ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալվանք համայնքի հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել եւ անց են կացվել խախտումներով:

 

Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2016թթ. տարբեր ամիսներին, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով, տվյալ պահին գործող «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված՝ երկու հայտատու, գնային երկու առաջարկ ապահովելու նպատակով, իր հետ ազգակցական կապերով եւ մտերիմ փոխհարաբերություններով փոխկապակցված անձանց, այդ թվում՝ եղբոր, քենակալի, վերջինիս որդիների օգտին կատարել է պաշտոնեական կեղծիք:

Քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի ազգականներն ու մտերիմները, պայմանավորվածություններ ձեռք բերելով համայնքի ղեկավարի հետ, հաստատապես տեղյակ լինելով աճուրդների ձեւական բնույթ կրելու եւ փաստացի տեղի չունենալու մասին, առանց ներկայանալու համայնքապետարան եւ մասնակցություն չունենալով նշված գործընթացին, դրա օրինականության պատրանք ստեղծելու դրդապատճառով, օժանդակել են նրա կողմից պաշտոնեական կեղծիքների կատարմանը:

Նշված անձինք, տեղյակ լինելով հրապարակային սակարկության մասնակիցների թիվը մեկից ավելի չլինելու դեպքում աճուրդի չսկսվելու մասին «ՀՀ հողային օրենսգրք»-ի դրույթներին, աճուրդային գործընթացների փաստաթղթաշրջանառության ամբողջականությունն ապահովելու եւ օրենսդրական արգելքը հաղթահարելուն նպաստելու միջոցով խոչընդոտները վերացնելու եղանակով հանցագործությանն օժանդակելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել համյանքի ղեկավարի հետ, ստորագրել են աճուրդի մասնակցության հայտերը, արձանագրությունները եւ բովանդակությամբ կեղծ այլ փաստաթղթեր:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի օժանդակությամբ, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման աճուրդի կազմակերպիչ, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման պահանջների խախտմամբ, աճուրդը կայացած համարվելու եւ դրանում կոնկրետ մասնակցի հաղթող ճանաչված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ եւ դրանք վավերացրել իր հետ հանցակցած անձանց ստորագրություններով:

Աշխատակազմի ղեկավարն իր հերթին, իրականացնելով հայտերի ընդունման, արձանագրությունների եւ այլ փաստաթղթերի պատրաստման գործառույթներ, պայմանավորվածություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի հետ եւ հաստատապես տեղյակ լինելով աճուրդների ձեւական բնույթ կրելու եւ փաստացի տեղի չունենալու մասին՝ կազմել եւ ստորագրել է հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտերը: Դրանց արդյունքների մասին բովանդակությամբ կեղծ արձանագրությունները ստորագրվել են աճուրդի մասնակիցների եւ համայնքի ղեկավարի կողմից, որոնց հիման վրա էլ հողամասերի նկատմամբ գրանցվել է անձանց սեփականության իրավունքը:

Արդյունքում՝ 0,5839 հա, 0,2330 հա, 0,8705 հա, 0,94325 հա, 0,2115 հա, 0,49575 հա, 0,68194 հա, 3,0 հա, 0,89407 հա եւ 1,8 հա հողամասերը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից եւ քաղաքացիաիրավական բնականոն շրջանառությունից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի ազգականներին ու մտերիմներին՝ թվով 10 անձանց, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված՝ ավտոմեքենաներից կատարված հափշտակության դեպքերը: Արձանագրված դեպքերից 9-ով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ բողոքի բացակայության հիմքով։ 3 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնց վարույթն այնուհետեւ կասեցվել է հանցագործություն կատարած անձին չհայտնաբերելու հիմքով:

 

Գողությունների գերակշիռ մասը կատարվել է գիշերային ժամերին, որպես հանցագործության թիրախ հիմնականում ընտրվել են հակաառևանգման ազդանշանային համակարգ չունեցող, կայանված վայրերում տեսաձայնագրող սարքեր չունեցող, հսկողությունից դուրս մնացած ավտոմեքենաները։ Ավտոմեքենայի դռները բացել են դռան ապակին կոտրելու կամ տեխնիկական միջոցի գործադրմամբ։ Հաճախակի են գողության դեպքերը Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական  եւ Վարդ-Բաղ թաղամասերից։ Պարզվել է, որ այն դեպքերում, երբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է դիմողի բողոքի բացակայության հիմքով, անհրաժեշտ հետեւողականություն չի ցուցաբերվել հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, հաշվառման վերցնելու, նրանց հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ տանելու, այլ հանցագործությունների կատարմանը նրանց մասնակից լինելու հնարավորության հարցը պարզելու ուղղությամբ։ Ընդ որում, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման եւ բացահայտման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձին-առանձին չեն ուսումնասիրվել սպասարկվող օպերատիվ իրավիճակը, ըստ  տեղամասերի կատարված հանցագործությունների բնույթը, դրանց կատարմանը նպաստող տեղային պատճառներն ու պայմանները, տուժողների ու հափշտակված իրերի մասին տեղեկությունները:

Հաշվի առնելով ավտոմեքենաներից կատարված հափշտակության դեպքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրության արդյունքները՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազը  ՀՀ  ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հղված միջնորդագրով ուշադրություն է հրավիրել այս բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, բացահայտման, ազգաբնակչության հետ տարվող բացատրական աշխատանքների ոլորտներում առկա բացերի եւ դրանք վերացնելու անհրաժեշտության վրա:

Մասնավորապես շեշտվել է որպես կանխարգելիչ միջոց, գիշերային ժամերին հանցանքի կատարման համար առավել ռիսկային գոտիներում ինտենսիվ շրջիկ հերթապահություններ եւ ծառայություններ իրականացնելու, բնակելի թաղամասերում  ոստիկանական ավտոմեքենաներով շրջիկ վերակարգերի նշանակման, նախկինում դատապարտված կամ քրեածին, հատկապես գողությունների հակում ունեցող, գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ինչպես նաեւ իրենց սեփականության պաշտպանությունն ապահովելու նպատակով ավտոմեքենաների սեփականատերերի հետ բացատրական աշխատանքներ իրականացնելու կարիքը:

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը: Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով:

 

 

ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՀՔԾ

Գորիսի կրակոցների գործով վկաներից մեկին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն:  ՀՔԾ  հրավիրելը պայմանավորված է նրան ծեծի ենթարկելու հետ: Հիշեցնենք, որ փաստաբան Արթուր Պիվազյանը հայտնել էր, որ Գորիսի կրակոցների գործով Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, ոստիկանի համազգեստը հագին, 2 օր շարունակ հոգեպես նվաստացրել, խոշտանգել է, ամենաայլանդակ գործողություններ է կատարել 69 տարեկան թոշակառուի հետ, որը, ըստ տեղեկությունների, նախկին մարզպետ Խաչատրյանի բարեկամներից մեկն է։ Դա արվել է այն նպատակով, որ նա  ստորագրի 2021թ. հուլիսի 15-ին Գորիսում տեղի ունեցած դեպքի հետ կապված՝ հավանաբար իր համար երանելի բովանդակությամբ ցուցմունքը:

Նշենք, որ հուլիսի 15-ին կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Ըստ լուրերի՝ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ու նախկին մարզպետի մտերիմները հին հաշիվներ են ունեցել: Ի դեպ, կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով, սակայն անցել է 9 օր, եւ իրավապահները դեռեւս որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել, փոխարենը ակտիվ կերպով կալանքի են տանում համայնքի ղեկավարներին: Սա էլ դեռ ամենը չէ. իրավապահները կրակոցների գործով փնտրում են գործող մարզպետի որդուն, որ կալանավորեն, իսկ բաժիններում ծեծում ու խոտանգում են նախկին մարզպետի հարազատներին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս