Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանի և ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ այցելել է Պարեկային ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարեկային ծառայության մեկամսյա գործունեության արդյունքներին ծանոթանալու նպատակով ս.թ. օգոստոսի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերի հետ համատեղ աշխատանքային այց է կատարել Պարեկային ծառայություն: Ներկա են եղել նաև Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Ոստիկանության ու նախարարության ներկայացուցիչներ։

Այցի ընթացքում ամփոփվել են ծառայության մեկամսյա գործունեության արդյունքները, հիմնական ձեռքբերումները, ներառյալ՝ հանրային կարծիքը ծառայության վերաբերյալ։ Քննարկվել են նաև նոր ծառայության հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, ոստիկանության և նախարարության կողմից ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան և ԵՄ գործընկերներին հետևողական աջակցության ու ներգրավման համար։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դժվարին իրավիճակում քաղաքացիներին օգնության հասնող, բարեվարք և մասնագիտացված արտաքին ծառայության կայացումը Կառավարության համար առաջնահերթ նպատակ է ոստիկանության ոլորտում ժողովրդավարական բարեփոխումների իրագործման ճանապարհին։

ԱՄՆ դեսպան տիկին Թրեյսին շեշտել է, որ Միացյալ Նահանգները հպարտ է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին և, ընդառաջելով ՀՀ կառավարության խնդրանքին, ապահովել պարեկային ոստիկանների ուսուցումը։ «Մեր ընդհանուր նպատակը իրավապահ հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումն է, ոստիկանների ուսուցման և հանրությանը գերազանց ծառայելու ստանդարտների արդիականացումը»,- նշել է դեսպան Թրեյսին։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցության տամադրումը Հայաստանին արդարադատության և ոստիկանական բարեփոխումների ոլորտում։ ՀԸԳՀ-ի շրջանակներում ԵՄ ուրախ է աջակցելու Հայաստանի Պարեկային ծառայությանը, այդ թվում՝ ոստիկանական ավտոմեքենաներով ծառայության հագեցմանը:

Պարեկային ծառայության ղեկավարությունը հյուրերին ներկայացրել է ծառայության ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական ու ծրագրային ապահովվածությունը, ինչպես նաև պարեկների տեխնիկական ու համազգեստային հագեցվածությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Պարեկային ծառայության ընդլայնմանը դեպի Շիրակ և Լոռու մարզեր, ընդունելության ընթացքին և ժամանակագրությանը։ ԱՄՆ դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարն իրենց շարունակական աջակցությունն են հայտնել պարեկային ծառայությունը ամբողջ հանրապետությունում ներդնելու և ոստիկանության ոլորտի բարեփոխումները հետևողական իրականացնելու հարցում։




Լրահոս