Հոկտեմբերի կեսերից Գերմանիայում հնարավոր է չեղարկվեն COVID-19֊ի անվճար թեստերը, ասել է Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավար Յենս Շպանը:
«Ակնհայտ է, որ թեստերը այն մարդկանց համար, ովքեր կարող էին պատվաստվել, հոկտեմբերի կեսերից այլևս անվճար չեն լինի»,-նախարարի խոսքը մեջբերում է Գերմանիայի Բունդեսթագի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Շպանը հանդիպել էր համապատասխան հանձնաժողովի պատգամավորների հետ և նրանց հետ քննարկել երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
Գերմանիայում մարտի 8-ից ուժի մեջ է մտել COVID-19- ի թեստավորման կանոնակարգը, ըստ որի՝ Գերմանիայի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն շաբաթական մեկ անգամ հատուկ կենտրոններում, դեղատներում կորոնավիրուսի համար անվճար թեստ հանձնել: Թեստը ստանալու համար պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ կամ ապահովագրական քարտ: Կառավարությունը ստանձնել է այս թեստերի վճարումը, և թեստավորման համար փոխհատուցման առաջին վճարումները սկսվել են ապրիլին:
Ռեստորան և սրճարաններ (փակ տարածքներ) և այլ հաստատություններ այցելելու համար անհրաժեշտ է կորոնավիրուսի բացասական թեստ: Պատվաստման միջոցով վիրուսից լիարժեք պաշտպանություն ստացած անձինք, ինչպես նաև ապաքինված քաղաքացիները ազատվում են թեստից: Նրանք պետք է ներկայացնեն իրենց կարգավիճակը հաստատող փաստաթղթեր:
Ինչպես գրում է Rheinische Post թերթը՝ վկայակոչելով Սոցիալական ապահովագրության գործակալությունը, 2021 թվականին Գերմանիան վճարել է գրեթե 3,7 միլիարդ եվրո քաղաքացիների անվճար արագ թեստերի համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի քաղաքացիների 53,6% -ը (44,6 մլն) պատվաստման արդյունքում՝ արդեն լիովին պաշտպանված է կորոնավիրուսից, մեկ անգամ պատվաստվել է 62,1% -ը (51,6 մլն):