Գերմանիայի արևմտյան մասում ջրհեղեղները խլել են Գերմանիայում մշտապես բնակվող երեք ռուսների կյանք: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բեռլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը:
«Ավաղ, ողբերգությունը չի խնայել մեր հայրենակիցներին. Տեղական իրավապահ մարմիններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ բնական աղետի հետևանքով երեք ռուս, որոնք մշտապես բնակվում էին ԳԴՀ-ում, զոհվել են», – ասել է նա:
«Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին, հարազատներին և ընկերներին: Դեսպանատունը և Ռուսաստանի հյուպատոսական ներկայացուցչությունները շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին», – հավելել է դիվանագետը:
Դեսպանը նշել է, որ Գերմանիայի արևմտյան հատվածին պատուհասած աղետի հետևանքներն աննախադեպ են, և, փորձագետների գնահատմամբ, ավերված ենթակառուցվածքի վերականգնումը «կպահանջի շատ ժամանակ և բազմամիլիարդանոց ծախսեր»:
Հուլիսի կեսերին հորդառատ անձրևներ են տեղացել Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ ավերիչ ջրհեղեղների պատճառ դառնալով: Աղետից տուժած բոլոր բնակավայրերում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 180-ը, ավելի քան 750 մարդ վիրավորվել է: