Ինչ վարկածներ են քննվում ավագանու անդամ Արման Անտոնյանի տան վրա հարձակման, դանակահարության գործով․ ով է հետախուզվող անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ինչ վարկած է քննվում Երևան քաղաքի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա պապին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելու ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Մեզ հասած լուրերի համաձայն, հետախուզվող անձը Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Սուրեն Պետրոսյանն է։ Իսկ ինչ վարկած է քննում իրավապահները:

Վարկած առաջին․  միգուցե նրանց բնակարան մտել են գողության նպատակով, սակայն դիմադրության են հանդիպել ու փախուստի են դիմել: Վարկած երկրորդ․ ավագանու անդամի նկատմամբ սպանության փորձ են կատարել կապված քաղաքապետարանի գործունեության հետ: Մասնավորապես, կապված է քաղաքապետարանի կողմից վարչական շրջանների ապօրինի շինությունների քանդման գործընթացի հետ: Ասել է, թե միգուցե ավագանու անդամը կոնկրետ անձի ապօրինի շինության քանդման գործընթացի հետ կապ է ունեցել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Ա.Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների հատվածում և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի՝ 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել նաև տարեց տղամարդուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ Երևան քաղաքի բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Քնար Մանուկյան




Լրահոս