Ռուսաստանաբնակ դերասանուհի Շողեր Գրիգորյանին շատերը ճանաչում են «Փախիր կամ ամուսնացիր», «Քաոս», «Բանակում» նախագծերից: Դերասանուհու հետ ArmLur.am-զրուցել է զբաղվածության, հայրենիքից հեռու ապրելու մասին եւ այլնի միայն:
-Շողե՛ր, վերջին անգամ, եթե չեմ սխալվում, հեռուսատդիտողը ձեզ տեսել է «Քաոս» գեղարվեստական ֆիլմում։ Ինչո՞վ եք զբաղված այս պահին։
-Ճիշտ է, վերջին ժամանակում զբաղված եմ մի ներկայացումով, որում հանդես գալու համար ինձ հրավիրել են Մոսկվայի հայկական «Գավիթ» թատրոն, եւ սիրով ընդունեցի հրավերը: Պիեսի հեղինակը հենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Համլետ Ղալեչյանն է: Իրականում այս ներկայացումն ինձ համար մարտահրավեր էր, քանի որ ներկայացումն ամբողջությամբ ռուսերեն լեզվով էր, եւ պետք է խաղայի մի կերպար ժամանակակից պիեսի մեջ: Սա ինձ համար փորձություն էր, որը պետք է հաղթահարեի: Այս նույն վախի զգացողությունը ունեի, երբ խաղում էի Ֆրանսիայում ֆրանսերեն լեզվով, ինձ թվում էր, որ այդ իմպրովիզացիան չի ստացվի, քանի որ իրականում պետք է ազատ լինես լեզվի մեջ, որպեսզի կարողանաս բեմում ազատ զգալ, բացի դա, պատահում է, երբ հանդիսատեսն ինքն է քեզ թելադրում, եւ պետք է որպես արտիստ պատրաստ լինես ցանկացած զարգացման: Բայց, ինչպես գիտեք, ո՛չ ֆրանսերենը, ո՛չ ռուսերենն իմ մայրենի լեզուն չեն, բայց, փառք Աստծու, կարողանում եմ պատվով իմ առջեւ դրված փորձությունները հաղթահարել: Լեզվի հարցում ինձ շատ օգնեցին նաեւ իմ ընկերները ռուսական թատրոնների, այնպես որ, պրեմիերան անցավ շատ լավ, բարձր մակարդակով, եւ ամենակարեւորը՝ հանդիսատեսը գոհ էր:
-Դուք ամուսնանալուց հետո մշտական բնակություն եք հաստատել Մոսկվայում։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում օտարության մեջ, հայրենիքի կարոտն արդյոք կանչո՞ւմ է։
-Այո՛, բնակվում եմ Մոսկվայում, բայց եթե բնակվեի, օրինակ, Շրի Լանկայում, ոչ հայաշատ վայրում, իհարկե շատ դժվար կլիներ, բայց Մոսկվան, ռուսները մեզ մշակույթով շատ մոտ են, եւ քանի որ տարածված ռուսաֆոբիա կա, դրա համար եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ իսկապես նրանք մեզ շատ մոտ եւ բարեկամ ազգ են, ես չեմ խոսում պետության մասին: Հիմա շատ դժվար ժամանակներ են, եւ շատ դժվար է թացը չորից տարբերելը, բայց, որպես ազգ, ես զգում եմ նրանց մոտեցումը մեր ռազմագերիների նկատմամբ, շատ անգամ եմ տեսնում լուրերով ինչպես են տարածում, ինչպիսի ցավակցական խոսքեր են մեզ ուղղում: Օրինակ՝ օրերս կորցրեցինք մեր լեգենդար Ջիվան Գասպարյանին, հետեւում եմ ռուսական մամուլին եւ տեսում եմ՝ ինչպիսի ցավակցական խոսքեր են հղում մեզ՝ ի տարբերություն, օրինակ, ֆրանսիական կամ եվրոպական մամուլի, բայց չէ՞ որ նա համաշխարհային մակարդակով լեգենդ էր, եւ այս ամենը տեսնելով՝ հասկանում ես, որ իսկապես մենք բարեկամ, մշակույթով մոտ ազգ ենք: Համենայնդեպս, հայերն այստեղ իրենց ազատ են զգում:
-Շողե՛ր, Մոսկվայի նման մեծ քաղաքում ինչպե՞ս եք դաստիարակում Ձեր երեխաներին, արդյոք օտարությանը ձուլվելու մտավախություն չունե՞ք։
-Երեխաներիս հետ կապված վստահում եմ գենին, որը փոխանցվում է, եւ այն քրիստոնեական դաստիարակությանը, որը մենք տալիս ենք, եւ ես աղոթում եմ, որ նրանք ազգային պատասխանատվություն ունենան, կարողանան լիարժեք հայ մեծանալ:
-Ցանկություն չունե՞ք կրկին Հայաստանում ապրելու. եթե այո, ապա ի՞նչն է Ձեզ հետ պահում։
-Երեւանս, հայրենիքս ամեն վայրկյան իմ սրտում է, եւ ես իմ սրտում հույս եմ փայփայում, որ անպայման հետ եմ վերադառնալու: Կուզենայի այնպես վերդառնալ, որ ինքս իմ վրա հենվեմ, եւ ոչ թե պետության: Ամուսինս նույնպես շատ է սիրում Հայաստանը, եւ եթե Հայաստանի մի մազը ծռվում է, մեր ամբողջ միտքը, հոգին, գործը, ունեցածը մտածում ենք Հայաստան հասցնելու, օգնելու մասին: Ամուսինս ինձանից էլ շատ է սիրում հայրենիքը, բայց առաջիկայում վերադառնալու ծրագրեր չունենք: Մի անգամ գրող Թադեւոս Տոնոյանն ասաց՝ կարեւոր այն չէ, որ Հայաստանից գնում ես, կարեւորն այն է՝ հայրենիքդ մտքիցդ չգնա: Ամեն դեպքում, ես գիտեմ, որ թեկուզ Հայաստանից դուրս բոլորն ունեն իրենց կարեւոր ֆունկցիան, շատ կարեւոր է սփյուռքը, որը մեր պատուհանն է դեպի աշխարհ:
-Հայրենիքից հեռու հետեւո՞ւմ եք Հայաստանում տիրող իրավիճակին, ի՞նչ տպավորություն ունեք։
-Իհարկե հետեւում եմ եւ ինչքան փորձում եմ չմեկնաբանել, քանի որ, դրսում ապրելով, ճիշտ չի ընկալվում հասարակության կողմից, բայց եւ չխոսել չեմ կարող, քանի որ Հայաստանից բացի ուրիշ բանի մասին մտածել չեմ կարող: Պատերազմից հետո դեռ շատ բաներ կան օդում կախված, անգամ մտածելուց մարդ սարսափում է: Այն, ինչ եղել է մեր ազգի հետ 100 տարի առաջ, շատ ավելի վատ է եղել, բայց մենք կարողացել ենք հաղթանակած դուրս գալ, որպես ազգ նորից կայանալ, պետություն ստեղծել, նման բան պատմության մեջ չկա: Ես չեմ ուզում շատ կենտրոնանալ այս պարտության վրա, քանի որ ժամանակը չի չափվում տարով, դեպքով, ժամանակը նույնիսկ հարյուրամյակով է չափվում, եւ եթե մենք նորից վերականգնվենք, ապա այս պատերազմը դիտվելու է մի միջանցիկ գործողություն: Ես հավատում եմ այն ծրագրին, որ Աստված ունի մեր հետ, քանի որ ամեն ձեւով մենք պետք է չլինեինք, բայց կանք: Այս պատերազմը ցույց տվեց մեր իսկական դեմքը: Մենք այնքան ենք չարացած միմյանց հանդեպ, մենք ենք մեր գլխավոր թշնամին, մեր պառակտումներն են, մեր կեղտոտ բառապաշարն է, որ օգտագործում ենք: Ես հավատում եմ մեր հավաքական ուժին, միասնականությանը: Պետք չէ միմյանց պիտակավորել, պարզապես պետք է ընդունել պարտությունը եւ ամեն ինչ անել նոր հաղթանակի, նոր վերածնունդի համար:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ
Լուի վան Գալը նշանակվել է ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ. hաղորդում է Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը: 69-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. աշխարհի առաջնության ավարտը: Վան Գալի օգնականները կլինեն Դանի Բլինդը, Ֆենկ Ֆրեյզերը եւ Ֆրանկ Հոեկը: Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Ֆրանկ դե Բուրի հրաժարականից հետո: Լուի վան Գալը Հոլանդիայի հավաքականը գլխավորել է 2000-2001-ը եւ 2012-2014-ը, իսկ ԱԱ-2014-ում դարձել է բրոնզե մեդալակիր: 2016-ից մարզիչը գործազուրկ է:
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ «ԼՈԿՈՄՈՏԻՎ»-ՈՒՄ
Մոսկվայի ԲԿՄԱ-ի ու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը կարիերան կշարունակի ռուսական «Լոկոմոտիվում»: 22-ամյա ֆուտբոլիստը մոսկովյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: «Լոկոմոտիվում» նա հանդես կգա 71 համարի մարզաշապիկով: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նաիր Տիկնիզյանին ձեռք բերելու համար մոսկովյան ակումբն առաջարկել է 5 միլիոն եվրո: Նշվում էր, որ «Լոկոմոտիվ» տեղափոխության դեպքում նրա աշխատավարձը կբարձրանա: ԲԿՄԱ-ում կիսապաշտպանը ստանում էր ամսական 2.5 միլիոն ռուբլի: Հայ ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի սան է, եւ 8 տարի անցկացրեց բանակայինների համակարգում: ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում նա մասնակցել է 43 խաղի ու դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է
Երեւանի «Արարատից» հեռացած Կարեն Մուրադյանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա». hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային հավաքականի 28-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին», որի կազմում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 22 հանդիպման, իսկ գավաթի խաղարկությունում դաշտ է դուրս եկել 7 անգամ։ Հայաստանում Կարեն Մուրադյանը հանդես է եկել նաեւ Գյումրիի «Շիրակում» ու Երեւանի «Ալաշկերտում»:
ԶՐՈՒՑԵԼ Է ԱՊԱԳԱՅԻՑ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը զրույց է ունեցել թիմի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հետ վերջինիս ապագայի վերաբերյալ։ 32-ամյա լեհ հարձակվող մարզչին հավաստիացրել է, որ առաջվա պես մոտիվացված է եւ մտադիր է հետագայում եւս տիտղոսներ նվաճել մյունխենյան ակումբի կազմում: Այդուհանդերձ, Լեւանդովսկին չի բացառում, որ 2022 թվականին կարող է հեռանալ «Բավարիայից»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականի հունիսը։
«ԳԱՌՆԻ» ՏԱՃԱՐՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՄԵՐԳ
Օգոստոսի 13-ին՝ ժամը 19։00-ին, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ «Գառնի» պատմամշակութային տաճարում Մոսկվայի փողային նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենա յուրօրինակ բարեգործական համերգ:
Ծրագրում կհնչեն Յո. Հայդնի, Կ. Դեբյուսիի, Է. Գրիգի, Մ. Պ. Մուսորգսկու, Ի. Ֆ. Ստրավինսկու, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ձեռքի աշխատանքները։ Ցուցադրության ընթացքում կլինի նաեւ ցուցահանդես-վաճառք, որը ոչ միայն հնարավորություն կտա մասնակիցներին վաստակելու իրենց աշխատանքների արդյունքները, այլ նաեւ խթան կհանդիսանա նրանց է՛լ ավելի ներգրավմանը հետպատերազմյան կյանքին։ Համերգից ստացված հասույթով միջոցառման կազմակերպիչները նախատեսում են նաեւ երաժշտական գործիքներ ձեռք բերել Հադրութից եւ Շուշիից տեղահանված ու Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում բնակվող այն երեխաների համար, ովքեր ուսանել են Արցախի Հանրապետության երաժշտական դպրոցներում եւ հիմա երաժշտական գործիքների կարիք ունեն։