ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։ Համաձայն ուսումնասիրությունների՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 326 քրեական գործ, նախապատրաստվել՝ 128 նյութ: Նշված 326 քրեական գործերից՝
8-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը),
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը),
5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը),
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածով (ինքնասպանության հակելը),
5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը),
3-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
19-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը),
161-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը),
17-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը),
2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),
2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով (մարդուն առեւանգելը),
2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկելը),
21-ը՝ 137-րդ հոդվածով (սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը),
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (բռնաբարությունը)
1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները),
5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ),
1-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողությունները),
14-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով (ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելը),
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը),
13-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը),
5-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը),
26-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը), իսկ 8-ը` ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:
Վերը նշված քրեական գործերով 145 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 52-ը եղել է 18-35 տարեկան, 93-ը՝ 35 տարեկանից բարձր:
Ընտանիքում կատարված հանցագործություններից 5-ը եղել են մոր կողմից, 11-ը՝ հոր կողմից, 2-ը` խորթ հոր կողմից, 9-ը՝ եղբոր (քրոջ) կողմից, 16-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 6-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 90-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 4-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 3-ը՝ հարսի (փեսայի) կողմից կատարված: Վարույթում քննված գործերով 291 անձ ճանաչվել է տուժող, որից 39-ը՝ մինչեւ 12 տարեկան, 1-ը՝ 12-14 տարեկան, 5-ը՝ 14-16 տարեկան, 4-ը՝ 16-18 տարեկան, 90-ը՝ 18-35 տարեկան, 152-ը՝ 35 տարեկանից բարձր: 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ավարտվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 180 քրեական գործ, 124 քրեական գործի վարույթ կարճվել է, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 55 քրեական գործ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
Նոյեմբերյան խոշոր համայնքի մաս կազմող սահմանամերձ Ոսկեպարի բնակիչներից տեղեկացա, որ օգոստոսի 3-ին Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների, Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանի եւ այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։ Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին, որտեղից ճանապարհը թեքվում է դեպի Ոսկեպարի հին անասնաֆերմաներ եւ Վերին Ոսկեպար, նախատեսվում է տեղադրել ռուս խաղաղապահների ուղեկալ, որը կտեղակայվի հավաքովի, մոբիլ կառույցներում։ Նշված տեղը ներկայիս հայ-ադրբեջանական փաստացի սահմանից հեռու է մոտ 300 մետր։ Ոսկեպարի բնակիչներից ոմանք էլ կարծում են, որ իրենց գյուղում ստեղծվելու է ռուսական խաղաղապահ մոնիտորինգային կենտրոն։ Տեսակետ կա, որ ռուսական խաղաղապահ ուղեկալի տեղադրումը կարող է կապված լինել սահմանի այդ հատվածում սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների իրականացման, Յուխարի Աքսիպարա (Վերին Ոսկեպար) ադրբեջանական անկլավի հանձնման հետ։ Պարզ չէ, թե իրավական ինչ հիմքով, որ փաստաթղթի հիման վրա են ռուս զինվորականները տեղակայվելու Ոսկեպարում։
ՆԱԽԱԳԱՀ Է ՆՇԱՆԱԿԵԼ, ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՏՎԵԼ
Օգոստոսի 3-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ղեկավարվելով «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով կառավարության 2021թ. հուլիսի 21-ի թիվ 1210-Ն որոշումը, որոշել է հաստատել Տավուշի մարզի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման գործընթացը վերահսկելու համար ստեղծված հանձնաժողովի կազմը։ Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը, մարզպետ Հայկ Ղալումյանը հանձնաժողովի նախագահ է նշանակել իրեն, հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ վարչության պետ Աղաբեկ Գալստյանը, ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Ասքանազ Բաբլումյանը, քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսակ Մելքումյանը եւ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը։ Մարզպետը հանձնաժողովի անդամներին հանձնարարական է տվել 10-օրյա պարբերականությամբ ուսումնասիրել աշխատանքների ընթացքը եւ արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Տավուշի մարզպետին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՍՐԸՆԹԱՑ ԳՆԱՃ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում թանկացել է առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ հուլիսին, հունիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի 0.3 տոկոս գնաճ, իսկ սուրճը, թեյն ու կակաոն թանկացել են 0.4 տոկոսով:
Հայաստանում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը հուլիսին հունիսի համեմատ էժանացել են, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 1.4 տոկոսով, բայց նախորդ տարվա հուլիսի համեմատ՝ այն թանկացել է 13.5 տոկոսով:
Հայաստանի վիճակագրական կոմիտեն մրգի շուկայում արձանագրել է գների նվազում, այն էլ՝ 13 տոկոսով: Բայց, չնայած սրան, քաղաքացիներ կան, որոնք դժգոհում են բանջարեղենի բարձր գներից. վարունգի մեկ կիլոգրամը 350 դրամ է, լոլիկի գինը 300 դրամը գերազանցում է, գազարի գինը սկսում է 500 դրամից, մինչդեռ նախորդ տարում նշված բանջարեղենի գները ցածր են եղել:
Յուղերի ու ճարպերի շուկայում այս հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 33.8 տոկոս գնաճ, բայց հունիսի համեմատ՝ այն նվազել է 2.8 տոկոսով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ արեւածաղկի ձեթն այս հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, թանկացել է 75.2 տոկոսով, բայց այս տարվա հունիսի համեմատ՝ 7 տոկոսով նվազել է: Միեւնույնն է, պաշտոնապես ձեթի գինը նվազել է, բայց այն շարունակում է բարձր գնով վաճառվել: Շաքարավազի շուկայում նախորդ տարվանից սկսված գնաճը դեռ շարունակում է պահպանվել. այս հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գինը բարձրացել է 39.4 տոկոսով: Այսօր շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը գերազանցում է 400 դրամը:
Իսկ ահա կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում մեկ տարվա ընթացքում գրանցվել է 12.1 տոկոս գնաճ, իսկ այս հուլիսին, հունիսի համեմատ, 0.5 տոկոսով նվազել են գները: Միայն ձվի գինը մեկ տարվա ընթացքում աճել է 51.3 տոկոսով: Ձկան եւ ծովամթերքի շուկայում մեկ ամսվա ընթացքում գները բարձրացել են 3 տոկոսով: Ըստ մասնագետների՝ պատճառը ներկրվող կերն է: Օրինակ, «Իշխան» ձկնատեսակի գնաճը մեկ տարվա ընթացքում կազմել է 27.5 տոկոս: Թանկացել է նաեւ մսամթերքը: Ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի գները եւս բարձրացել է 0.5 տոկոսով, իսկ մեկ տարվա ընթացքում նշված ապրանքատեսակները թանկացել են 9.2 տոկոսով:
Միայն ալկոհոլային խմիչքի գնաճը այս տարվա հուլիսին, 2020թ. հուլիսի համեմատ, կազմել է 8.6, իսկ այս հունիսի համեմատ՝ 0.1 տոկոս: Ծխախոտը թանկացել է 1.2 տոկոսով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ