ՄԵԿՆԱՐԿԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեցին  8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները:  Մինչեւ խորհրդարանի ղեկավարության ընտրությունը նիստը վարում էր ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը: Եվ չնայած նա փորձառություն ուներ վարելու նաեւ վեցերորդ եւ յոթերորդ գումարման խորհրդարանները, սակայն այս անգամ դա փորձություն էր:

 

«Հայաստան» դաշինքը պահանջեց ապահովել նիստին Մեղրիի եւ Սիսիանի նախկին համայնքապետեր Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի մասնակցությունը, որոնք կալանավորված են քրեական գործերով, սակայն պատգամավոր են ընտրվել դաշինքի ցուցակով:

«Այո՛, պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի, բայց տվյալ պարագայում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի է ունեցել մինչեւ մանդատ ստանալը, եւ նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումներով։ Ազգային ժողովը որեւէ ձեւով չի կարող ազդել արդարադատության համակարգի որոշման վրա», – արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը հակադարձեց. «Մեր գործընկերները՝ պարոն Զաքարյանը եւ պարոն Սարգսյանը, ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։ Այդ մարդիկ ուզում են գալ նիստին ներկա գտնվել, ոնց որ դուք եք ներկա, բայց իրենց թույլ չեն տալիս, իրենց թույլ չեն տալիս՝ բոլորիս առջեւ դրված այս Սահմանադրությունը ոչ թե խախտելով, այլ տրորելով»։

«Հայաստան» դաշինքի պատգամավորներն Ազգային ժողով էին եկել «քաղբանտարկյալ» գրությամբ սպիտակ շապիկներով։

Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանը սկսվեց տերունական աղոթքով, որը հնչեցրեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

Կաթողիկոսը նախ շնորհավորեց պատգամավորնեին, ապա շեշտեց՝ այսօր Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին եւ ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների, իսկ հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական քաղաքական գործիչների եւ ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը։

Ապա նախագահ Արմեն Սարգսյանն առաջին նիստի առիթով շնորհավորեց խորհրդարան անցած պատգամավորներին, մաղթեց հաջողություն եւ արդյունավետ աշխատանք։

«Ձեզ հնարավորություն է ընձեռվել նախ մշակել, ապա իրականացնել ապագային միտված իրական, ռազմավարական ծրագրեր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները, եւ կդրսեւորվի կամք՝ Հայաստանն ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա: Այդ ապագան պետք է կերտվի ուժեղ, հավասարակշռված եւ առաջադեմ պետության տեսլականի շուրջ: Ապագան առանձին վերցրած մեզնից որեւէ մեկի կամ առանձին կուսակցության շահերը չեն, ապագան մենք ենք՝ որպես մեկ ամբողջություն», – ասաց նախագահը։

Արմեն Սարգսյանն ընդգծեց՝ եկել է ժամանակը ունենալու պետություն, որն ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները, այդ թվում՝ սահմանների եւ բնակչության անվտանգության ապահովումը, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջության պաշտպանությունը, Արցախի հիմնահարցի արդար լուծումը, տնտեսության, գիտության եւ մշակույթի զարգացումը, արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորված պաշտպանությունը, քաղաքացիական համերաշխության ապահովումը։ Այնուհետեւ տեղի ունեցավ պատգամավորների երդմնակալության արարողությունը։ Արդեն դրանից հետո առաջադրվեցին Աժ նախագահներ, եւ փակ գաղտնի քվեարկությամբ Աժ նախագահ դարձավ Ալեն Սիմոնյանը՝ 71 կողմ ձայն: Այսօր կկայանան փոխնախագահների եւ մշժտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները:

Ն.Հ.

 

 

ՏԵՂԱՇԱՐԺԻ ԽՆԴԻՐ՝ ԱԺ-ՈՒՄ

Ազգային Ժողովում այս պահին չկա որոշում՝ լրագրողների տեղաշարժի որեւէ սահմանափակման մասին, իսկ եթե չկա որոշում, այն նաեւ կիրառվել չի կարող։ Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի աննախադեպ սահմանափակումներ են սահմանվել։ «Ի զարմանս ինձ, փաստորեն, կան տեղաշարժի սահմանափակումներ: Տարակուսելին այն է, որ այդ սահամնափակումը վերաբերում է հատկապես իշխանական խմբակցության մատույցներին, արգելվում է շփվել իշխանական պատգամավորների հետ։ Արդեն տարբերակում կա՝ որ պատգամավորները լրագրողների հետ շփվելու խնդիր չունեն»,- ասել է նա՝ նշելով, թե չի հասկանում՝ այդ սահմանափակումներն ինչ նպատակ են հետապնդում։ «Եթե լրագրողներն աշխատում են Ազգային Ժողովում, ինչքա՞ն պետք է փախչեն լրագրողներից. սա հանրային աշխատանք է, պատգամավորներն ընտրված մարդիկ են ու հաշվետու են, պարտավոր են իրենց գործողությունների մասին հանրայնորեն տեղյակ պահել։ Հիմա ստացվում է՝ շատ պատգամավորներ չեն ուզում հաշվետու լինել իրենց ընտրողներին, թե ինչով են զբաղված խորհրդարանում։ Լրագրողները զրկված են բացառիկ նյութեր անելու հնարավորությունից»,- ասել է պատգամավորը՝ հույս հայտնելով, որ ԱԺ նորընտիր ղեկավարությունը կվերանայի այդ որոշումը։

 

 

«ԴԵԼՏԱ» ՇՏԱՄ

Հայաստանում շրջանառվում է կորոնավարակի նոր՝ «Դելտա» շտամը. այս մասին երեկ ազդարարեց ՀՀ առողջապահության նախարարությունը: Իսկ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատեց լարված: Մասնագետը մեզ տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառում, ինչը վերաբերում է ոչ միայն դպրոցներին, ուսումնական հաստատություններին. «Բոլոր պետական կառավարման մարմինների եւ մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, իսկ եթե հրաժարվում են պատվաստվել, ապա պետք է 14 օրը մեկ անցնեն լաբորատոր հետազոտություն եւ ներկայացնեն իրենց գործատուին դրա բացասական արդյունքները»: Այս պահին որոշման նախագիծը պտտվում է մի քանի գերատեսչություններով, Առողջապահության նախարարությունը սպասում է գործընկերների կարծիքներին, կհավաքվեն, դրանք կամփոփվեն, ինչից հետո կներկայացվի Արդարադատության նախարարության փորձաքննությանը եւ կհաստատվի:  Գործատուներին վերահսկելու են տեսչական մարմինները: Ի դեպ, եթե գործատուն չներկայացնի պատվաստված կամ լաբորատոր հետազոտության բացասական արդյունքը, ապա գործատուն վարչական պատասխանատվության կենթարկվի:

 

20 ՏԱՐԻ՝ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ

Բաքվի Յասամալի շրջանային դատարանում հնչեցվել են հայ գերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի եւ Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դատավճիռները: Մկրտչյանին եւ Խոսրովյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Նրանք առաջին տասը տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում: Հիշեցնենք, որ հայ գերիներին մեղադրում են իբրեւ Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու համար:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակաի միջավայրի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Գնել Սանոսյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Նա կնշանակվի Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար: ArmLur.am-ի տեղեկություններով՝  Սանոսյանի փոխարեն Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:

 

 

ՄԱԿՈՒՆՑԸ` ԴԵՍՊԱՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Լիլիթ ՄԱկունցին  նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»:

 

 

ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

ԱԺ հաշվիչ հանձնախմբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 6 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 1 անդամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշման նախագիծը ներկայացրեց նիստը նախագահող Կնյազ Հասանովը: Այդ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվել է՝ ստանալով 65 «կողմ», 1 «դեմ», 14 «ձեռնպահ» ձայներ: Խմբակցություններն իրենց կազմից առաջադրեցին հաշվիչ հանձնախմբի անդամներ: Հաշվիչ հանձնախմբի ՔՊ-ի թեկնածուներն են Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Մանավազյանը: «Հայաստան» խմբակցության թեկնածուներն են Աշոտ Սիմոնյանը եւ Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ»-ից՝ Թագուհի Թովմասյանը:

 

 

ԱԶԱՏԵԼ Է

ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մի շարք որոշումներ է ստորագրել. Վահան Հունանյանն ու Սոնա Թեւանյանը ազատվել են փոխվարչապետի խորհրդականների պաշտոնից։ Բագրատ Բադալյանն ազատվել է Ավինյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, Գեւորգ Սահակյանը՝ օգնականի պաշտոնից։ Լուսինե Դայանն էլ ազատվել է ռեֆերենտի պաշտոնից:

 




Լրահոս