ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է սահմանել, որ նորընտիր Ազգային ժողովը ունենա 12 մշտական հանձնաժողով, եւ առաջարկում են նաեւ ստեղծել նոր՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Հիմնավորման մեջ նշվում է. «Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների վերականգնման ու անվտանգության ապահովման լայնածավալ ծրագրերի մշակման ու իրագործման համար  Հայաստանի Հանրապետության օրենսդրության լրամշակում, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ սերտ համագործակցություն: Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումների իրականացում միջազգային նորմերի ու պրակտիկայի կիրառմամբ: Այդ նպատակով անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, առաջին հերթին՝ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ձեւավորում»: Հետաքրքիր է, որ համանման մի նախագիծ է ներկայացրել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ առաջարկում է կրկին ստեղծել նոր հանձնաժողով, սակայն այլ ոլորտի: Նրանց նախագծի համաձայն՝ նոր խորհրդարանը կունենա 12 հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները ձեւավորվում են յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործող Առողջապահության եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Բայց ՔՊ-ն դա արել է, որպեսզի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը եւս ԱԺ-ում պաշտոն ունենա:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Եվ, ահա, ՔՊ-ի ներկայացված նախագծում նշվում է՝ հաշվի առնելով, որ ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 29 անդամ, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 անդամ, նախագծով առաջարկվում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, եւ այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Ազգային ժողովի յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ:

 

 

Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից չորս օր անց նախարարի մեկ աթոռ թափուր է. խոսքը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնի մասին է։ Չնայած այս պահին Արմեն Գրիգորյանը նախարարի առաջին տեղակալ է, սակայն Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, չի շտապում նրան կամ մեկ ուրիշին նշանակել այդ պաշտոնին։ Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հինգ օր ունի կառավարություն ձեւավորելու համար, այսինքն՝ այդ ժամկետը վաղը ավարտվում է, եւ պետք է որոշում կայացնել, սակայն դա այնքան էլ հեշտ չի ստացվելու։ Բանն այն է, որ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ռուսական կողմը դեմ է, որպեսզի Արմեն Գրիգորյանը նշանակվի այդ պաշտոնին։ Այժմ իշխանությունների որոշումը կանգ է առել յոթերորդ գումարման խորհրդարանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա, որն ավելի ընդունելի թեկնածու է ռուսական  կողմից, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Եվ չնայած կառավարության ամբողջական տեսքը գրեթե պատրաստ է, սակայն ամենակարեւոր պաշտոնյայի գտնել չեն կարողանում։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին Սյունիքում կատարվող իրադարձություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները տեղյակ են եղել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ  իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աշխատել են նաեւ այլ քաղաքական ուժի օգտին: Եվ հենց դա է պատճառը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու, որը հաջորդելու է Սյունիքի համայնքապետերի հանդեպ սկսված հետապնդումներին: Սա, ըստ էության, պողպատե մանդատը Սյունիքում ի ցույց դնելու երկրորդ փորձն է արդեն: Այսինքն՝ առաջիկայում Սյունիքում նոր կադրային փոփոխություններ են լինելու, եւ իրավապահ համակարգի ղեկավար կազմից ազատումներ են լինելու՝ իհարկե պայմանավորված հենց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանց գործունեությամբ: Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 26-ին «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել էին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ:

 

 

Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 4000 դրամի: Օրինակ՝ խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 3700 դրամից թանկացել է՝ դառնալով 4000 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3100 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են 3.4 տոկոսով: Մասնագետների խոսքերով՝ հենց սա է պատճառը, որ խոզի մսի գինը բարձրացել է: Բացի այդ, նախորդ տարի ավելի քիչ քանակությամբ խոզ է ներկրվել ՀՀ, քան 2019 թվականին: Սրան զուգահեռ նկատենք նաեւ, որ թանկացել է տավարի միսը. տավարի մսի մեկ կիլոգրամը 2900 դրամից դարձել է 3000 դրամ, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամ արժեքը: Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-մայիսին ոչխարի մսի արտադրության ծավալներն ավելացել են 5.1 տոկոսով: Բայց, չնայած սրան, ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել: Սակայն մսամթերքի շուկայում թանկացումների ալիքը դեռ նոր է սկսվելու, քանի որ ֆերմերներն արդեն անասնակերի հայթայթման խնդիր ունեն։ Հանրապետությունում անասնակերի դեֆիցիտ է, եւ բազմաթիվ ֆերմերներ, չկարողանալով անասնակեր գտնել, մտադիր են մորթի ենթարկել իրենց կենդանիներին:

 

 




Լրահոս