«ԱԺ-ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ արդեն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ՝ նաեւ խոսելով այն մասին, թե ինչու ընդգրկված չէ ՔՊ ցուցակում: Այս եւ այլ հարցերի վերաբերյալ ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանին:

 

-Պարո՛ն Բաբայան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր պաշտոնից ազատվելուց հետո մի գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ ինքը տարաձայնություններ ունի կուսակցությունում, չտարանջատվեց քաղաքականությունն ու բիզնեսը: Դուք տեղյա՞կ եք, թե ինչու է Տիգրան Ավինյանը նեղացել ձեր թիմից:

-Պարոն Ավինյանը չի նեղացել մեր թիմից, նա մեր կուսակցության վարչության անդամ է  եւ մեր թիմի առանցքային դերակատարներից:

-Ի՞նչ նկատի ուներ՝ ասելով՝ չտարանջատվեց քաղաքականությունը բիզնեսից:

-Ես չեմ տեսել գրառումը: Նախ պետք է ծանոթանամ, որից հետո կկարողանամ մեկնաբանել:

-Ձեր կուսակացությունում տարանջատվա՞ծ է, որ բիզնեսմենը բիզնես գործունեությամբ զբաղվի, քաղաքական գործիչը՝ քաղաքականությամբ:

-Մեր կուսակցությունում բիզնեսմեններ չկան:

-Խաչատուր Սուքիասյանը բիզնեսմեն չէ՞:

-Խաչատուր Սուքիասյանը բիզնեսով հիմա չի զբաղվում:

-Չե՞ք կարծում, որ դա է Ավինյանի վրդովմունքը հարուցել:

-Դա պետք է պարոն Ավինյանից հարցնեք:

-Դուք որեւէ ձեւով Ձեր թիմակցից պարզաբանում չե՞ք ստացել, թե ինչու է նեղացել ու դուռը շրխկացրել:

-Դուռը չի շրխկացրել եւ չի նեղացել: Դուք սխալ մեկնաբանություն եք տալիս:

-Իր գրառումից դա ակնհայտ էր:

-Իր գրառմանը պետք է ծանոթանամ:

-Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս եք ձեր աշխատանքը պատկերացնում ընդդիմության հետ, քանի որ նրանք 2-րդ օրն է՝ բոյկոտում են ԱԺ նիստերը:

-Մեր աշխատանքի պատկերացումները արդեն իսկ իրենց ելույթներում  ներկայացրել են թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ Ռուբեն Ռուբինյանը: Կարծում եմ՝ սա բավարար է:

-Կոնստրուկտիվ քննարկումներ կլինե՞ն, նախագծեր կքննարկվե՞ն:

-Մենք, բնականաբար, առաջարկելու ենք լինել կոնստրուկտիվ:

-«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես որեւէ ձեւով ընդհանուր հայտարարի չի գալիս ձեր հետ: Ի՞նչ կասեք:

-Տարբերություն չեմ դնում այդ երկու դաշինքների միջեւ, եւ մեր կոչն ու առաջարկը այդ երկու դաշինքներին նույնն է:

-Իսկ Դուք լսե՞լ եք իրենց, կոնկրետ ինչի՞ց են դժգոհ: Օրինակ՝ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իրենք կոնկրետ տարաձայնություն ունեն եւ որեւէ ձեւով չեն պատրաստվում համագործակցել ու աշխատել  իշխանության հետ:

-Կապրենք, կտեսնենք:

-Իրենք պահանջում են իրենց գործընկերներին ազատ արձակել: Դուք լսե՞լ եք  իրենց պահանջը:

-Ես լսել եմ, որ իրենք պահանջում են իրենց գործընկերներին բաց թողնել, բայց դա մեր գործառույթը չէ: Այդքանով ամեն ինչ ասված է:

-Իրավապահ համակարգը չի՞ ենթարկվում իշխանություններին:

-Իրավապահ համակարգից բացի, կա նաեւ դատական համակարգ, որը չի ենթարկվում՝ ի տաբերություն իրենց իշխանության ժամանակների դատական համակարգի: Նման ցանկություն ու նպատակ չի դրվել դատական համակարգը ենթարկեցնել: Մնացած այս հարցերը իրավական տիրույթում են:

-Ընդդիմությունից վախ ունե՞ք, որ այսպիսի սահմանափակումներ եք դրել խորհրդարանում:

-Սրանք աշխատանքային անհրաժեշտություններ են, այլ ոչ թե սահմանափակումներ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԿՍԿՍԻ ՎԵՐԱՀՍԿԵԼ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսելու է վերահսկել համացանցով վիճակախաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի գովազդի ոլորտը: Պարզվում է՝ ներկայումս համացանցով վիճակախաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի գովազդի իրականացման մասով օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը որեւէ մարմնին լիազորված չէ: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկող մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, իսկ խախտումների դեպքում կարող է պատասխանատվության ենթարկել: Այսինքն՝ հենց պետական եկամուտների կոմիտեի կողմից էլ տուգանքը ոչ միայն կկիրառվի, այլեւ կգանձվի: Ի դեպ, խախտման յուրաքանչյուր դեպքի համար կազմակերպիչը կտուգանվի 2 մլն դրամի չափով: Այսինքն՝ կազմակերպիչը պարտավոր է չիրականացնել շահումով խաղի կամ խաղատան գովազդը, այդ թվում` հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, համացանցով՝ բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների շենքերի, շինությունների սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, նաեւ չորսաստղանի կարգ ունեցող հյուրանոցներում:

 

 

ՎՃԻՌԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Վաչագան Ներսեսյանի գործով վճիռը հրապարակվեց: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը Վալերիի Ներսեսյանին ճանաչել եւ հռչակել է անմեղ, Վաչագան Ներսեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է: 2019 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պն գնդապետ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով զորամասի հրամանատար, զանցառել է պաշտոնեական լիազորությունները՝ մայոր Արուսիկ Պետրոսյանին պատճառելով 905 հազար 203 դրամի վնաս: Բացի այդ, գնդապետի՝ ծառայության նկատմամբ դրսեւորած անփույթ վերաբերմունքով պետությանը պատճառել է 9 միլիոն 740 հազար 630.8 ՀՀ դրամի վնաս: Հիշեցնեք, որ 2019 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ Վաչագան Ներսեսյանը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։

 

 

ԽՂՃԻ ԴԵՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՆԻ

 

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Ի դեպ, Մարաբյանը «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի» նախագահն է: Վարույթը վերաբերվում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցի վերաբերյալ դատավոր Սերգեյ Մարաբյանի կայացված որոշմանը։

 

Մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանը, քննելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, այն բավարարել է։ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելով՝ դատավոր Սերգեյ Մարաբյանը որոշումը բեկանել է եւ քննիչի միջնորդությունը մերժել։

Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել գործով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում առհասարակ չգտնվելու հանգամանքը փաստող ապացույցը։ Ըստ գործում առկա մեղադրյալի հեռախոսազանգերի վերծանումների՝ ենթադրյալ դեպքի պահին մեղադրյալը գտնվելիս է եղել լրիվ այլ վայրում, այսինքն՝ ըստ փաստաբանի՝ օբյեկտիվորեն որեւէ այլ որոշում, քան քննիչի միջնորդությունը մերժելը, տվյալ գործով հնարավոր չէր կայացնել։

Դատավոր Սերգեյ Մարաբյանը իր վարույթում քննվող դատական նիստի ընթացքում կողմերին հայտնել է, որ քաջատեղյակ է սույն գործի կապակցությամբ տեղի ունեցած եւ հեռուստատեսությամբ լուսաբանված քննարկում-զեկույցի մասին, նշել, որ որեւէ կողմնակի միջամտություն չի կարող որեւէ ազդեցություն ունենալ իր կողմից արդարադատություն իրականացնելու իր առաքելության վրա, եւ նշված համատեքստում կողմերին առաջարկել է նաեւ կարծիք հայտնել իրեն բացարկ հայտնելու կապակցությամբ, եւ կողմերը բացարկի միջնորդություն չեն ներկայացրել, արդյունքում դատավոր Մարաբյանը քննել, ու ինչպես արդեն վերը նշեցինք, մերժել է անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատավորի նշված որոշման դեմ դատախազության կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը ընդունվել է վարույթ, եւ որոշում է կայացվել Սերգեյ Մարաբյանի կայացրած որոշումը բեկանելու մասին։

Ըստ էության դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում արդարադատություն իրականացնելու, մասնավորապես՝ պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար: Ասել է թե՝ դատավորներին կարգապահական վարույթներ հարուցելով՝ փորձում են լռեցնել կամ վախեցնել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս