել. ըստ այդմ՝ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Անահիտ Ավանեսյանը: ArmLur.am-ը ներկայացնում է առողջապահության նախարարի 2020 թվականի ներկայացրած հայտարարագիրը, ըստ որի՝ Ավանեսյանը համատեղ սեփականություն ունի, որից երկու բնակարանը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում: Իսկ երրորդ անշարժ գույքը՝ ամառանոցը, գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավանում:

Ամառանոցը գնվել է 2005 թվականին, իսկ երկու բնակարաններից մեկը՝ 2014 թվականին, մյուսը՝ 2015-ին: Բացի բնակարանից Ավանեսյանը 2015 թվականին գնել է նաեւ 2012 թվականի արտադրության Ford FIESTA 1.4 մակնիշի ավտոմեքենա: Բացի այս, նախարարն ունեցել է 1 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս:

Խոսքը «Աբովյան-39» ընկերության մասին է, որտեղից 50% բաժնետոմսերից ինքը նախորդ տարվա ընթացքում ստացել է 1.2 մլն դրամի չափով եկամուտ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ավելին, նախարարը մի առիթով պարզաբանել է, որ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից եւ այն տվել է վարձակալության: Սակայն Ավանեսյանի եկամուտը չի գոյացել միայն վարձակալության տված այդ անշարժ գույքից: Նախարարի ամսական աշխատավարձն անցյալ տարվա ընթացքում կազմել է 1 մլն 580 հազար դրամ:

Նախորդ տարեվերջին Ավանեսյանի դրամական միջոցները կազմել են 3.2 մլն դրամ եւ 600 եվրո: Նախարարն անցյալ տարում կանխիկ 1.8 մլն դրամի չափով գումար է ունեցել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Ավանեսյանը մինչեւ առողջապահության փոխնախարար նշանակվելը «Արֆարմացիան» դեղագործական ընկերության գլխավոր տնօրենն է եղել:

Այս ընկերության տնօրեններից են եղել ոչ միայն Անահիտ Ավանեսյանը, այլ տարբեր տարիներին նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը: Հավելենք, որ «Արմֆարմացիա»-ն հոգեմետ դեղերի ներմուծող է։ Այս ընկերությունը մշտապես հաղթում է պետական գնումների մրցույթում եւ գերատեսչություններին մատակարարում է դեղորայք եւ բժշկական պարագաներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս