Armlur.am-ի զրուցակիցը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է: Նրանից փորձել ենք պարզել, թե ինչպես են պատրաստվում աշխատել նորընտիր ընդդիմության հետ: Ըստ Աղազարյանի՝ այս խորհրդարանն իր կառուցվածքով, ներկայացվածությամբ լինելու է ամենուժեղը, ու այն տեսակետը, թե իշխանությունն ու ընդդիմությունը խորը տարաձայնություններ ունեն, այդքան էլ իրատեսական չէ:
-Պարո՛ն Աղազարյան ինչպե՞ս եք պատկերացնում նոր ընդդիմության հետ խորհրդարանում ձեր աշխատանքը: Արդեն 3 օր է՝ խորհրդարանում անհամաձայնություններ ու վիճաբանություններ են լինում: Ընդդիմությունն ասում է, որ խորը տարաձայնություն ունի այս իշխանության հետ:
-Բաներ կան, որոնք Դուք չեք նկատում, ես նկատում եմ՝ իմ փորձառության եւ տարիքի հետ կապված: Ես կարծում եմ, որ այս խորհրդարանը լինելու է ամենաուժեղ խորհրդարանը:
-Ի՞նչ առումով է ուժեղ լինելու:
-Արդյունավետության, աշխատանքների կազմակերպման որակով, քննարկումների որակով, որը վերջին հաշվով պետք է բերի մեր պետականության զարգացման եւ նաեւ քաղաքացու սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը:
-Ընդդիմությունը պատրա՞ստ է գնալ կոնսենսուսի, ձեզ հետ նստել մեկ սեղանի շուրջ ու քննարկումներ անել:
-Ինքը ուզի, չուզի, այդպես է անելու, որովհետեւ ընդդիմության հիմնական գործառույթը լինելու է իշխանության թույլ տված բացթողումները վերհանել, քննադատել, ներկայացնել տվյալ հարցի հետ կապված իր լուծումը: Իշխանությունը պետք է աշխատի, այնպես անի, որ այդ հնարավորությունը չտա ընդդմիությանը: Քաղաքական այդ պայքարի արդյունքում կշահի ժողովուրդն ու պետականությունը: Ես այդ իմաստով եմ ասում:
-Ընդդիմությունն էլ՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, ասում է, որ այս իշխանության հետ որեւէ հարց չունի քննարկելու, որեւէ հարց չունի սեղանի շուրջ նստելու ու լուծումներ առաջարկելու: Ստացվում է, որ իրենք լրիվ հակառակն են պնդում: Ի՞նչ կասեք:
-Անկեղծ չէ ինքը, որովհետւ հիմա իրենք մասնակցում են ելույթներին, քննարկումներին, եւ դա շատ ողջունելի է: Տոնայնությունն ու նման բաները մի կողմ դնենք, դրանք կամաց-կամաց կհարթվեն, պահի տակ կարող է որեւէ մեկը զգայական արտահայտություն ունի, դա էլ կհարթվի: Հետեւաբար Իշխան Սաթաղելյանը, որ ասում է՝ մենք ոչինչ չունենք քննարկելու իշխանության հետ, ինքը արդեն անկեղծ չէ, որովհետեւ մենք քննարկումներ անում ենք, Աժ նախագահ, փոխնախագահներ ենք ընտրել:
-Պարո՛ն Աղազարյան, Դուք վախ ունե՞ք այս ընդդիմությունից: Անվտանգությունն ավելի ուժեղացվել է, նախապատրաստվել եք: Ո՞ւմից եք վախենում:
-Միշտ հարցերին նայում եք միակողմանի: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, որոնք արդեն խորհրդարանում են, արտախորհրդարանական պայքարի ժամանակ թույլ են տվել արտահայտություններ, վիրավորական ձեւակերպումներ, որոնք մեր թիմի երիտասարդ գործընկերներից մեկի մոտ նստվածք թողած լինի, եւ այդ երիտասարդին ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ քայլեր անի, որն ունենա վատ հետեւանքներ: Դա մեզ էլ է վերաբերում, որ մենք էլ թույլ չտանք արարքներ: Եվ սա Աղգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումներ են, որովհետեւ կա մեր պատմության վատ էջը՝ հոկտեմբերի 27-ը, որից պետք է հետեւություններ անել:
-Իսկ լրագրողներից ի՞նչ վախ ունեք:
-Այդ հարցը տվեք մեկ ուրիշին:
-Իսկ Ձեր գործընկերների մեջ կա՞ն մարդիկ, որոնք վախենում են լրագրողներից:
-Չգիտեմ՝ կան նման մարդիկ, թե ոչ: Ուղղակի կանոնակարգում են, որովհետեւ երբ պատգամավորը քայլում է միջանցքում, կանգնել եւ խնդրել հարցազրույց այնքան էլ գեղեցիկ չէ: Իհարկե, իմ հարաբերությունները լրագրողների հետ շատ նորմալ է:
-Այս ամենը սահմանափակում չէ՞ լրագրողի աշխատանքի:
-Դա ինձնից կախված հարց չէ, դա Ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքն է: Դրանից լրագրողները չպետք է տուժեն: Աժ նախագահն էլ ասաց, որ բակում հնրավարություն է ստեղծվելու, որ պատգամավորները դուրս գան, նստեն, սուրճ խմելու հնարավորություն լինի լրագրողների, ինչպես նաեւ քաղաքացիների հետ: Բացարձակ ազատություն չկա, ամեն ինչ արվում է տրամաբանության շրջանակներում:
Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ազատվել է պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ստեփան Մելքոնյանին 2021 թվականի օգոստոսի 14-ից ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից եւ արձակել ծառայությունից»,- նշված է հրամանագրում։ Նկատենք, որ հուլիսի 30-ին Ստեփան Մելքոնյանը Ազգային ժողովում էր արտահերթ նստաշրջանի ընթացքում խորհրդարանին երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Իսկ հիմա ամենակարեւորի մասին. ո՞վ է նշանակվելու ԱԱԾ տնօրենի տեղակալ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում ակտիվ խոսակցություններ են, որ Ստեփան Մելքոնյանի տեղը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ են նշանակելու Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին:
Ավելին, խոսակցություններն կան, որ ԱԱԾ-ում կան ավելի պրոֆեսիոնալ կադրեր, որոնց իշխանությունները չպետք է անտեսեն, ուստի քննարկվում է նաեւ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակել գեներալ-մայոր Եսայի Մկրտչյանին, որը ԱԱԾ հետախուզության դեպարտամենտի պետն է եւ համարվում է պրոֆեսիոնալ համակարգում: Ինչեւէ, հետեւենք զարգացումներին, թե ով կնշանակվի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ:
ԺԱՄԱՆԱԿ Է ԽՆԴՐԵԼ
Երեկ խորհրդարանում հավատարմագրված մի քանի լրատվամիջոցների լրագրողներ հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հանդիպումը նախաձեռնել են լրագրողները` խորհրդարանում լրագրողների աշխատանքային տեղաշարժի սահմանափակումների հետ կապված: Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է այն պատճառները, որի հիման վրա որոշել են լրագրողների տեղաշարժը սահմանափակել: Լրագրողներն էլ իրենց հերթին են ներկայացրել այն հիմքերը, ըստ որոնց՝ այդ սահմանափակումների դեպքում աշխատանքային ինչ լուրջ խնդիրների են բախվելու: Սիմոնյանը լրագրողներից երեք օր ժամանակ է խնդրել հարցն իր թիմի հետ քննարկելու ու որոշում կայացնելու համար:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎԵՆԴԵՏԱՆ
Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե արդյոք մտավախություն ունի այն հարցով, որ պատրաստվում են իշխանությունները ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված հետապնդում իրականացնել: Մեր զրուցակիցը նշեց, որ իշխանությունը հետեւողական վենդետա է իրականացնում:
-Իշխանությունը պատրաստվում է քրեական գործ հարուցել Ձեզ վրա եւ ուսումնասիրել Ձեր գույքը: Ունե՞ք նման տեղեկություն:
-Ես առաջին անգամ եմ լսում, որ նման բան կա: Թող ուսումնասիրեն, ես որեւէ խնդիր չունեմ:
-Այսինքն՝ Դուք գույքի բռնագանձման մասով որեւէ խնդիր չունե՞ք:
-Ոչ:
-Իսկ սա ի՞նչ է նշանակում, նորից ինչ-որ ձեւով փորձում են ճնշե՞լ:
-Եթե դա համապատասխանում է իրականությանը, իսկ ես ենթադրում եմ, որ, այո, այդպես է, ապա ես սա ամեն օր եմ ասում՝ իշխանությունը շարունակում է իր նենգ ու հետեւողական վենդետաները, քաղաքական հատապնդումները: ԱԺ-ում իշխող ուժի ներկայացուցիչները կոչ են անում համերաշխություն եւ այլն, բայց իրականում տակից անում են այն, ինչ պլանավորել են, եւ փորձում են բերել տրամաբանական ավարտին:
-Ձեզ հետ կապված վախ կամ մտահոգություն ունե՞ն: Ինչո՞ւ են անընդհատ Ձեզ հետ կապված վախեր լինում:
-Ես չեմ կարող ասել: Դա իրենց հարցրե՛ք: Միգուցե:
-Եթե Ձեր գույքի հանդեպ ուսումնասիրություններ սկսեն, պատրաստվո՞ւմ եք ինչ-որ քայլերի դիմել:
-Թող իրենք սկսեն, ես, իհարկե, պաշտպանվելու եմ ամեն հնարավոր միջոցներով:
-Բայց Դուք այս պահի դրությամբ որեւէ խնդիր չունե՞ք:
-Ես առաջին անգամ եմ լսում: Չեմ բացառում նաեւ, որ բամբասանքների ասպարեզից լինի:
-ԱԺ հանձնաժողովներից մեկը Դուք եք ղեկավարելու: Ցանկություն ունե՞ք հանձնաժողով ղեկավարելու:
-Պարզ կլինի:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ