Կառավարական կաբինետն ամբողջանում է. նախարարական 12 աթոռներից 11-ն արդեն զբաղված են: Կառավարության կազմում կան նաեւ նորեկներ: Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանն այժմ Պետեկամուտների կոմիտեի նախագահն է. նրան հին պաշտոնում փոխարինում է Կարեն Անդրեասյանը, որը հինգ տարի եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան ներկայացրել է նախարարության աշխատակազմին: «Ուզում եմ խոստանալ, որ մեր թիմի հետ միասին այս երիտասարդ ու շատ կարող թիմի հետ միասին մենք կկարողանանք ի վերջո արդարությունը բերել բոլորին ամբողջ երկրում», – ասաց Անդրեասյանը: «Ի վերջո արդարության եւ արդարադատության ներկայության զգացումը ամենակարեւորն է, ամենակարեւոր խնդիրներից է, որ մեր ժողովուրդը մեզ առաջադրել է դեռեւս 2018 թվականի հեղափոխության ժամանակ», – նշեց Փաշինյանը:
Թափուր է մնում արտաքին գործերի նախարարի աթոռը: Երբ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը շաբաթներ առաջ նշանակվեց արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, նաեւ մենք գրեցինք, որ հենց նա է նշանակվելու նախարար: Սակայն մինչեւ այժմ նշանակումը չկա: Նոր է նաեւ պաշտպանության նոր նախարարը՝ Արշակ Կարապետյանը. նա 2018-ից վարչապետ Փաշինյանի խորհրդականն էր, ապա՝ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, հուլիսի վերջից պաշտպանության փոխնախարարն էր: «Բոլորս մեծ պատասխանատվության տակ ենք», – պաշտպանության նոր նախարարին ներկայացնելիս շեշտեց վարչապետ Փաշինյանը եւ հավելեց. «Ճակատագիրը հենց մեր վրա է դրել, այս օրակարգը մեր առաջ է դրել, եւ մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերների տակից», – ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն եւ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գնել Սանոսյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին նախարարի պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար եւ նշել. «Իհարկե, նաեւ այդ աշխատանքի արտահայտությունն է, որ պարոն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ եւ իր գործունեությունը շարունակելու է այդ կարգավիճակով: Եվ, իհարկե, այս բերումով շարունակելու է ուղիղ առնչություն ունենալ ոլորտի հետ»:
Վարչապետը շնորհավորել է Գնել Սանոսյանին նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով եւ շնորհակալություն հայտնել Գեղարքունիքի մարզպետի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին անցած ժամանակահատվածում կատարած գործունեության համար եւ նշել, որ այդ ընթացքում եղել են էական, տեսանելի առաջընթաց ու փոփոխություններ: «Բայց կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում: Մեր պետությունը զարգացման յուրաքանչյուր հանգրվանում, այս հանգրվանում առավել եւս ունի ավելի արդյունավետ ֆիսկալ քաղաքականություն վարելու կարիք: Ուզում եմ բարձր գնահատել մեր երկրում ճգնաժամային շրջանում համակարգի կայուն գործունեությունը ու կայունությունը: Այս առումով գնահատելի է կատարված աշխատանքը: Իհարկե Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մասին մենք շատ քննարկումներ ենք ունեցել, ընդունել ենք ռազմավարություն, որի իրագործման փուլում ենք: Բազմիցս ասել ենք, որ Պետեկամուտների կոմիտեն պետք է լինի հարկ վճարողի բարեկամը եւ հարկ թաքցնողի թշնամին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետեւ վարչապետը մեկ դիտարկում է ներկայացրել մաքսային ծառայության հետ կապված. «Մենք, եթե չեմ սխալվում, մեկ-երկու, հնարավոր է նույնիսկ երեք քրեական գործ ունենք հետեւյալի մասին, երբ մաքսային կետով բեռներն անցել են այնպես, ինչպես, օրինակ, կանցնեին, ասենք, Հանրապետության հրապարակով՝ Ամիրյան փողոցից դեպի Տիգրան մեծ պողոտա: Իհարկե օրենքի եւ նախաքննության տրամաբանությամբ մենք նախաքննություն ենք վարում, գտնում ենք մեղավորներին, ապացույցներ ենք հետազոտում, պարզում ենք՝ ում մեղավորությունն է ապացուցված, ում մեղավորությունն ապացուցված չէ, հետո գալիս ենք այն եզրակացության, որ այդ գործի մեջ մեղավոր են այդ օրվա հերթափոխի երկու կամ երեք ծառայող»:
Ն.Հ.
ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Մեզ հայտնի դարձավ, որ Ռիմա Սահակյանին եւ Կարինե Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի վարույթում քննվող թիվ ՇԴ/0068/01/19 քրեական գործով նիստն ավարտվելուց հետո, տեղեկանալով, որ դատարանը որոշում է կայացրել գործով ամբաստանյալ Ասքանազ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին, դստեր՝ Կարինե Սարգսյանի հետ միասին մուտք է գործել դատարանի շինություն, այնուհետեւ՝ թիվ 4 նիստերի դահլիճ, որտեղ նույն գործով մյուս ամբաստանյալի՝ որդու՝ Կարեն Սարգսյանի դեռեւս կալանքի տակ գտնվելու կապակցությամբ դատարանի դահլիճում գտնվող դատավոր Ադրինե Ղուկասյանի հասցեին հնչեցրել է վիրավորական խոսքեր՝ «կաշառակեր, փողը վերցրեցիք, մյուսին ազատեցիք, իսկ իմ տղուն բռնել եք», «խուլիգան», «խուժաններ», «թուրք» արտահայտությունները, դա շարունակելով՝ դատարանի շինության նախասրահում դուրս են եկել դատարանի շենքից, այդպիսով պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ:
ՍՈԹՔՈՒՄ ԱԹՍ Է ԽՈՑՎԵԼ
Երեկ՝ ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։ Այս մասին ArmLur.am-ը խոսել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյան հետ. «Ճիշտն ասած, ես ուղիղ եթերով ավագանու նիստ էի վարում, բայց լսել եմ, որ Սոթքի հատվածում է եղել միջադեպը, բնակիչներն էլ ուժգին գմբոց են լսել, ուրիշ տեղեկույթուններ դեռ չունեմ»: Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Վարդենիս քաղաքի ուղղությամբ հայկական կողմը ադրբեջանական զինված ուժերին պատկանող Aerostar անօդաչու սարք էր խոցել, իսկ ավելի վաղ՝ հուլիսի լույս 28-ի գիշերը եւ առավոտյան, մարտական գործողություններ էին ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն այդ օրը հաղորդել էր 3 զոհի եւ 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին: Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը 10։40-ից հաստատվել էր հրադադար, որը, սակայն, ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է։
ՆՇԱՆԱԿՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարուհի Մաթեւոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
ԿԵՆՏՐՈՆ ԿՍՏԵՂԾՎԻ
Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած 1411 անձ ճանաչվել է հաշմանդամություն ունեցող: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արցախի հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում վիրավորում ստացած անձանց համար նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոն, որը ծառայություններ կմատուցի պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Անկախ կյանքի կենտրոններում կիրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի, մասնագիտական կողմնորոշման եւ կարիերայի պլանավորման ծառայություններ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական բյուջեից կտրամադրվեն դրամաշնորհներ` ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը, զբաղվածությունը, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով: Ի դեպ, կազմակերպությունների ընտրության համար մրցույթ է հայտարարվելու:
ՔԱՐՏԵՐԻ ԽՆԴԻՐ
Արդեն մի քանի օր է, ինչ ArmLur.am-ը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում՝ կապված մետրոպոլիտենի էլեկտրոնային քարտերի հետ: Նրանց խոսքերով՝ մետրոպոլիտենի ոչ մի կայարանում քարտեր չեն տրամադրում, իսկ երբ քաղաքացիները հետաքրքրվում են, ի պատասխան աշխատողներն ասում են, որ չկա: Բանն այն է, որ այդ էլեկտրոնային քարտերի բացակայության պատճառով շատ մեծ հերթեր են գոյանում, իսկ էկտրոնային քարտերը հերթերը նվազեցնում էին:
ArmLur.am-ը այս խնդրի շուրջ դիմեց Երեւանի մետրոպոլիտեն, որտեղից մամուլի հարցերով պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը փոխանցեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում այդ խնդիրը լուծելու ուղղությամբ. «Այս պահին Երեւանի մետրոպոլիտենում նոր քարտերի ձեռքբերման հետ կապված կան որոշակի տեխնիկական եւ ծրագրային խնդիրներ։ Հստակ ժամկետներ նշել չեմ կարող, քանզի այդ ուղությամբ այս պահին եւս տարվում են աշխատանքներ»։
Տեղեկացնենք, որ ուղեւորները, գնելով դատարկ քարտը, այնուհետեւ այն լիցքավորում են: Քարտը դրվում է անցակետի դիմային ապակուն, վառվում է կանաչ լույսը, ինչը թույլ է տալիս անցնել անցակետով:
Ս.Հ.