Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով երեկ աշխատանքային այցով Թեհրան էր ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի նստավայրում դիմավորելով Փաշինյանին՝ Ռեյիսին հայտարարել է, որ իր երկիրը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: Նշվել է, որ Իրանը եւս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։
Իր հերթին Հայաստանի վարչապետը նշել է, թե Երեւանը պատրաստակամ է համատեղ ջանքերով շարունակել երկկողմ երկխոսությունը, առավել հարստացնել երկկողմ համագործակցության օրակարգը։ «Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի եւ ԻԻՀ-ի միջեւ ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը», – ընդգծել է Փաշինյանը։
Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական կապերի ամրապնդման, մասանավորապես՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտուն, ԵՏՄ հետ Իրանի ազատ առեւտրի ռեժիմի կիրառման, Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տրանսպորտային ու մալուխային կապի զարգացմանը, հայաստանյան «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն, գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակում էներգետիկ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Չնայած թե՛ Փաշինյանը, թե՛ Ռայիսին երեկ Թեհրանում խոսել են տարածաշրջանային խաղաղությունից, սակայն ուշադրություն է գրավում, որ բացակայում են ղարաբաղյան հակամարտության կամ հայ-ադրբեջանական սահամանին տիրող իրավիճակի կամ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ձեւակերպումները, որոնք սովորաբար առկա են Հայաստանի ղեկավարի եւ օտարկերկրյա իր գործընկերների բանակցությունների, քննարկումների ժամանակ։
44-օրյա պատերազմի ընթացքում՝ անցած տարվա նոյեմբերի 3-ին, Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով. «Իհարկե, Հայաստանի բռնազավթած Ադրբեջանի տարածքները պետք է ազատագրվեն։ Բոլոր այդ հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Ադրբեջանական Հանրապետությունը իրավասու է վերահսկել իր տարածքը, ուստի այդ բոլոր հողերը պետք է ազատագրվեն»։
Խամենեի այս հայտարարությանը հաջորդ օրն իսկ արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ բարձր գնահատանքի արժանացնելով Իրանի ղեկավարի խոսքերը։
Փաստորեն նույնաբովանդակ հայտարարություն է արել նաեւ Իրանի ներկայիս նախագահ Էբրահիմ Ռեյիսին, երբ անցած ամիս՝ հուլիսի 14-ին, պատասխանում էր Ադրբեջանի նախագահի շնորհավորանքին, որը Իլհամ Ալիեւը հղել էր հունիսի 18-ի Իրանի նախագահական ընտրություններում Ռեյիսիի հաղթանակի կապակցությամբ։
Ի դեպ, Irna-ն նույնպես հաղորդել էր Ռեյիսի այս խոսքերը, որին էլ հղում էին տվել հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ, սակայն իրանական պետական լրատվական գործակալության կայքէջում Ալիեւին ուղղված Ռեյիսի պատասխանի այս հատվածը այլեւս բացակայում է։
Նախորդ ամիսներին հայ-իրանական հարաբերություններում աչք զարնող հաջորդ հանգամանքը Իրանի նախագահների՝ Հասան Ռոհանիի, ով պաշտոնավարեց մինչեւ այս օգոստոսի 3-ը, եւ Ռեյիսիի շնորհավորանքների բացակայությունն է Հայաստանում հունիսի 21-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակի եւ օգոստոսի 2-ին վարչապետի պաշտոնում Փաշինյնաի նշանակման կապակացությամբ։ Համենայնդեպս, հունիսի 21-ից ի վեր Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունը չի հայտնել Իրանի նախագահի կողմից Հայաստանի վարչապետին ուղղված շնորհավորանքի մասին։
Ն.Հ.
ԱԶԳԱՅԻՆ ԹՇՆԱՄԱՆՔ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ազգային թշնամանք հարուցելու համար մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Մեզ հայտնի դարձավ, որ Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լրատվության միջոցն օգտագործելով, 2020 թվականի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործով կայքին տված, եւ նույն թվականի հունիսի 8-ին կայքի կողմից հրապարակված հարցազրույցով կատարել է հայերի եւ Հայաստանի Հանրապետությունում իրենց ուրույն ազգային ու էթնիկ ինքնությունն ունեցող, Հայաստանի Հանրապետությունում պատմականորեն ձեւավորված խմբի՝ ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների միջեւ ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ:
ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍԵԼ Է
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը ավելացել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 964 հազար 600 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 963 հազար էր: Այսինքն` 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության թվաքանակը 1600-ով է ավելացել:
ArmLur.am-ը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ բոլոր մարզերում, բացի Կոտայքից: Այս մարզում բնակիչների թվաքանակն ավելացել է 200-ով: Իսկ, ահա, Երեւանում բնակիչների քանակն ավելացել է 8200-ով: Մյուս կողմից՝ մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Իսկ, ահա, Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 1100-ով: Սյունիքի մարզում մեկ տարվա ընթացքում բնակիչների քանակը պակասել է 1800-ով, Տավուշի մարզում՝ 1200-ով, Շիրակում՝ 900-ով: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ իշխանությունների կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում: Փաստորեն այս երեւույթը կարծես թե չի մտահոգել եւ չի մտահոգում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար, ներկայիս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին:
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄՈՒՐԱԴՈՎԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:
ԱՆԿՈՒՄ` ՄԱԿԱՐՈՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հայաստանի վիճակագրական կոմիտեն արդեն մի քանի ամիս է, ինչ մակարոնի արտադրության ոլորտում լուրջ անկում է արձանագրում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 32.4 տոկոսով նվազել են մակարոնեղենի արտադրության ծավալները. այս տարվա վեց ամիսներին արտադրվել է 2504 տոննա մակարոն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 3703 տոննա: Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում մակարոնի որոշ արտադրամասեր փակվեն, քանի որ տեղական արտադրողները մրցակցությանը չեն դիմանում: Պատճառը դրսից ներկրվող մակարոնն է: Պարզվում է՝ շուկայում հայկական մակարոնի լուրջ մրցակից համարվում է ռուսականը, քանի որ այն ավելի էժան գնով է վաճառվում, քան տեղականը։ Մյուս կողմից` տեղական մակարոն արտադրելու համար տնտեսվարողները մեծ ծախսեր են անում. էլեկտրաէներգիայի սակագինն է բարձր, որն էլ մակարոնի արտադրության ոլորտում տեսակարար կշիռ ունի։ Արդյունքում տեղական արտադրողները խելամիտ գնով չեն կարողանում իրացնել արտադրածը եւ լուրջ ֆինանսական վնասներ են կրում:
ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ
Օրեր առաջ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Վերին Ծաղկավան գյուղի մի բնակիչ տանն ապօրինի զենք է պահում։ Ոստիկանության փոխանցմամբ` նրանք 44-ամյա տղամարդու առանձնատան շքամուտքում հայտնաբերել են ապօրինի պահվող «ԻԺ» հրացան ու փամփուշտներ։ Տանտիրոջ հայտնածով՝ հրացանը հանգուցյալ պապինն էր։ Հայտնաբերվածը փաթեթավորվել եւ ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ փորձաքննության: Դեպքի առթիվ Տավուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
ԿԽՍՏԱՑՎԻ
Նոր օրենքով կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ եւ կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ: Այս մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարությունից: ՀՀ-ում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը, դրանց օգտագործումը, վերահսկողությունը եւ համապատասխան իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը այս ոլորտում պատշաճ մակարդակի վրա չեն գտնվում: Ստեղծված իրավիճակում խնդրահարույց են մի քանի հարցեր: Յուրաքանչյուր տեսակի թվաքանակի նվազումը կամ առավել եւս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում էկոհամակարգերի ամբողջականությանը, խախտում դրանց հավասարակշռությունը, սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: