ՅԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՍԻՐԱՎԵՊԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆոտոմոդել, 20 միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն, երգչուհի Յանա Գրիգորյանն օրերս տհաճ միջադեպի կիզակետում է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեւանյան ժամանցի կենտրոններից մեկի դիմաց, որտեղ Յանան աշխատում է որպես երգչուհի, մի կին սկսել է բղավել նրա վրա՝ մեղադրելով, որ երգչուհին սիրային կապ ունի իր երգիչ ամուսնու հետ: «Ժողովուրդ» օրաթերթը առավել մանրամասների շուրջ զրուցել է Յանա Գրիգորյանի հետ:

 

Մեզ հետ զրույցում Յանան սկզբում չցանկացավ մեկնաբանել որեւէ բան, սակայն երգչուհին հաստատեց տեղեկությունը:

«Բոլորը գիտեն, որ ես աշխատում եմ երեւանյան տարբեր ժամանցի վայրերում, եւ հերթական անգամ, երբ շտապում էի ակումբներից մեկում աշխատանքի, դռան մոտ ինձ հանդիպեց մեր ակումբի երգիչներից մեկի կինը, ում անունը հասկանալի պատճառներով չեմ ցանկանում նշել: Նա սկսեց ինձ մեղադրել իր ամուսնու հետ սիրային կապ ունենալու, իրենց ընտանիքը քանդել փորձելու մեջ եւ այնպիսի աղմուկ բարձրացեց, որ հարեւան շենքերի բնակիչներն ու ակումբի աշխատակիցները դուրս էին եկել՝ տեսնելու՝ ինչ է կատարվում: Որքան էլ որ ես փորձում էի հանգստացնել նրան՝ վստահեցնելով, որ ես ու նրա ամուսինը պարզապես գործընկերներ ենք, իսկ այն հաղորդագրությունը, որը նա տեսել է, պարզապես սովորական, գործընկերոջն ուղղված հաղորդագրություն է, միեւնույնն է, նա շարունակում էր բղավել»,- պատմեց Յանան:

Մեր այն դիտարկմանը, որ այդ կնոջ հետ նաեւ երեխաներ են եղել, Յանան խոստովանեց. «Այս ամենի մեջ ինձ համար ցավալին այն էր, որ նա եկել էր իր երեխաների հետ, եւ այդ ամենը կատարվում էր հենց նրանց ներկայությամբ: Թեեւ ես ամուսնացած չեմ եւ երեխաներ չունեմ, սակայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է խաղալ երեխաների հոգեբանության հետ եւ ստիպել նրանց ականատես լինել այդ, մեղմ ասած, տհաճ միջադեպին»:

Երգչուհու խոսքով՝ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, քանի որ այդ ամենին միջամտել է իր գործընկերն ու ներողություն խնդրել իր կնոջ վատ պահվածքի համար:

«Միգուցե սա շատերի համար սովորական երեւույթ լինի, սակայն բոլորը գիտեն, որ ես ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանի: Ես կարողանում եմ հստակ տարանջատել գործնականն ու անձնականը եւ որեւէ մեկին թույլ չեմ տա խաղալ իմ անվան հետ: Ես հանրային մարդ եմ եւ վստահեցնում եմ, որ զրպարտության համար պատասխանատվության կկանչեմ ցանկացածի, ով կփորձի խաղալ իմ բարի համբավի հետ»,- զրույցը եզրափակեց Յանա Գրիգորյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ

Իտալական «Ռոման» հինգ տարվա պայմանագիր է կնքել Ուզբեկստանի հավաքականի հարձակվող Էլդոր Շոմուրոդովի հետ. հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա ուզբեկ ֆուտբոլիստի նախորդ ակումբը իտալական «Ջենոան» էր։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում Էլդոր Շոմուրոդովը հանդես կգա 14 համարի խաղաշապիկով։ Շոմուրոդովը 2020-ին էր տեղափոխվել «Ջենոա» ռուսական «Ռոստովից» 7,5 միլիոն եվրոյով։ Իտալիայի անցած առաջնությունում Շոմուրոդովը մասնակցել է 31 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԻՆ

«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրել է պաշտպան Էմերսոնին: Բրազիլացին Իսպանիայի առաջնություն էր տեղափոխվել 2019 թվականի հունվարին «Ատլետիկո Մինեյրոյից» 12,7 միլիոն եվրոյով: «Բարսելոնան» «Բետիսի» հետ միասին վճարեցին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի 50%-ը, իսկ պաշտպանը մեկնեց խաղալու «Բետիսում»: Միեւնույն ժամանակ, կատալոնական ակումբը իրեն իրավունք էր վերապահում գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Այս տարվա հունիսին «Բարսելոնան» ակտիվացրեց այս տարբերակը՝ Էմերսոնի տրանսֆերի համար վճարելով 9 միլիոն եվրո:

 

ԵՐԿԱՐԱՁԳԵՑ

Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինին երկարաձգեց պայմանագիրը «Յուվենտուսի» հետ։ 36-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս. հաղորդում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։ Ջորջո Կիելինին «Յուվենտուսում» է հանդես գալիս 2005 թվականից եւ թիմի ավագն է։

 

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Տոկիոյի Օլիմպիական խաղերում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը դուրս է եկել 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ։ ՀԲՖ-ն ներկայացրել է քառորդ եզրափակչում Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի հետ Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը։ Հովհաննես Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոուն Դեւիսը։ Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 6-ին։ Նախորդ անգամ օլիմպիական մեդալ բռնցքամարտում Հայաստանը նվաճել էր 2008թ. Պեկինի խաղերում։ Վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

 




Լրահոս