ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` իշխանությունները կալանավորված պատգամավորների հարցով քննարկում են ունեցել դատական համակարգի հետ` հասկանալու համար՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Ավելին, ArmLur.am-ին  հասած տեղեկությունների համաձայն՝  անգամ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է խնդրի մասով կանգնել փակուղու առաջ, կամ ինչպես ներքին խոսակցություների ժամանակ են ասել՝ «սեկրետ է ընկել»: Դատական համակարգը իշխանություններին բացատրել է, որ օրենքի բաց կա, ուստի կալանավորված պատգամավորների հարցը պետք է անհապաղ լուծվի: Իսկ ո՞րն է լուծումը. քննարկման ժամանակ առաջարկ է եղել Եվրոպական դատարանի քննադատությունից խուսափելու համար կալանավորված պատգամավորներին ազատ արձակել, որից հետ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, սկսել գործընթացը: Ասել է թե՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կգա ԱԺ եւ նրանց անձեռմխելիությունից զրկելու հարցը կբարձրացնի:  Հիշեցնենք, որ պատգամավորական մանդատ են ստացել «Հայաստան» դաշինքի երկու ներկայացուցիչ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը եւ Սիսիան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը, որոնք այժմ կալանավորված են:

 

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտատարարություն տարածեց կալանավորված պատգամավորների մասով.

«ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում անհիմն եւ ակնհայտ քաղաքական շարժառիթներով շահարկվում է «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամվոր ընտրված Արթուր Սարգսյանի եւ  Մխիթար Զաքարյանի նկատմամբ տարբեր քրեական գործերով հարուցված քրեական հետապնդման եւ նախնական կալանքի տակ գտնվելու իրավաչափությունը, նրանց՝ որպես պատգամավորի անձեռնմխելիությունը՝ իբրեւ թե հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ: Ընդ որում, «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը Աժ-ում հայտարարել է, թե այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությանը պատասխան չի ստացել:

Նախ, հարկ ենք համարում նշել, որ պարոն Վարդեւանյանի գրությունը ստացվել է սույն թվականի հուլիսի 27-ին, որի պատասխանը ելքագրվել է հուլիսի 29-ին, իսկ հուլիսի 30-ին հանձնվել է «Հայփոստ»-ին՝ առաքումն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ սահմանված ժամկետները հստակ պահպանվել են:

Նկատի ունենալով, որ Ա. Վարդեւանյանի հիշյալ գրության վերաբերյալ պաշտոնական պատասխանը լիարժեք ներառում է ՀՀ դատախազության հստակ դիրքորոշումը պատգամավոր ընտրված վերոնշյալ երկու անձանց անձեռնմխելիության հաղթահարման իրավական խնդրի վերաբերյալ, հրապարակում ենք դրա բովանդակությունը՝ ամբողջությամբ:

«ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝

«1. (…)

  1. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո (…)»։

Մեջբերված դրույթից ակնհայտ է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության սահմանադրական այս երաշխիքն ակնհայտորեն ենթադրում է, որ քրեական հետապնդումը ՀՀ ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կարող է սկսվել, իսկ ազատությունից զրկում ենթադրող հարկադրանքի միջոցը կարող է կիրառվել միայն ՀՀ ազգային ժողովի համաձայնությամբ։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի եւ Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաեւ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը։

Ավելին, դիմումում նշված անձինք, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն է՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաեւ ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ։

Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած ԵԴ/0253/01/19 քրեական գործով դատական նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից արտահայտված դիրքորոշմանը, բացառապես որի վրա էլ հիմնվել եք դիմում ներկայացնելիս, ապա այն որեւէ կապ չունի դիմումում նշված անձանց վերաբերյալ գործերի հանգամանքերի հետ, եւ դրանցով դատավարական վիճակներն ակնհայտորեն տարբեր են։ Նման փաստարկ ներկայացնելիս բացահայտ անտեսել եք, որ այն գործով, որով գլխավոր դատախազի տեղակալը դատական նիստում հայտարարություն է արել, մանդատն ստանալու դեպքում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերող ամբաստանյալներից որեւէ մեկն ազատությունից զրկված չի եղել, եւ դատարանի նախաձեռնությամբ քննարկվել է ազատության մեջ գտնվող պատգամավորի նկատմամբ հետագայում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակելու դեպքում Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու անհրաժեշտության հարցը։

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրության համապատասխան իրավակարգավորումների, ինչպես նաեւ՝ քրեական դատավարության ընթացակարգերի իմաստային խեղաթյուրման փորձերից»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԱՀԱՑՈՒ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

2021թ. հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի մշտական տեղակայման վայրից մոտ 1,5 կիլոմետր հեռավորությամբ՝ անտառում, հայտնաբերվել է հուլիսի 29-ին զորամասն ինքնակամ թողած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պարգեւ Նվերի Մարգարյանը՝ աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի եւ որովայնի շրջանների մահացու վնասվածքներով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ըստ նախնական տվյալների՝ Պ.Մարգարյանը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետւանքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի /զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը/ 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն:

 

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պարզաբանել է, թե ինչու որոշ դատարաններում չեն գործում դատավորների ավտոմատ մակագրման ծրագրերը, եւ ինչ փաստով է հարուցվել է քրեական գործ: Ըստ նրա՝ ավտոմատ մակագրման ծրագրի գործարկումը որոշ դատարաններում դադարեցվել է, քանի որ արտաքին միջամտության փաստով քրեական գործ է հարուցվել: «Քրեական գործի հարուցումը մեզ դրեց բավականին արտառոց վիճակի մեջ, քանի որ հուլիսի 21-ին գործի նախաքննության հսկող դատախազից ստացանք իրազեկում՝ Սահմանադրական օրենքի «ՀՀ դատական օրենսգրքի» 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Նման իրազեկումներ ստացել են նաեւ այն դատարանների նախագահները, որոնցում կատարված քննչական գործողությունների արդյունքում այդ համակարգը դադարեց գործել: Այդ ընթացքում մենք ստացանք նաեւ այդ բոլոր դատարանների նախագահների զեկուցագրերը, որ խափանվել է ավտոմատ մակագրման ծրագիրը: Մեր օրենսգիրքը 41-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նման պարագայում պարտավորեցնում են դատավորին այդ մակագրումները կատարել ձեռքով մինչեւ խնդրի կարգավորումը»,- ասել է Ջհանգիրյանն ու հավելել, որ համակարգը չի աշխատում Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ վարչական, Սնանկության եւ վարչական առաջին ատյանի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարաններում:

 

 

ԳՈՒՅՔՀԱՐԿԸ ՉԻ ՏՎԵԼ

Իջեւան քաղաքի բնակիչ Վասիլ Գալստյանն ունեցել է  գույքահարկի 1 միլիոն 798 հազար 200 դրամի  պարտք, որից տուգանքը կազմել է 648 հազար 200 դրամ։ Վ. Գալստյանը դիմել է  Իջեւանի համայնքապետարան՝ խնդրելով զիջել տուգանքը, իսկ մայր գումարն ամբողջությամբ մուծել է։ Ինչպես հայտնում է  Իջեւանի համայնքապետարանի ինտերնետային կայքը, հաշվի առնելով վերոհիշյալը եւ ղեկավարվելով  «Գույքահարկի մասին»  ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը համայնքի ավագանու 2021թ. մայիսի 10-ի նիստում առաջարկություն է ներկայացրել  հավանություն տալ այդ առաջարկին եւ Վ. Գալստյանի փոխադրամիջոցի գույքահարկի 648 հազար 200 դրամ տուգանքը զիջել։ Այդ առաջարկին կողմ  են քվեարկել նիստին ներկա համայնքի ավագանու բոլոր 9 անդամները։ Նախկինում «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Իջեւան քաղաքի բնակիչ, ՀՀ  սննդի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանին կամ նրա ընտանիքին է պատկանում Բերդ քաղաքի տարածքում, Վերին Կարմիրաղբյուր տանող ճանապարհի եզրին գործող հացի գործարանը, որը հաց է մատակարարում Բերդի տարածաշրջանում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության երկու զորամասերին, զինվորական այլ ստորաբաժանումների ծառայողներին։  Հացի գործարանը նախկինում գործել է Վասիլ Գալստյանի հոր ղեկավարությամբ, Վ. Գալստյանի հայրը մահացած է։ Զորամասերին հաց մատակարարելը համարվում է  շատ եկամտաբեր բիզնես, քանզի   հացի որակի եւ  քաշի  խախտումների նկատմամբ   վերահսկողությունը թույլ է։ Հարց է ծագում՝ ինչու պետք է բարձր պաշտոն զբաղեցնող, մեծ եկամտաբերությամբ բիզնես ունեցող Վ. Գալստյանը ժամանակին չմուծեր իր գույքահարկը, դրա  համար 648 հազար դրամ տուգանք առաջանար, որ  Իջեւան համայնքի ավագանին իր որոշմամբ այն զիջեր։

 

 

ԱՌԱՆՑ ԺՊԻՏԻ

Հուլիսի 28-ին Իջեւան քաղաքից ժամկետային զինծառայության մեկնեց զինակոչիկների հերթական խումբը։ Տղաները վճռական էին տրամադրված հայրենիքը պաշտպանելու, նրանց հայացքներում կամք ու հաստատակամություն կար, սակայն պակասում էր մի էական բան՝ ժպիտը։ Մինչեւ 2020թ. պատերազմը նորակոչիկները ժամկետային ծառայության էին մեկնում ժպիտներով, զուռնա-դհոլով, սակայն հուլիսի 18-ին ծառայությա մեկնող  նորակոչիկները չէին ժպտում, թեեւ  2018թ. հունիսին Նիկոլ Փաշինյանը  հայտարարում էր, որ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս