Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարը, օգտագործելով Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքը, 2021թ. հունիսի 8-ին զանգահարել և պարտադրել է համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին՝ անձամբ և աշխատակիցների հետ մասնակցել 2021թ. հունիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք նախընտրական քարոզչությանը:

Այնուհետև, նշված ուսումնական հաստատության տնօրենը և մի քանի աշխատակիցներ համայնքային իշխանության մարմինների կողմից ոչ բարեհաճ վերաբերմունքին չարժանանալու համար, հարկադրված մասնակցել են հիշյալ դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։




Լրահոս