Այսօր ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը հայտնել էր, որ կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները և համակարգի այլ մարդիկ պետք է դուրս մղվեն, զտվեն համակարգից, սա միանշանակ է ինձ և կառավարության համար»,- նշել էր նախարարը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած վեթինգին՝ նախարարը նշել էր, որ խոստումների մի մասն իրականացվել է, մյուս մասն իրականացման ճանապարհին է: «Վեթինգն արդեն իսկ սկսված է, դուք կարող եք տեսնել, որ արդեն իսկ կան համակարգից դուրս մղված դատավորներ»: Ուշագրավ այն էր, 8 տարի առաջ Կարեն Անդրեասյանը լինելով Մարդու իրավունքների պաշտպանը սկանդալային հայտարարություն էր արել դատական համակարգում գործող կաշառքի մասով, որից հետո դատավորները հաշիվ էին պահանջել ՄԻՊ-ից, իսկ նա լուռ էր:
Մասնավորապես, 2013 թվականին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը արտահերթ զեկույց հրապարակեց`ներկայացնելով դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները: Ըստ զեկույցի՝ հարցումների արդյունքում պարզվել են դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներ: «Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների դեմ: Տարբերակ 2. դատավորը ավելի մեծ գումար է պահանջում՝ իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջեւ»:
Ըստ օմբուդսմենի զեկույցի` առաջին ատյանի դատարաններում 500-10.000 ԱՄՆ դոլարով են վճիռ կայացնում, վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով:
Այս աղմկալի հայտարարությունից հետո դատական համակարգը կոնկրետ փաստեր էր ուզում, իսկ ՄԻՊ լռում էր՝ նշելով, որ անուններ չի կարող տալ:
Արդյոք 8 տարի անց նորանշանակ նախարարը պատրաստ է հրապարակել կաշառակեր դատավորների անունները, թե՞ կրկին լուռ կմնա:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան