ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, սնկերից առաջացած սննդային թունավորումներից խուսափելու նպատակով հորդորում է՝
☑ չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ,
☑ չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր,
☑ սննդում չօգտագործել հում սունկ,
☑ սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
☑ չգնել խառը, չտեսակավորված սունկ։ Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի,
☑ հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել,
☑ ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Շատ վտանգավոր է նաև տնային պայմաններում պատրաստված սնկի պահածոների օգտագործումը, քանի որ հերմետիկ փակ տարայում նպաստավոր պայմաններ են ստեղծվում բոտուլիզմի զարգացման համար:
Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով:
Սնկերից առաջացած սննդային թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:
Կլինիկական հիմնական ախտանշաններն են՝ որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, զգայապատրանքները (հալյուցինացիա)` առանց քնկոտության ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը:
Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես` անմիջապես պետք է դիմել բժշկի, որից մեծապես կախված է թունավորման բարեհաջող ելքը:
Եղե՛ք առողջ և անվտանգ։