Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը եւ հոգեբանը, մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
սաների խնամքի, հանգստի ու կենցաղի պայմանները խախտում են երեխաների արժանապատվությունը: Խմբասենյակները գերբեռնված են, ննջարանները, խաղասենյակները եւ ճաշասենյակները բաժանված չեն, սենյակի ընդհանուր մակերեսը չի համապատասխանում սաների թվին, չկան պայմաններ, որպեսզի սնունդը կազմակերպվի միաժամանակ: Օրինակ՝ այցի պահին արձանագրվել է, որ սենյակում բոլոր սաների միաժամանակյա ճաշը կազմակերպելու համար բավարար տարածք կամ կահույք չի եղել, սաներից ոմանք ստիպված բազմոցին են ճաշում կամ սպասում են, թե երբ աշխատակիցը կազատվի եւ իրենց կկերակրի: Մեկ այլ դեպքում նույն սենյակում կազմակերպվել է խմբի սաների մի մասի ցերեկային քունը, բայց խմբի մյուս սաների ակտիվ հանգիստը հնարավոր չէր կազմակերպել շենքային պայմանների բացակայության պատճառով։ Հաստատությունում «Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ մատյան» չի վարվում, մինչդեռ հաստատությունն իրականացնում է նաեւ սաների բժշկական օգնության կազմակերպում, ունի հոգեբուժական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիցենզիա եւ տրամադրում է սոցիալական ծառայություններ հաստատության սաներին: Ըստ այդմ, «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարտավոր է վարել համապատասխան հաշվառման մատյան եւ յուրաքանչյուր դեպքով դրանում կատարել ամբողջական գրառումներ եւ ընթացքի վերաբերյալ արձանագրումներ:
Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ հաստատության սաների վարքային դրսեւորումներով պայմանավորված՝ լինում են հանդարտեցման միջոցների կիրառության դեպքեր։ Որպես կանոն, սաների կողմից իրենց կամ այլ անձանց վնաս պատճառելու կամ նման վտանգի դեպքում անձնակազմը սանին հանդարտեցնում է, օրինակ, զբոսանքի կամ համոզելու միջոցով։ Դեղորայքային հանդարտեցման դեպքում այն կատարվում է «Դինապետրալ» դեղորայքով կամ դրա տարատեսակներով, ինչի մասին գրառում է կատարվում միայն տվյալ սանի անհատական բժշկական քարտում։ Ինչպես տեղեկացրել է անձնակազմը, զսպման միջոցներ գործնականում չեն կիրառվում: Ուստի հաստատությունում գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է նաեւ մշակել մեթոդական ուղեցույցներ բուժանձնակազմի համար՝ մատյանների պատշաճ վարման պահանջներն ապահովելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ՝ տնային ուսուցմամբ սովորողների կրթությունը, որպես կանոն, ձեւական է, չի համապատասխանում նրանց կրթական կարիքներին եւ զարգացման հնարավորություններին: Պատճառներից մեկն այն է, որ պետությունը չի ներդրել սաների իրական կարիքներին համապատասխանող կրթական չափորոշիչներ եւ ծրագրեր:
Այցի պահին հաստատության 47 սաների կրթությունը կազմակերպվում էր հանրակրթական եւ հատուկ ուսումնական հաստատություններում, իսկ 38-ինը՝ տնային ուսուցմամբ: Առանձնազրույցների ընթացքում պարզվել է նաեւ, որ կան սաներ, ովքեր իրենց կրթության իրավունքը հանրակրթական ուսումնական հաստատություններում իրացնելիս բախվում են կամ վախենում են, որ կբախվեն ինտեգրման խնդիրների, խարանի, ինչի պատճառով էլ խուսափում են դպրոց հաճախելուց:
Թեեւ հաստատությունում սաների կարիքներին համապատասխան լրացուցիչ հարմարությունների կարիք կա, սակայն կարեւոր են անձնակազմի ջանքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքային պայմանները մատչելի դարձնելու ուղղությամբ: Օրինակ՝ թեեւ շենքի մուտքն ու ելքն ապահովող թեքահարթակը հարմար եւ անվտանգ է սաների տեղաշարժի համար, շենքի ներսում առկա է վերելակ, ապահովված է խմբասենյակներից դեպի այգի անխոչընդոտ տեղաշարժը, սակայն սանհանգույցներում հաշմանդամություն ունեցող անձանց համար բացակայում են բռնակները.
պրակտիկ թիրախային վերապատրաստումների եւ մասնագետների սղության պատճառով չեն զարգանում սաների ինքնուրույն կյանք վարելու հմտությունները: Սաների հետ աշխատող մասնագետները, այդ թվում՝ դայակները, բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա։ Օրինակ՝ պալիատիվ խնամքի կարիք կամ ինքնասպասարկման դժվարություններ ունեցող սաներին խնամում եւ աջակցում են 2 կամ 3 աշխատակից, այն դեպքում, երբ խմբում կան 12-14 սաներ: Լրացուցիչ մասնագետների կարիք կա նաեւ հաստատության այլ խմբերում։ Հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում աշխատանքի ծավալներին եւ այդ աշխատանքին ներկայացվող պահանջներին:
Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են եւ արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ դպրոցի տնօրենին։
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԵԿԵՂԵՑԻՆ ՎՆԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արտակ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ վնասել է պետության պահպանության տակ գտնվող պատմական եւ մշակութային առանձնակի արժեք ունեցող հուշարձան եւ պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձան։
Արտակ Վարդկեսի Մանուկյանը 2020թ. հոկտեմբեր ամսին՝ քննությամբ չպարզված օրը, իրեն պատկանող «Աեքսուս» մակնիշի 70 DZ 070 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել է Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Վանական համալիր Սպիտակավոր Սբ. Աստվածածին» եկեղեցու տարածք, որտեղ եկեղեցու հարավային պատի բարձրաքանդակի խաչքարի թեւերի վրա նկատել է հնգաթեւ աստղեր, որոնք համարելով «սատանայի զենք» եւ անհաջողության նշան, վերցրել է սուր ծայր ունեցող քար, ապա եկեղեցու հարավային պատի մոտ գտնվող խաչքարից բռնվելու եղանակով բարձրացել է եկեղեցու պատի վրա եւ ձեռքի քարով դիտավորությամբ քերծել է պետության պահպանության տակ գտնվող, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի 9.15.4 ցուցիչի ներքո հաշվառված, հանրապետական նշանակության մշակութային առանձնակի արժեք ներկայացնող «Վանական համալիր Սպիտակավոր Սբ. Աստվածածին» հուշարձանի հարավային պատի բարձրաքանդակի խաչքարի թեւերին փորագրված հնգաթեւ երեք աստղերը՝ վնասելով պատմական եւ մշակութային առանձնակի արժեք ներկայացնող վերը նշված հուշարձանը։
Այսինքն՝ Արտակ Վարդկեսի Մանուկյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում:
Բացի այդ, Արտակ Մանուկյանը նույն շարժառիթով 2021թ. փետրվարի 13-ին՝ ժամը 10:27-ին, ձեռքով դիտավորությամբ պոկել է պետության պահպանության տակ գտնվող, Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրում առկա, Հայաստանի Հանրապետության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի 9.22.2 ցուցիչի ներքո հաշվառված, տեղական նշանակության, պատմական եւ մշակութային արժեք ներկայացնող, «Երկրորդ աշխարհամարտում զոհվածների» հուշարձանի պատվանդանին ամրացված հավերժության նշան հնգաթեւ աստղը՝ վնասելով պատմական ու մշակութային արժեք ներկայացնող հուշարձանը։
Ք.Մ.
ՔՐԳՈՐԾ
2021թ. հուլիսի 31-ին` ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողները ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկելու, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ դեռեւս տեսակը չպարզված հրազեններից կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող, ավտոմոբիլային ջոկի ավագ վարորդ, պայմանագրային զինծառայող Ա. Պողոսյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չեն հասցրել. արձակված կրակոցների հետեւանքով վնասվել է վերը նշված ավտոմեքենան, որի հետեւանքով զգալի չափերով նյութական վնաս է պատճառվել զորամասին: Ա. Պողոսյանը վնասվածքներ չի ստացել: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 13-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն։
ՎՐԱԵՐԹ՝ ԻՆՔՆ ԻՐԵՆ
Օրեր առաջ Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։10-ից 09։15-ի սահմաններում «Վանաձոր» շտապօգնության կայանից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ 3-րդ մաս կոչվող թաղամասի թիվ 7 դպրոցի հարեւանությամբ ջրատարի մոտ տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ 40-ամյա Արեն Հովսեփյանն էր։ Ըստ նախնական տեղեկությունների եւ ստացված տվյալների՝ պարզվել է, որ նա իր կողմից վարվող Opel Vectra մակնիշի ավտոմեքենան կայանել է Նարեկացի 2-րդ փակուղու ճանապարհահատվածի թեք մասում, ապա դուրս է եկել ավտոմեքենայից, որից հետո նկատել, որ ավտոմեքենան դանդաղ հետընթացով ընթանում է դեպի Նարեկացի փողոց։ Ա. Հովսեփյանը վազել է ավտոմեքենայի մոտ եւ փորձել կանգնեցնել այն, սակայն չի կարողացել եւ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել, ինչի հետեւանքով էլ տեղում մահացել է։ Ըստ դատաբժշկի նախնական հայտնածի՝ դիակի արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։