ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ: Պատգամավորը խոսել է խորհրդարանում ընդդիմության հետ համատեղ աշխատելու հնարավորությունների մասին:

 

-Դուք նորից վերադարձել եք իշխանության, ի՞նչ եք պատրաստվում անել, որպեսզի հանրությունը չհիասթափվի ձեզանից: Պատերազմական վիճակը շարունակվում է, կրակոցներ ու լարվածություն կա, ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել, որպեսզի չհիասթափեցնեք մարդկանց:

-Բանակցելու ճանապարհներով պետք է փորձենք հարցին լուծում տալ:

-Բայց կա՞ այդ ճանապարհը: Այս պահի դրությամբ հանրությունը չի տեսնում այդ ճանապարհը: Ո՞րն է Ձեր տեսլականը:

-Այդ ճանապարհը փշոտ է, բայց պետք է գնալ այդ ճանապարհով:

-Այս պահին դեռ պատերազմական վիճակը շարունակվում է Հայաստանում: Ի՞նչ է պետք է անել, որպեսզ հնարավոր լինի լռեցնել թնշամուն:

-Բանակը պետք է միշտ պատրաստ լինի, բայց բանակցությունները առաջնահերթ եմ համարում:

-Եթե մենք այս պահին չունենք արտաքին գործերի նախարար, եւ չեն կողմնորոշվում, թե ում պետք է նշանակել, ի՞նչ պետք է անել, որպեսզի այս հարցը լուծում ստանա:

-Դա չի նշանակում, որ այդ գերատեսչությունը չի աշխատում:

-Այսինքն կա՞ բանակցող:

-Այո, իհարկե:

-Ո՞վ կարող է այս հարցին լուծում, ո՞վ կարող է բանակցել ռուսական կամ ադրբեջանական կողմի հետ: Օրինակ՝ նշում են ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին:

-Շատերի անուններն են նշում, բայց հստակ մարդ դեռ չկա:

-Դուք ունե՞ք անձնական տեսակետ, թե ով կարող է լինել այդ անձը:

-Ոչ:

-Ինչո՞ւ: Ձեր թիմակիցներին թո՞ւյլ եք համարում:

-Ոչ, թույլ չեմ համարում: Դա առանձին նեղ մասնագիտական ոլորտ է, որի մասնագետը չեմ ես:

-Պարո՛ն Ղալումյան, ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հետ աշխատանքը խորհրդարանում: Ընդդիմությունը նշում է, որ որեւէ ձեւով չի ցանկանում ձեր հետ քննարկումներ ունենալ ցանկացած հարցի շուրջ: Ո՞րն է Ձեր տեսլականը:

-Ժողովրդի քվեն բավարար է: Առանց ընդդիմության ցանկության մենք կհասնենք մեր առաջիկա խնդիրների լուծմանը:

-Առանց ընդդիմության հետ հաշվի նստելո՞ւ:

-Մենք ընդդիմության հետ հաշվի ենք նստում, հորդորում ենք, որ գան կառուցողական դաշտ, փորձենք աշխատել, բայց ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք ուրիշ ձեւ են արձագանքում եւ ռադիկալ դեմ են այդ համատեղ աշխատանքին:

-Դուք վախ ունե՞ք ընդդիմությունից:

-Բացարձակապես ոչ:

-Այդ դեպքում ինչո՞ւ եք խորհրդարանում անվտանգությունը խստացրել:

-Անվտանգության հզորացումն իմ որոշումը չէ, այն ելնում է անվտանգության նկատառումներից:

-Դուք Ձեզ Երեւանում, խորհրդարանում անվտա՞նգ եք զգում:

-Ես վտանգ չեմ տեսել, բացի նոյեմբերի 9-10 գիշերվա այդ լարված դպքերից:

-Նաեւ քննարկվում է, որ ՏԻՄ ընտրություններում իշխանությունը մեծ մասնակցություն է ունենալու, բոլոր մարզերում  առաջադրվելու են համայնքապետեր: Կա՞ արդեն որոշում, Տավուշի մարզի Իջեւան քաղաքում առաջադրվող թեկնածու:  

-Եթե չեմ սխալվում, հոկտեմբեր ամսին Իջեւանի խոշորացված համայնքի ընտրություններ կկայանան:

-Ունե՞ք թեկնածու: Ո՞վ է լինելու:

-Ժամանակավոր պաշտոնակար ունենք, ում աշխատանքը բավարար ենք համարում, բայց կուսակցության որոշումը կլինի, թե ում ենք առաջարկելու:

-Իսկ Տավուշում գո՞հ են ձեր առաջադրած թեկնածուից:

-Համոզված եմ, որ կընտրի:

-Ձեր մարզում հիասթափություն չկա՞:

-Ինչի՞ց:

-Իշխանության վարած քաղաքականությունից: 

-Մարդկանց որոշակի շրջանակ ամեն տեղ կա, Տավուշում առանձնացված չկա:

-Շրջո՞ւմ եք մարզում: Մարդիկ ինչի՞ց են դժգոհ:

-Հետպատերազմյան շրջան է, համաճարակն է: Տավուշի մարզի խնդիրները չեն առանձնանում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊՆ-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություն է տեղի ունենալու: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում ավելանալու է տարածքային պաշտպանության եւ պահեստային ուժերի հրամանատարություն կառուցվածքային ստորաբաժանումը: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նոր կառուցվածքային ստորաբաժանման ստեղծման կապակցությամբ ՀՀ զինված ուժերի թվակազմի ավելացում չի պլանավորվել, այն իրականացվելու է այլ ստորաբաժանումների հաստիքների կրճատման եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների հաշվին: Ի դեպ, ստորաբաժանման ավելացման վերաբերյալ որոշման նախագիծը Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ է շրջանառության մեջ դրել:

 

 

ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

Հայաստանում ոչ պարենային ապրանքները թանկացել են. ArmLur.am-ը Հայաստանի Հանրապետութույան վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում ոչ պարենային ապրանքների շուկայում 9.6 տոկոս գնաճ է արձանագրվել: Բայց այս հուլիսին, հունիսի համեմատ, գրանցվել է 0.2 տոկոսի չափով գնանկում: Օրինակ՝ մեզ հայտնի դարձավ, որ մեկ ամսվա ընթացքում 3.3 տոկոսով էժանացել են ոսկերչական զարդերը: Իսկ, ահա, հագուստը մեկ ամսվա ընթացքում էժանացել է 1.4, տարբեր տեսակի կոշկեղենը՝ 1.2, դեղագործական ապրանքները՝ 0.5 տոկոսով: Ի դեպ, փոքր-ինչ, բայց նվազել են մաքրող, լվացող միջոցների, խոշոր կենցաղային սարքերի, բնակարանի նորոգման եւ սպասարկման նյութերի, կահույքի եւ կահավորանքի, գրասենյակային պարագաների գները: Բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ ապակե ամանեղենը, տնային կահ-կարասին, վառելանյութերն ու քսանյութերը թանկացել են:

Ի դեպ, թանկացումից անմասն չի մնացել դիզվառելիքի շուկան. բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 2.3 1.1 տոկոսով։ Այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի 56.8 եւ 43.6 տոկոս գնաճ:

 

 

«ՊՐԻՄԻՏԻՎ ԽԱՂԵՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ». ՆԱԶԱՐՅԱՆ

«Այս ամբիոնից ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ, լսում են մեզ՝ լրագրողներին, Հայատանի Հանրապետության քաղաքացիներին. դուք, մասնակցելուվ հունիսի 20-ի ընտրություններին, անկախ նրանից՝ որ ուժին եք ձայն տվել, յուրաքանչյուրդ մտածել եք, որ ընտրում եք մի Ազգային ժողով, որը զբաղվելու է երկրի խնդիրներով, որը ամեն ինչ անելու է այս խայտառակ իրավիճակը փոխելու համար»,- Ազգային Ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

 

«Բայց այսօր դուք տեսնում եք, թե քաղաքական մեծամասնությունը ինչ մակարդակի է. նրանք եկել են եւ այս իրավիճակում, երբ երկիրը իրենց ձեռքով քանդել են, ավիրել են, այստեղ պրիմիտիվ խաղերով ուզում են ձեզ ապացուցել, որ ընդդիմությունը այնքան ոչ միասնական է, որ չի կարողանում իր իսկ թեկնածուի օգտին քվեարկել:

Սիրելի՛ հայրենակիցներ, ես ձեզ վստահեցնում եմ, որ Իշխան Սաղաթելյանի կյանքի երազանքը չէ այսօր դառնալ ԱԺ փոխնախագահ: Մենք ծանր քննարկումներ ենք ունեցել՝ որոշելու առաջադրել թեկնածու, թե չառաջադրել, եւ որոշակի խնդիրներ լուծելու կամ երկրին ինչ-որ օգուտ տալու համար որոշեցինք՝ երեւի ճիշտը առաջադրելն է»,-ասաց նա:

Գեղամ Նազարյանը նկատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 33 ձայն. «Պարզ է, որ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ցանկանա այս խնդիրը լուծել, եթե նույնիսկ ճիշտ են ասում՝ այս խմբակցությունը անմիաբան է, բոլորով կգան, կքվեարկեն: Պարզ է չէ՞, որ նման խնդիր չեն դրել:

Երբ դեռ ամեն օր Եռաբլուրում շարունակվում են հերոս տղերքի հուղարկավորությունները, եկել են այստեղ՝ պարզագույն խաղով հերթական անգամ ձեզ խաբեն, որ, տեսեք, մենք ինչ լավն ենք, ինչ բարի ենք, իսկ այս մյուս խմբակցությունը ինչ վատն է: Որոշում կայացրեք: Այս որոշումները ձեզ մոտ շատ լավ են ստացվում: Առաջին փուլով ուզեցիք աշխարհին տեղեկացնել, որ բացակա պատգամավոր ունենք, երկորդ փուլով ուզում եք ժողովրդին ապացուցել, որ մենք անմիաբան ենք»:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ժողովուրդը խելացի է եւ ամեն բան տեսնում է. «Ճիշտ է, դուք ահագին մարդկանց խաբել եք տարատեսակ ստերով, որոնց հիման վրա էլ ձայն եք ստացել, օրինակ, որ 30 տարի առաջ արդեն Արցախը ծախել են եւ խեղճ հարիֆի ձեռքը պատերազմ եւ պարտություն են գցել: Նույն եղանակով եկել եւ շարունակում եք այստեղ, չի լինելու: Եթե այստեղ եք այսպես, բա կառավարությունում ի՞նչ եք անելու, բա Սյունիքի բարձունքները ո՞նց եք պաշտպանելու, բա Արցախի հարցը ո՞նց եք լուծելու, այս քայքայված տնտեսությունը էլի մանկապարտեզային խաղերո՞վ եք վերականգնելու. այն տղերքը, որ սահմանին կանգնած զոհվում էին, մեծապես թքած ունեին, թե մենք ինչ քաղաքական հայացքներ ունեինք, նրանք հայրենիքը իրենց կյանքով էին պաշտպանում ոչ նրա համար, որ մենք այսօր գանք այստեղ, տունտունիկ խաղանք»:

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս