ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լևոն Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմեն Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն ու ռազմամթերք, ինչպես նաև Արմեն Պողոսյանի կողմից իրեն նյութապես շահագրգռելու դիմաց, նրա պատվերով մտադրվել է իրագործել Արսեն Բենիկի Չիչյանի սպանությունը, սակայն այն ավարտին հասցնել չի կարողացել իր կամքից անկախ հանգամանքներով:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 13-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ 2014թ. հունիսին Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակվել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ։ Իսկ ո՞վ է նա։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2014թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով Արսեն Չիչյանը կամ բոլորին հայտնի Բոդոլը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Եվ այսպես, ի՞նչը կարող էր լինել կրակոցի պատճառը։ Եվ ահա, ստացվում է, որ 6 տարի անց ԱԱԾ-ն հայտնում է, որ պատվիրված սպանություններ նախապատրաստելու խումբ է բացահայտվել, եւ այդ խումբն էլ ցանկացել է սպանել Արսեն Չիչյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ կրակոցներից տուժած Արսեն Չիչյանն իր դեմ կատարված մահափորձի մեջ կասկածում էր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերին։ Ըստ տեղեկությունների՝ Արսենն իր կասկածները հիմնավորել էր հետեւյալ պատճառաբանությամբ, ինքը «Մեթլ Փրինս» ընկերությունում 10 % բաժնեմաս ունի, եւ ընկերության տնօրինությունն, իբր, ամեն գնով ցանկացել էր տիրանալ իր բաժնետոմսերին։ Տեղեկացնենք, որ «Մեթլ Փրինս» կորպորացիայի սեփականատերը մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն (լուսանկարում) էր, որը բանտում մահացավ քաղցկեղից, եւ նրա կինը՝ Մադլեն Թաշչյանը։
Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը 2004-2010 թթ. ընթացքում ընտրել էր բարետես արտաքինով նյութապես անապահով խավի տղաների եւ նրանց գայթակղելու համար անհատույց տվել մինչեւ 100.000 դրամի հասնող գումարներ՝ դրա դիմաց պահանջելով նրանցից սեռական ակտի մեջ մտնել իր հետ։ Նշենք, որ «Մեթլ Փրինս» կորպորացիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000թ.-ին՝ գրանցվելով օֆշորային գոտում՝ բրիտանական Նեւիս կղզում. այն ունի երեք դուստր ձեռնարկություն՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ եւ «Մոլիբդենի աշխարհ»։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2014թ. զրուցել էր նաեւ կրակոցներից տուժած Արսենի հետ, ով ասել էր, թե ինքը պատկերացում անգամ չունի, թե ինչի համար կամ ով կարող էր կրակել կամ պատվիրել կրակել. «Ինձ համար էլ է մութ, վերլուծություններ կատարել եմ, բայց այդ մասին վերջնական գնահատական կտան քննչական մարմինները։ Կասկածներ չունեմ, ուղղակի ուզում եմ իմանալ, թե ով է»։
Քնար Մանուկյան