Լուսանկարն արվել է Երեւանում
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: 24-ամյա Հարություն Սարդարյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչ, 70-ամյա Սամսոն Մարտիրոսյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաեթրի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է իրականացվում ուսանողի` բուհից բուհ տեղափոխությունը:
Ջուլիետա Մարկարյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ջ. Մակարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաեւ սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը` ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը եւ ակադեմիական տեղեկանքը ստանալուց հետո (մինչեւ այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի եւ ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձեւով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող եւ հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է իրականացվում անվանափոխման գրանցումը:
Գրիշա Նալբանդյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ անվան փոխման պետական գրանցման հիմքերն են՝
տասնութ տարին լրացած անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը:
Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձն իր անվան եւ (կամ) ազգանվան փոխման պետական գրանցումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ՝ բացառությամբ նրա՝ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:
Տասնվեց տարին չլրացած անձի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ:
Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝
1) ծնունդը գրանցվել կամ սույն օրենքով սահմանված կարգով վերականգնվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում,
2) ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով: