ՈՐՈՇԱԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՕԳՏՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք եւս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից։ Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու կարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։ Այս մասին  տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

 

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված է, որ ֆունկցիոնալության միջին, ծանր եւ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու եւ այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:

Մինչդեռ ներկայում գործող «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ եւ պետական կրթաթոշակ տրամադրելու կարգով»  վերոնշյալ արտոնությունը սահմանված է միայն միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունված ուսանողների համար։ Հետեւաբար, փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ ընդգրկելով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձանց նույնպես:

Նախագծով առաջարկվում է նաեւ մեկ այլ փոփոխություն? 2021-2022 ուսումնական տարվանից նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելությունը կազմակերպվելու է  ըստ մասնագիտությունների` որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների եւ մարզաձեւերի: Որոշման նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն եւ փոխատեղումը կազմակերպել առավել նպատակային՝ պահպանելով ընդունելության սկզբունքները:

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձանց իրավունքները՝ նրանց հնարավորություն ընձեռելով օգտվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված արտոնությունից։ Բացի դրանից, փոխատեղումը կիրականացվի առավել նպատակային, այն է՝ ըստ նույն կուրսի եւ մասնագիտությունների՝ որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների եւ մարզաձեւերի: Նշենք, որ նախագծով նաեւ ուժը կորցրած է ճանաչվելու «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» կառավարության համապատասխան որոշումը, որում սահմանված արտոնությունները ներառվել են սույն որոշման նախագծում։ Հավելենք, որ քաղաքացիները եւ շահառու խմբերը մինչեւ օգոստոսի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարան քաղաքի 58-ամյա բնակչի՝ ավազակությամբ զուգորդված սպանության եւ առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի հանգամանքները:

2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած 3 անձինք իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով մուտք են գործել Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկը եւ դարանակալել նկուղային հարկում: Հաջորդ օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, շենքի բակում 58-ամյա տղամարդու անցուդարձը հսկող, քննությամբ դեռեւս չպարզված հանցակցից տեղեկություն ստանալով այն մասին, որ 58-ամյա տղամարդը պատրաստվում է խանութից վերադառնալ բնակարան՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դուրս են եկել թաքստոցից ու չորրորդ հարկի հարթակում բռնել են Քաջարանի բնակչին: Սեղմելով նրա պարանոցը՝ կպչուն ժապավենով կապել են ձեռքերն ու ոտքերը, պարանոցից բռնելով եւ բերանը փակելով՝ նրան իջեցրել են շենքի նկուղ, որտեղ պահանջել են հայտնել բնակարանում պահվող ոսկյա զարդերի եւ գումարների տեղը: Ստանալով բացասական պատասխան՝ տղամարդիկ կպչուն ժապավենով կապել են նաեւ նրա բերանը, որից հետո վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով բութ առարկաներով հարվածներ են հասցրել նրա գլխի եւ դեմքի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի հետեւանքով 58-ամյա տղամարդը մահացել է:

Այնուհետեւ տուժողի գրպանից հանելով բանալիների կապոցը՝ նրանցից մեկը մնացել է նկուղում, իսկ մյուս երկուսը, բարձրանալով չորրորդ հարկ, բացել են դռան փականը եւ մուտք գործել բնակարան, որտեղից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 4.972.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր ոսկյա զարդեր, բիժուտերիա: Բնակարանի շքամուտքում նկատելով տուժողի որդուն՝ տղամարդիկ անակնկալի են եկել եւ դիմել փախուստի, որի ընթացքում նրանցից մեկի բջջային հեռախոսն ընկել է գրպանից եւ մնացել դեպքի վայրում: Ենթադրյալ հանցագործությունը կատարած երեք տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, եւ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

 

 

 

237 ՆՈՐ ԴԵՊՔ

Օգոստոսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 713 դեպք, որոնցից 220 289-ը` առողջացած, 4621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 357 957 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 7398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237 նոր դեպք: Ունենք 156 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել:

 

 

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է

Օգոստոսի 3-ի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.5%:

 

 




Լրահոս