Ի տարբերություն զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության եւ վարժական հավաքի ներգրավելու դեպքերի՝ ծառայության ընթացքում զինծառայողների համար օրենքով ամրագրված չեն առաջնահերթ բժշկական օգնություն եւ սպասարկում: Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ։
«Խնդիրն ի հայտ է եկել զինվորական հոսպիտալներ կատարված այցերի, բողոքների քննարկումների եւ օրենսդրության ուսումնասիրության արդյունքում:
Այլ կերպ ասած՝ ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ՝ հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետեւանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում:
Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական պարտականությունների կատարմանը նրանց արագ ներգրավման անհրաժեշտությունը՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ եւ սեղմ ժամկետներում:
Խնդիրը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:
Խնդիրը քննարկվել է Պաշտպանության եւ Առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ միմյանց միջեւ փոխհամագործակցության շրջանակում արվում է առավելագույնը զինծառայողներին անհրաժեշտ հետազոտությունները եւ բուժական միջամտություններն առանց հերթագրման կազմակերպելու համար: Նաեւ նշել են, որ խնդիրը լուծելու համար Կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները եւ ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռեւս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի, հարցի համակարգային լուծման նպատակով հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:
Առաջարկվում է՝
1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը եւ բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում,
2. մինչեւ օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտություններ հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ»,– ասվում է ՄԻՊ–ի տարեկան հաղորդման մեջ։