ՉՃՆՇՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ այսօր որոշում է կայացնելու շուրջօրյա հանրահավաքների հետագա ընթացքի վերաբերյալ: Այսինքն` այսօր պարզ կդառնա` ինն օր շարունակ Ազատության հրապարակում գիշերած ՀԱԿ համակիրները կգնան տո՞ւն, թե՞ աշնանային այս ոչ տաք եղանակին կշարունակեն  պայքարել Ազատության հրապարակում:  Հասկանալու համար, թե որ ճանապարհն է ճիշտ, նախ պետք է  վերլուծել, թե ի  վերջո, ինչ տվեց այս շուրջօրյա հանրահավաքը, որքանով այն ծառայեց իր նպատակին:  Բայց դրա համար նախ պետք է պարզել, թե որն էր այդ նպատակը:  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ առիթով ընդամենն ասաց. «Իշխանությունները հասկանում են միայն ճնշումների լեզուն: Մենք հարկադրված ենք ավելացնելու մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպել իշխանություններին կատարելու մեր օրինական պահանջները»: Եւ որպես այդպիսիք` ներակայացվեց ութ պահանջ: Սակայն հանրահավաքի ամեն հաջորդող օրվա հետ ավելի ու ավելի ակնհայտ դարձավ, որ իշխանությունները ոչ միայն չեն պատրաստվում կատարել ՀԱԿ-ի առաջադրած անգամ ամենանվազագույն պահանջները, այլեւ առանձնապես «ճնշված չեն» ընդդիմության  շուրջօրյա հավաքից: Այսինքն, եթե նպատակն իշխանությանը ճնշելն էր, ապա ՀԱԿ-ը ստիպված է արձանագրել, որ այս փուլում դա չստացվեց:  Իսկ դրա գլխավոր պատճառներից մեկն էլ, մեր կարծիքով, այն էր, որ դիմելով այնպիսի արմատական քայլի, ինչպես շուրջօրյա հանրահավաքն է կամ նստացույցը, ՀԱԿ առաջնորդը միեւնույն ժամանակ հայտարարեց, որ իրենք մաքսիմալիստ չեն եւ պատրաստ են շարունակել երկխոսությունն իշխանությունների հետ: Ողջունելով հանդերձ Լեւոն Տեր-Պետրոսյանի  մարդկայնորեն լայնախոհ այս մոտեցումը` միեւնույն ժամանակ չենք կարող չարձանագրել, որ հանրության համար ոչ մաքսիմալիստ արմատականությունն այնքան էլ հասկանալի չէ: Եւ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կողմից ավազակներ ու տականքներ է անվանում Սերժ Սարգսյանի ռեժիմին, կամ էլ ֆաշիստական որակում իշխող հանրապետական կուսակցությունը, բայց մյուս կողմից էլ հայտարարում, որ պատրաստ է նրանց հետ երկխոսել, սկիզբ են առնում ՀԱԿ առաջնորդի կեցվածքի տարընթերցումներն ու իշխանական քարոզչության ջանքերով էլ ավելի  ամրապնդվող տարակուսանքը: Ի վերջո, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ այս իշխանությունները հասկանում են միայն  ճնշումների լեզուն եւ որպես ճնշման գործիք` ապավինում է հանրության աջակցությանը, ապա նա պետք է հաշվի առնի ՀԱԿ-ի եւ առհասարակ արմատական ընդդիմության  մասին նույն այդ հանրության կարծրատիպային պատկերացումներն ու սպասելիքները:  Իսկ այսպես ՀԱԿ-ի կեցվածքն ինչ-որ տեղ հիշեցնում է Րաֆֆի Հովհաննիսյանի գարնանային անհասկանալի ծոմապահությունը:




Լրահոս